Քննարկվեցին ուսումնական պրակտիկայի խնդիրները
18.10.2012
Մայրաքաղաքի դպրոցների և
նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենները Մանկավարժական
համալսարանում բուհի ղեկավարության մասնակցությամբ քննարկեցին
ուսումնական հաստատություններում Սկզբնական կրթության ֆակուլտետի 1-ին
կիսամյակի մանկավարժական պրակտիկայի արդյունքները, ընթացքը. մշակվեցին
դրանց զարգացման հեռանկարները: Իր
ձևաչափի մեջ առաջին անգամ անցկացվող կլոր սեղանի ընթացքում ՀՊՄՀ
Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ,
պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց բուհի նոր ռազմավարությունն ու
ուսումնական պլանների վերանայման կարևորությունը` նշելով պրակտիկայի
դերակատարման և նորովի անցկացման անհրաժեշտությունը: «Պրակտիկան
ապագա մանկավարժի` մասնագիտանալու հիմնական բաղադրիչն է: Նախատեսվում է
ավելացնել պրակտիկայի ժամաքանակը. շուտով պատրաստ կլինի նաև պրակտիկայի նոր
փաթեթը: Պետական ավարտական քննություններին ևս կարևորվելու է պրակտիկայի
գնահատականը: Կստեղծվեն հանձնաժողովներ, որոնք կհետևեն այդ
աշխատանքներին»,-նշեց Մհեր Մելիք-Բախշյանը: Թե ինչպե՞ս կանցկացվի պրակտիկան մագիստրատուրայում, պրոռեկտորը դժվարանում է ասել, բայց վստահ է` այն կկրի գիտահետազոտական բնույթ: Կրթական
հաստատությունների տնօրենները իրենց զարմանքն ու գոհունակությունը
հայտնեցին մանկավարժականի ուսանողների պատրաստվածության և գիտելիքների
վերաբերյալ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
տնօրեն Աշոտ Բլեյանը հաճելիորեն զարմացած է մանկավարժականի և նրան
ուսանողների որակական փոփոխության համար: Վստահ է` 21-րդ դարի մեդիա
ժամանակաշրջանում ուսուցիչը պետք է ունենա ազատություն և դասի անցկացման
սեփական մեթոդ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի
շարք խնդրահարույց հարցեր. վիճարկվեց նաև պրակտիկայի անցկացման
ժամանակահատվածը: Պասիվ պրակտիկա չունենալու համար տնօրեններից շատերն
առաջարկեցին այն անցկացնել նոյեմբերին: Հայոց լեզվի և
տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը
հակառակվեց`նախաայբբենական շրջանը դասվարի համար կրթադաստիարակչական
խնդիրների լուծման ամենաարդյունավետ ժամանակահատվածն է: Կլոր
սեղանի ընթացքում բուռն քննարկման արժանացավ հատկապես 4-րդ դասարանի
մաթեմատիկայի դասագիրքն ու դրա հետևանքով ուսանող-պրակտիկանտների
դժվարությունները: Մաթեմատիկայի և տարրական
ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հայկունի Հարությունյանը ևս մտահոգ է.
բայց հավաստիացնում է ` ամեն ինչ անելու են վիճակը շտկելու համար: Սկզբնական
կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանի համար գեղեցիկ դիզայնով
արված փաթեթից զատ, մանկավարժական պրակտիկայի ընթացքում հատկապես կարևոր է
մեթոդիստների և ուսուցիչների կողմից ուսանողների վարած դասերի
վերլուծությունները: Ֆակուլտետի դեկանը վստահ է` ուսանողները կարող են
դասեր վարել, բայց որքանո՞վ են դրանք արդյունավետ, ի՞նչ ձեռքբերումներ է
ունենում ուսանողը և գիտի՞ արդյոք` ինչում է թերանում: Քննարկմանը
ներկա էին նաև բուհի ուսանողները: Վերջիններս իրենց գոհունակությունը
հայտնեցին պրակտիկայի կազմակերպման և անցկացման շուրջ`խնդրելով ավելացնել
ժամաքանակը: Արդյունավետ համարելով հանդիպումը`
ներկաները որոշեցին այն դարձնել պարբերական: Առաջիկայում նախատեսվում է
առավել մեծամասշտաբ հանդիպում, որին կմասնակցեն նաև մարզային դպրոցների
տնօրենները:
http://armspu.am/news/n/1207/ln/am
|