Աշոտ Աջամօղլյան. Այս գիրքը կարծես զավակի ծնունդ լիներ
28.11.2012
Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ ՀՊՄՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանի ՛՛Վերելք Արարատ՛՛ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, հյուրեր ԵՊՀ-ից, դասախոսներ և ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, գրքի խմբագիր Տիգրան Պետրոսյանցը: Վերջինս կարևորեց գրքի լույսընծայումը` համարելով այն և գիտական, և հանրամատչելի աշխատություն. ՛՛Օտարները հիացել են Արարատով, երբեմն այն անվանել ՛՛լեռների լեռ»՛՛ կամ ՛՛սարերի սար՛՛: Այս գրքի ընթերցողը ականատես կլինի մոտ մեկ դարի ընթացքում կատարված վերելքների ողջ ընթացքին ու հաղթահարած դժվարություններին՛՛:
Գրքի հեղինակ Աշոտ Աջամօղլյանին շնորհավորանքի խոսքեր ասացին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոսներ Արամ Ավագյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, երկրաբան Կարապետ Վարդանյանը, գործընկերներ Միքայել Մանուկյանը, Բորիս Մնացականյանը, Աշոտ Գալստյանը, մագիստրոս Շողիկ Սահակյանն ու պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը: Վերջինս պատմաբանի անվրեպ հայացքով ներկայացրեց ՛՛Վերելք Արարատ՛՛ աշխատությունը` նշելով, որ, այնուամենայնիվ, դժվար է խոսել Արարատ լեռան մասին. այն հայ ժողովրդի համար ունի անանց նշանակություն: Խոսելով գրքի ստեղծման մասին` հեղինակն անդրադարձավ 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի` դեպի Արարատ կազմակերպած վերելքի մասին, երբ 35 երկրների պատվիրակներից մի քանիսին` այդ թվում նաև Հայասատանի ներկայացուցիչներին, թուրքական կառավարությունը մերժել է բարձրանալ Արարատ:
՛՛Այդ օրվանից հոգիս ալեկոծվում էր: 2010 թվականին վերջապես ճանապարհորդեցի պատմական Հայաստանում: Բարձրանալով Արարատի լանջերով՝ գործնականում համոզվեցի, որ Արարատն է ՛՛լեռների լեռը՛՛,-հիացմունքով նշում է գրքի հեղինակն ու ավելացնում. ՛՛Բնասեր, թե ճանապարհորդ, զբոսաշրջիկ թե լեռնագնաց, ով առաջին անգամ հյուրընկալվում է հայկական գեղեցիկ բնաշխարհում, անմիջապես հետաքրքրվում է իր առջև հառնող երկնասլաց առասպելական Արարատ լեռով, որի ուսումնասիրման կարևորագույն ժամանակաշրջանը 19-րդ դարն է՛՛: Գրքում առանձնակի տեղ է հատկացված հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանին, որը 1829 թվականին Ֆ.Պարրոտի, իսկ 1845 թվականին՝ Հ. Սեյմուրի հետ բարձրացել է Արարատի գագաթը: Համառոտ ներկայացված են նաև Արարատի երկրաբանական ու ֆիզիկաաշխարհագրական նկարագիրը, լեռ բարձրացած գիտնականների դիտարկումները՝ կապված 1840 թվականի հունիսի 20-ի երկրաշարժի հետ:
Նշենք, որ շնորհանդեսն ուղեկցվում էր նաև Մանկավարժական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի աշխատակից, քարտեզագիր Տիգրան Բաբայանի` ՛՛Արևմտյան Հայստանը լուսանկարներում՛՛ խորագրով լուսանկարների ցուցադրությամբ:
|