Ստեղծագործում է քո հասակակիցըՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ Ծնվել է 1988 թ-ի հոկտեմբերի 12-ին, Արթիկ քաղաքում: 2006 թ-ին ավարտել է
Արթիկի թիվ 6 դպրոցը: 2010 թ-ին ավարտել է Հյուսիսային համալսարանի Արթիկի
մասնաճյուղի իրավաբանական բաժինը: Դպրոցական տարիներից աշխատում է: 2013 թ-ին անդամագրվել է ՀՊՄՀ գիտական գրադարանի ՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ գրական ստուդիային: ԿԱՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱՐԹ Կանգ առ, ակնթարթ, դու գեղեցիկ ես, Կանգ առ, ակնթարթ, դու անչափ թանկ ես, Կանգ առ, խնդրում եմ, դու սպասված ես, Այնքան սպասված, որ քեզ համար պատրաստ եմ զոհել Կյանքիս մնացած օրերը բոլոր, Ուզում եմ չանցնի, չգնա պահն այս, Թող սառչի վայրկյանն այս, ինչպես սառչում է օդը ձմեռվա: Շատ եմ երազել, շատ եմ աղաչել այս պահի համար: Կանգ առ, ակնթարթ, Դու էլ հետ չես գա, Դու չես կրկնվի, Ու նույն բոցով էլ սիրտս չես այրի, Ջահել ձեռքերիս էլ դող չես բերի Ու չես փոթորկի դու իմ հոգին էլ, Դու էլ հետ չես գա: Կանգ առ ուրեմն: Թող հավերժանա, Թող իմ աչքերում անվերջ հուշ դառնա Հայացքը նրա: Ոչինչ, որ ցավ կա, շատ ցավ կա իր հետ: Կյանքս թող տանի, միայն կանգ առնի: Կանգ առ ակնթարթ դու հիասքանչ ես: ՔԵԶ Մենավոր հոգիս ախ քեզ է նորից իր գիրկը կանչում, Տաքուկ ձեռքերիդ կարոտն եմ զգում: Մենավոր հոգիս ախ քեզ է նորից, նորից որոնում, Համբույրիդ կարոտ շուրթերդ եմ անվերջ փափագում: Եվ գիտեմ, գիտեմ, չեմ հագենալու, Մոռացված երազ հետ չես դառնալու: Իմ հոգու կարոտ, դու կաս, կլինես, Դու իմ կյանքի շունչ և ուժ անսահման, Մենավոր հոգիս սիրում է քեզ, Սիրում է անձայն: |