ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
11.10.2010 թ.
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտխորհրդի դահլիճում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ,,Առաքելություն Արևելք,, դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և ,,Հույսի կամուրջ,, հաշմանդամ երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց ,,Դեպի կրթություն բոլորի համար,, ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ,,Առաքելություն Արևելք,, կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդուկլյանը, ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը:
,,Դեպի կրթություն բոլորի համար,, ծրագիրը հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ,,Կրթություն բոլորի համար,, հռչակագրի, ՄԱԿ-ի ,,Երեխաների իրավունքների,, և ,,Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների,, կոնվենցիաների, ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև ՀՀ կրթության ոլորտը կարգավորող օրենքների և իրավական ակտերի վրա: Հուշագրի ստորագրությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստանձնեց ծրագիր արդյունավետ իրականացման գործընթացը` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ներառական կրթության ուղղությամբ ձեռքբերումները արդիականացնելու, կատարելագործելու, գործնականում կիրառելու, ինչպես նաև հիմնախնդրով զբաղվող կազմակերպությունների և Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ միջև համագործակցությունը խթանելու ուղղությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը նշեց, որ հուշագրի ստորագրումը կարևոր է ոչ այնքան բարձրագույն կրթության բարեփոխումների տեսակետից, որքան ևս մեկ քայլ է նպատակաուղղված Հայաստանում յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի լիարժեք իրականացմանը և իրագործմանը:
Նույն տեղում փոխըմբռնման ևս մեկ հուշագիր կնքվեց ,,Առաքելություն Արևելք,, կազմակերպության, ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի միջև: Եռակողմ այս հուշագրով ՀՊՄՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնում ներհամալսարանական համապատասխան մասնագիտական ներուժի ներգրավմամբ սատարել և աջակցել հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությանն ու բազմակողմ զարգացմանը` իբրև հասարակության լիարժեք և լիիրավանդամներ` ապահովելով բոլորի կրթության հասանելիությունը և համապատասխան որակը: Համալսարանի ռեկտոր Ռ.Միրզախանյանը նշեց, որ ՀՊՄՀ-ն ի սպաս կդնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների մասնագիտական հմտություններն ու կարողությունները` խթանելու և կյանքի կոչելու ,,Դեպի կրթություն բոլորի համար,, ծրագրի դրույթները:
Սեփական լրատվություն
|