Նշանավոր օտարեկրացիները Հայոց Ցեղասպանության մասին
22.04.2013
Մանկավարժական համալսարանի հայ գրականության դասավանդման մեթոդիկայի ամբիոնի, մշակույթի կենտրոնի, գիտական գրադարանի նախաձեռնությամբ գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում կայացավ «Սև գիրք. նշանավոր
օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց Ցեղասպանության մասին» գրքի
ռուսերեն հրատարակության շնորհանդեսը: Շնորհանդեսին
ներկա էին գրքի հեղինակ, գրականագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը, ՀՀ ԱԳ
փոխնախարար Շավարշ Քոչարյանը, գրքի հայերեն տարբերակի խմբագիր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ,
պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչ Արամ
Կարապետյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ և ուսանողներ: Կարևորելով
գրքի օտարալեզու հրատարակություններն ու դրանցից մեկի շնորհանդեսը
Մանկավարժականում` բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ռուբեն Միրզախանյանը նշեց. «Ընդամենը երկու տարի անց կլրանա Մեծ Եղեռնի
100-ամյա տարելիցը.«Սև գիրք»-ն այդ առումով ունի բացառիկ կարևոր և ազգային
նշանակություն: Օտարազգի մեծագույն հեղինակություններն այս գրքում անկեղծ,
որոշակի շեշտադրումներով և լուրջ գնահատականներ տալով են խոսում մեր
ժողովրդի մեծագույն ողբերգության մասին: Վստահ եմ` գրքի այլ
լեզուներով`հատկապես թուրքերեն և անգլերեն հրատարակությունները
հնարավորություն կտան ևս մեկ անգամ ադրադառնալ, վերլուծել, մեր
մոտեցումներն ու գահատականները տալ Մեծ Եղեռնին»: Խոսելով
մեր երկրում և դրա սահմաններից դուրս Ցեղասպանության մասին անցկացվող
գիտաժողովների, հրապարակումների մասին` բուհի ռեկտորը ցավով
նկատեց. «Մեզանում դեռևս կան մարդիկ, ովքեր տեղեկացված չեն այդ ոճրին.
Օսմանյան կայսրության կողմից կատարվածի մասին պետք է խոսել պարզ և
մատչելի`ի լուր հայ ժողովրդի և աշխարհի»: ՀՀ ԱԳ
փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընգծեց` գրքում շարադրված յուրաքանչյուր
տողատակում հայի ցավն է. «Ժամանակակից Թուրքիան առաջնորդվում է
Ցեղասպանության ժխտմամբ և մարդատյաց քաղաքականությամբ. նրանք
շարունակում են կրել Օսմանյան կայսրության գաղափարախոսությունն ու
մերժում ժամանակակից աշխարհի արժեքները»: Փոխնախարարը վստահեցրեց` ամեն ինչ կանեն գիրքն այլ լեզուներով տպագրելու, առավել մասսայական դարձնելու համար: ՀՀ
ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը վստահ է` փաստերով հարուստ և
չափազանցություններից զուրկ «Սև գիրք»-ը բացահայտում է Ցեղասպանության
իրականացման դրդապատճառերն ու կատարվածի մասին տալիս իր գանահատականը: Ակադեմիկոսը
կարծում է, որ զգացմունքային զեղումներով, իրավական, ժամանակագրական,
պատմագրական փաստաթղթերով հագեցած այս գիրքը 1915 թվականին կատարվածը
տեղափոխում է իրավական տիրույթ, որը կարող է դառնալ Հայկական հարցի
լուծման կարևոր պայման. «Ժամանակն է պատմական անցյալը ճիշտ ներկայացնել
աշխարհին.այն որակավորումները, որոնք տեղ են գտել այս գրքում ապացուցում
են` ցեղասապանվեց քաղաքակիրթ և բարձր գիտակցության ունեցող ժողովուրդ»: Գրքի հայերեն տարբերակի
խմբագիր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս
Հովհաննիսյանն խոստովանեց`գրքի ստեղծման պահին թերահավատ էր` Ալբերտ
Իսոյանը գիրքը ստեղծում էր միայնակ: Անցնելով խմբագրի իր
պարտականություններին` վերապրել է 1915-ի ամբողջ դժոխքն ու արհավիրքը` այլ
կերպ նայելով հայի պատմությանը: Վերջինս ուրախ է` գրքի նկատմամբ անտարբեր և
ուրացումի այս օրերին Մանկավարժականում մեծարում են գիրքը` փաստելով`
այն կա, անհրաժեշտ է` պարզապես պետք են հեղինակներ: Գրքի
հեղինակ Ալբերտ Իսոյանը, ով նաև Մանկավարժականի շրջանավարտ է, գրքի
շնորհանդեսը հարազատ կրթօջախում յուրահատուկ քննություն համարեց:
Անդրադառնալով գրքի ստեղծման նախապատմությանը` հեղինակը նկատեց` ռուսերեն
տարբերակում, ի տարբերություն հայերենի, ավելացվել են ևս 34 նոր
հեղինակներ: Գրականագետը ուրախությամբ նշեց, որ առաջիկայում գիրքը լույս
կտեսնի նաև արաբերեն, իսպաներն և այլ լեզուներով: Շնորհանդեսի
ընթացքում ցուցադրվեց նաև Մանկավարժական համալսարանի դասախոս, ռեժիսոր
Խաչիկ Չալիկյանի` համանուն` «Սև գիրքը» կարճամետրաժ ֆիլմը: Նշենք,
որ Հայոց Ցեղասապանության 100-ամյակին նվիրված «Սև գիրք. նշանավոր
օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց Ցեղասպանության
մասին» նյութերի ժողովածուն ներկայացնում է 1894-1923 թթ-ին հայ ժողովրդի
պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ նշանավոր
օտարերկրացի դիվանագետների, պետական-քաղաքական գործիչների, գրողների,
պատմաբանների, միսիոներների զեկուցագրերը, ելույթները, հոդվածները
թուրքական ոճիրների և հայոց ցեղասապանության մասին: Ի դեպ, գրքի մեկենասն է ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանը: http://armspu.am/news/n/1896/ln/am
|