՛՛ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ՛՛ կենսագրական հանրագիտարան
ՄԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀՊՄՀ 1988 թ-ի շրջանավարտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՀԱՅԿԱՐԱՄԻ /ծն. 02.11.1963 թ., Երևան/, ՀՀ դիվանագիտական առաջին դասի առաջին քարտուղար, Երևանի Մյասնիկյանի շրջխորհրդի պատգամավոր /1991-1995 թթ-ին/: 1981 թ. ավարտել է Երևանի թիվ 157 միջնակարգ դպրոցը, 1988 թ.՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, 1993 թ.՝ Նիդերլանդների Թագավորության Քլինգենդայլի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երիտասարդ դիվանագետների դասընթացը, 2001 թ.՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ԱՊՀ հետ տեխնիկական աջակցության եգիպտական հիմնադրամի դասընթացը: 1981-1982 թթ-ին եղել է Երևանի ժամացույցի գործարանի բանվոր, 1982-1984 թթ-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բանվոր, 1988-1990 թթ-ին՝ ՛՛Գառնի՛՛ գործարանի ՛՛Անի՛՛ բազմատպաքանակ թերթի գրական աշխատող, 1990-1992 թթ-ին՝ ՛՛Հայաստանի Հանրապետություն՛՛ պաշտոնաթերթի մեկնաբան-թղթակից, 1992-1993 թթ-ին՝ ՀՀ հեռուստապետվարչության ՛՛Ռադիո-09՛՛ գործակալության մշակույթի մեկնաբան: 1993 թ-ին աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: 1993-2002 թթ-ին եղել է մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության կցորդ, երրորդ, ապա՝ առաջին քարտուղար, 2002-2006 թթ-ին՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, միաժամանակ՝ հյուպատոս, 2006-2008 թթ-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար, 2008-2011 թթ-ին՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, 2009 թ-ից՝ խորհրդական, միաժամանակ՝ հյուպատոս: 2011 թ-ին նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչի պաշտոնակատար, խորհրդական, ՀՀ և Ղազախստանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար: Ուսանողական տարիներից ստեղծագործում է: Բանաստեղծությունները տպագրվել են ՛՛Մանկավարժ՛՛ թերթում, այլ թերթերում և ամսագրերում: 2013 թ-ին հրատարակել է բանաստեղծական առաջին ՛՛Արևը կապույտի մեջ՛՛ գիրքը:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձմեռ է ու ձյուն է դրսում. Ու անկոչ, անհաճո մի ցուրտ` Իր սառցե հայացքը դեմքին, Անշարժ մեխվել է տեղում: Կապույտ, պարզկա երկնքում Արևն է անկրակ փայլփլում, Որն, ասես, դողում է, մրսում Այս բիրտ սառնության բանտում: Կանգնել եմ մեն-մենակ դրսում Ու ցրտից այտերս են խանձվում. Փողոցը դատարկ է, ամայի Ու չկա ոչ մի շունչ կենդանի: Ձմեռ է ու ձյուն է դրսում. Ու անկոչ, անհաճո մի ցուրտ` Իր սառցե հայացքը դեմքին, Անշարժ մեխվել է տեղում:
*** Թուխ ամպերի մեջ նստել ես, արև, Մի պահ ննջում ես, նորից արթնանում, Հոգնած է տեսքդ, ուրախ չես ժպտում, Ու առաջվա պես մեզ չես ջերմացնում: Դեռ հոկտեմբերն է, դեռ ուշ չէ, արև, Բոցկլտա նորից տեսքով տիրական, Ու մեր աչքերը, թող քեզ նայելիս` Կկոցվեն մի պահ առաջվա նման: Լույսի մեր աղբյուր, լցվիր շարունակ, Անհուն տաքությամբ, քո բոցով կրակ, Թող աչքերը մեր անդադար տեսնեն, Երկինքը Հայոց` կապույտ, անհատակ: Թող աչքերը մեր անդադար տեսնեն, Քո վառ պատկերը հայրենի հողում, Որ ուրախ ապրի, որ զվարթ լինի, Հայ մարդու սիրտը` լիքը հոգսերով:
12.10.2012 թ.
*** Քո տաք ու ջերմ համբույրներով Ինձ քնքշությամբ սիրիր նորից, Թող ուշքի գամ ու արթնանամ` Գարնանային իմ աչքերով: Թող ես նայեմ ամեն գիշեր Քո աչքերին` կանաչ ու լուրթ, Բայց չխոսեմ ու լուռ մնամ, Որ բարձրանամ մինչև երկինք: Թող ես ննջեմ կրծքիդ վրա` Միշտ երջանիկ ու անվրդով, Որ տաքանա սիրտս նորից Ու խաղաղվի ներսից, դրսից: Թող այս կյանքի ամեն օրը` Լինի քաղցր ու սիրաշունչ, Որ գամ, կանգնեմ միշտ քո առաջ` Նոր- նոր բացված վարդի բույրով:
26.09.2012 թ.
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ Այսօր պիտի խոստովանեմ. Ծանրացել է սպասումներիս կծիկը: Այսօր պիտի խոստովանեմ. Որ դու դարձյալ մի կարոտ ես գաղտնագույն` Հայացքիս մեջ զսպված: Որ դու դարձյալ երազներիս այցելուն ես` Գիշերային ժամերի: Դու լուսինն ես` արծաթ լույսով հեղեղված Որ հայտնվում, թաքնվում է մութ ամպերի ետևում: Քո պատճառով ես խավարն եմ սողացող, Արցունքների թաց շղարշ եմ ու հեղեղ: Այսօր պիտի խոստովանեմ, Որ շուրթերս չեն դադարել քեզ կանչելուց Որ եկել եմ լռությունդ խախտելու, Կործանելու լքվածությունս վերին, Կործանելու ունայնությունս անափ: Այսօր պիտի խոստովանեմ, Որ եկել եմ, չզարմանաս, Կարոտներիս ուժով` Կապկպվելու քեզ աննահանջ:
11.02.1989 թ.
Դու Դու ապրել գիտես Այս կյանքում միայն Սովոր ճշմարտին: Դու կանգնել գիտես Քամիների դեմ` Մենակ, դեմառդեմ: Դու նայել գիտես Պայծառ արևին Քաղցր գգվանքով: Սավառնել գիտես Կապույտ հեքիաթի Ծով- անուրջներում: Դու նաև գիտես Եվ սիրուց այրվել, Ցավից գալարվել: Ու սպասել գիտես Անհուն կարոտով Միշտ լավ օրերին: Դու գիտես ապրել …
*** Փառք ու պատիվ քեզ, Մայր հողի զավակ, Հայրենիքի զինվոր, Որ կանգնել գիտես Գոռ ալիքի պես Բարձրիկ լեռներով, Խորունկ ձորերով, Ձգվող ու անցնող Մեր հայոց հողի Սահմանի վրա: Փառք ու պատիվ քեզ, Մայր հողի զավակ, Հայրենիքի զինվոր, Որ պատրաստ ես միշտ Անքուն, անհագիստ, Քարեղեն սրտով, Առանց հուզմունքի, Քո բողբոջ կյանքով Պաշտպանել մեր սուրբ Հողը հայրենի: Փառք ու պատիվ քեզ, Մայր հողի զավակ, Հայրենիքի զինվոր. Դու ես, միայն դու` Հավատն ու հույսը Մեր վաղվա օրվա:
*** Սա մի ճամփա է, որ պիտի անցնես Ե՛վ սրտով տխուր և՛ սրտով ուրախ, Սա մի ճամփա է, որ պիտի անցնես` Գտնել-կորցնելով, գտնել-կորցնելով: Սա մի ճամփա է, որ պիտի անցնես` Ցավից, կարոտից անվերջ այրվելով, Սա մի ճամփա է, որ պիտի անցնես` Սեր ու տառապանք քեզ չհորինելով: Սա մի ճամփա է, որ պիտի անցնես` Մութ խավարի դեմ լույսը սփռելով, Սա մի ճամփա է, որ պիտի անցնես` Սխալիդ համար ներում հայցելով: Սա մի ճամփա է, որ պիտի անցնես` Ե՛վ քաղցր, և՛ դառը հուշերի միջով, Սա մի ճամփա է, որ պիտի անցնես` Հավատդ, երազդ քեզ թողնելով…
17.02.2013թ.
|