20.12.2010 թ.
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի Խորհրդի նիստ,
որին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգում Խորհրդի նախագահի ընտրություն հարցն էր։ Նիստը վարել է
Խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա
ներկայացրել է բարձրագույն ուսումնական հաստատությունների Խորհուրդների
ձևավորման կարգը, այնուհետև առաջարկել է առաջադրել համալսարանի խորհրդի
նախագահի թեկնածուներ։
«Այսօր շատ կարևոր հիշարժան օր է, քանի որ օրերս վարչապետի որոշմամբ
ձևավորվել են բուհերի խորհուրդների կազմերը, և այս համալսարանում այսօր
անդրանիկ ընտրություններն են ընթանում»,- ասել է Արմեն Աշոտյանը։ Տեղում
հնչած առաջարկությունների հիման վրա կազմավորվել է երեքհոգանոց ընտրական
հանձնաժողով: Խորհրդի նախագագի թեկնածուներ են առաջադրվել վարչապետ Տիգրան
Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Բաց քվեարկությամբ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ խորհրդի նախագահ է
ընտրվել Տիգրան Սարգսյանը։ «Կարծում եմ, որ Մանկավարժական համալսարանի
առաքելությունն այսօր կարիք ունի էլ ավելի արժևորվելու»,- ասել է
վարչապետը` ավելացնելով, որ ինքը հենց այդ հանգամանքով է պայմանավորում
քաղաքական թիմի կողմից այդ հարցի քննարկումը և այդ քաղաքականության մեջ
հանրային որոշակի փոփոխությունների անհրաժեշտության հանգելու փաստը։ «Այս
ընտրություններում երկրի վարչապետի թեկնածությունն առաջադրելն արդեն ասում
է, որ պետությունն ուզում է ուշադրության կենտրոնում պահել այս
համալսարանը»,-նշել է Տիգրան Սարգսյանը` հենց Մանկավարժական համալսարանի
ընտության փաստը բացատրելով, որ այն առաջին հերթին պայմանավորված է կրթական
համակարգի իրականանալիք բարեփոխումների շարքում պետության կողմից
մասնավորապես մանկավարժությունը առավել կարևորելու հանգամանքով։ Վարչապետի
խոսքով` բարփոխումների առանցքը պետք է լինի նոր հասարակության ստեղծումը`
հիմնված գիտելիքների վրա։ «Տնտեսական, քաղաքական բարեփոխումներն սկսենք
կրթական համակարգից, որովհետև ինչպիսին լինի երկրի կրթական համակարգը,
այնպիսին կլինի երկրի ապագան»,- ասել է Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ
արմատական փոփոխությունների տեսանկյունից է պետք կարևոր այս համալսարանի
գործունեությունը։
Հանձնաժողովի նախագահ Հրավարդ Հակոբյանը համալսարանի Խորհրդի նորընտիր
նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանին հանդիսավորությամբ հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Խորհրդի
նախագահի խորհրդանշական շքանշանը։
Համալսարանի Խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը
շնորհակալություն է հայտնել վստահության համար և, կարևորելով համալսարանի
դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում, անդրադարձել է
հանրապետության կրթական համակարգ բարեփոխումներին. «Ցանկանում եմ, որպեսզի
Հայաստանի Հանրապետությունում փոխվի վերաբերմունքը մանկավարժական
համալսարանի նկատմամբ, որպեսզի մանկավարժական համալսարանը չդիտարկվի
համալսարանների շարքում երկրորդ, երրորդ աստիճանի համալսարան»:
Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Մեր բարեփոխումների իմաստը,
էությունը կայանում է նրանում, որ Հայաստանում ստեղծենք գիտելիքահեն
հասարակություն: Իսկ դա նշանակում է, որ մենք արագ փոփոխվող աշխարհի այդ
ըմբռնումը, որը հիմնված է գիտելիքի ստեղծման վրա, այդ ըմբռնումը մենք ձեզ
հետ միասին պետք է հաղորդենք դպրոցից: Ինչպիսին կլինեն մեր ուսուցիչները,
այնպիսին կլինեն մեր աշակերտները դպրոցում, և այդպիսին կլինի Հայաստանը 10
տարի հետո: Եթե մենք ցանկանում ենք առարկայական պատկերացնել, թե ինչպիսին է
լինելու Հայաստանը 10-20 տարի հետո, մենք պետք է այցելենք մեր դպրոցները,
տեսնենք` ինչպես և ինչ ենք դասավանդում, ինչպիսի ընկալումներ կան
աշակերտների մոտ, և ես համարում եմ, որ դա թիվ մեկ խնդիրն է մեր կրթական
բարեփոխումների ընթացքում»: