«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #177, 06-10-2011ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈՙ ԷԴՎԱՐԴ ՍՏԵՓԱՆԻ ԹՈՓՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ Կոմիտասի
անվան կամերային երաժշտության տան հարկի տակ հավաքվել էին մտավորականներ,
արվեստագետներ, սփյուռքից հյուրեր, տոնելու եւ մեկ անգամ եւս գնահատելու
գրականագետ, Հայաստանի գրողների միության երկարամյա պետական-հասարակական
գործիչ Էդվարդ Ստեփանի Թոփչյանի ծննդյան 100-ամյակը եւ նրա բեղմնավոր
գործունեությունը: ՀՀ մշակույթի նախարարության ՀԳ միության եւ Թոփչյանների
ընտանիքի կազմակերպած հոբելյանական երեկոն յուրօրինակ էր, քանզի երեկոյի
գեղարվեստական մասը ներկայացրեցին Թոփչյանների ընտանիքի անդամները: Սակայն
այդ մասինՙ նյութի վերջում: Բացման խոսքով հանդես
եկավ ՀԳ միության վարչության նախագահ Լեւոն Անանյանը եւ անվանի
գրականագետին ներկայացնելով ասաց. «Նա համեստ մի անհատականություն էր,
պատկառելի իր անցած կյանքի ուղիով: Էդ. Թոփչյանն իր ժողովրդի անցած
ճանապարհիՙ անցած դարի 10-ականներից մինչեւ 70-ական թվականների կեսերը, այդ
ճանապարհի յուրատեսակետ ե՛ւ կրողն էր, ե՛ւ կերտողը, ե՛ւ մասնակիցը, որն իր
կյանքի բոլոր դրվագներով մեզ էր ներկայացնում մի ամբողջ դարաշրջան: Նա
կարողացավ իր կյանքով ե՛ւ ժամանակի մեջ, ե՛ւ պատմության մեջ եւ այդ
թվականների գրականության տարեգրության մեջ թողնել անջնջելի հետքեր,
մասնակցեց պատերազմին, այնուհետեւ վերադարձավ ու վարեց տարբեր պաշտոններ:
Մանկավարժությունից զատ, Թոփչյանը գրական մամուլի խմբագիր էր ու նաեւ
հասարակական լայն գործունեություն էր ծավալում...»: Այնուհետեւ Էդ.
Թոփչյանի գործունեության ու թողած արժեքավոր գրական ժառանգության մասին
խոսեցին գրականագետներ Ազատ Եղիազարյանը, Սուրեն Դանիելյանը, բանաստեղծներ
Դավիթ Հովհաննեսը, Արտեմ Հարությունյանը, Էդվարդ Միլիտոնյանը: Բոլոր
ելույթներում շեշտվում էր ու ընդգծվում Էդվարդ Թոփչյան-գրականագետի,
հրաշալի մարդու արժեքավոր դերն ու նշանակությունը հայ գրական անդաստանում:
Նա 21 տարի անընդմեջ ղեկավարելով Հայաստանի գրողների միությունը, որեւէ
գիրք չհրատարակեց, եւ չհասցրեց գրել գրաքննադատական շատ հոդվածներ: Միայն
իր մահվանից հետո որդիներըՙ Ստեփան եւ Ալեքսանդր Թոփչյանները հավաքեցին
իրենց հոր թողած գրական ժառանգությունը ու երկհատորյակ հրատարակեցին: Էդվարդ
Ստեփանի Թոփչյանն ապրեց ընդամենը 64 տարի ու թողեց լուսավոր անուն, թողեց
գերդաստան, որի անդամներն այսօր իրենց պապի, իրենց հոր ժառանգությունը
կրողներն են ու շարունակողները, թոփչանական տոհմի անունը կրողները: Գրաքննադատ,
արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը շնորհակալություն հայտնեց բանախոսներին,
որոնք մանրամասն ներկայացրեցին Էդ. Թոփչյան գրականագետին ու մարդուն:
Այնուհետեւ նա անդրադարձավ հոր գրական գործունեությանը եւ նշեց, որ նրա
թողած արժեքավոր ժառանգությունը դեռ ուսումնասիրելու, հրատարակելու կարիք
ունի, որը կդառնա ուղեցույց եւ ղեկավար պաշտոնյայի եւ թե գրական կյանք
մտնող երիտասարդ գրողի, գրաքննադատի համար: Ելույթներից
եւ զեկույցներից հետո բեմը տրամադրվեց դերասանուհի Անահիտ Թոփչյանին, որ
ներկայացրեց Ալ. Թոփչյանի «Փառանձեմ թագուհին» մոնոներկայացումից մի
հատված: Իսկ կրտսեր Էդվարդ Թոփչյանը, այժմՙ Հայաստանի ֆիլհարմոնիկ
նվագախմբի գլխ. դիրիժոր եւ գեղղեկ, որը ընդամենը 4 տարեկան է եղել, երբ
պապիկը վախճանվել է, նրա հիշատակին հրավիրել էր հայտնի երաժիշտներիՙ Դայշին
Կաշիմոտոՙ ջութակ (Ճապոնիա), Ալեքսանդր Չաուշյանՙ թավջութակ (Մեծ
Բրիտանիա), Սամվել Բարսեղյանՙ ալտ (Գյուլբենկյան նվագախմբի մենակատար),
Վահան Մարտիրոսյանՙ դաշնամուր, Կարմեն Թոսունյանՙ ջութակ, Անուշ
Նիկողոսյանՙ ջութակ: Նրանք կատարեցին Շումանի կվինտետից 2-րդ մասը եւ
ռապսոդիան: Միջոցառումից հետո մտավորականները դեռ երկար հուշեր ու
պատմություններ էին պատմում Էդվարդ Թոփչյանի մասին: |