ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՅՈՒՐԸ
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ԷՐ
Ապրիլի 26-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Օրվա հյուրն էր Մայր Աթոռի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի վերակացու Արթուր Սարկավագ Արամյանը: Նա «Հայր մերով» ողջունեց հանդիպման մասնակիցներին:
Տիգրան ՊետրոսՅանցը իր խոսքում նշեց, որ ՀՊՄՀ գիտական գրադարանը Արթուր Սարկավագի հետ արդեն երեք տարվա բարեկամություն ունի և կարևորում է, որ գրական ակումբի անդամ ստեղծագործող երիտասարդների համար ևս շատ կարևոր է հանդիպումը և ուղղակի շփումը հոգևոր դասի ներկայացուցիչի հետ: Այդպես երիտասարդներն առավել կկապվեն սեփական ժողովրդի հոգևոր արմատների հետ, իրենց ստեղծագործություններում առավելս ներկայացնելով ազգայինը:
Արթուր Սարկավագ Արամյանը խոսեց հայոց շարականների, դրանց կանոնական ու պարականոն տեսակների, դրանց հեղինակների մասին: Նրա ամբողջ խոսքը ցուցադրվում էր էկրանի վրա ու ավելի տեսանելի և ընկալելի էր: Որոշ շարականներ նա ներկայացրեց նաև երգի տեսքով: Հոգևորականի խոսքին հաջորդեցին գրական ակումբի անդամների հարցերը, որոնց ևս տրվեցին հանգամանալից պատասխաններ:
Խոսեց նաև Վազգենյան հոգևոր դպրանոցի 1-ին կուրսի ուսանող, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի 2013 թ-ի շրջանավարտ, նկարիչ Մարզպետունի Խուդավերդյանը: Նա նշեց, որ հոգևոր կրթության մասին ինքը մտածել է համալսարանի ուսանող լինելու ամբողջ ընթացքում և հիմա, երբ Վազգենյան հոգևոր դպրանոցի սովորող է, համոզվել է, թե որքան կարևոր է նախնական կրթությունը, սովորելը, սոցիալականացումը, որ գալիս է առաջին հերթին կրթության ճանապարհով: Դիմելով ակումբի անդամներին նա մասնավորապես ասաց. «Իմ շատ սիրելի ընկերներ, մեկ տարի առաջ ես էլ ձեր հետ այս համալսարանի ուսանող էի: Ուրախ եմ, որ այսօր իրականություն եմ դարձնում իմ երազանքը և ստանում եմ հոգևոր դաստիարակություն: Հոգևոր մտածողությունն ու նկարչությունը միասնական ու ներդաշնակ զգացողություն են և ես թեմա չեմ փնտրում, երբեմն նկարում եմ նաև դասերի ժամանակ: Հիմա եմ նաև հասկացել, թե համալսարանում սովորելու ընթացքում ինչքան անպիտան բաների վրա եմ ժամանակ վատնել: Ու հաշվի առնելով այդ՝ ձեզ կոչ եմ անում շատ կարդալ և սովորել: Այս տարիքում ձեր կուտակելիք գիտելիքը ձեր ամենամեծ հարստությունը կլինի»: Հավելումն իր խոսքի նա հանդիպման ընթացքում կատարած մատիտանկարները նվիրեց «Չորեքշաբթի» գրական ակումբին:
Օրվա հանգույն գրական ակումբի անդամներ Հրաչյան, Միշան, Արմենուհին ներկայացրեցին մի շարք երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|