Տիգրանուհի ԱրշակյանՀՊՄՀ ուսանող ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ԽԻՂՃԸ ԵՎ ՀՈԳԻՆ Էսսե - Բարև հոգիս, գիտեմ՝ նեղացած ես, կոպիտ էի, զգացել ու զղջում եմ,- ասաց Խիղճը: - Իսկ հիմա ի՞նչ ես ուզում,- պատասխանեց Հոգին:
- Չէ՜, սպասի՛ր, մի՛ կոպտիր, լսիր խնդրում եմ, մի քանի րոպե, խոստանում
եմ, ավել չէ, կուտակված բառեր ունեմ, կանգնի՛ր, սպասիր խոսենք: - Հիմա չէ, շտապում եմ: - Երեք րոպե, խնդրում եմ, ոչ ավել:
- ... ինչու չես ուզում հասկանալ, որ անբաժան ենք, չենք կարող գժտված
ապրել մի սրտում, չենք կարող բաժանվել, մասնատվել, ինչո՞ւ չես ընդունում,
կոպիտ էի, զգացել եմ, զղջում եմ, փոխվում եմ, հնարավորություն, միայն մեկը,
չես ափսոսա, խնդրում եմ, հոգի՛ս, միայն մեկը, կապացուցեմ, կզգաս ողջ
էությամբ, որ սիրում եմ, սիրում եմ քեզ, հոգիս, ամեն ինչ ամփոփում եմ քո
հեզ անվան ներքո, հոգի՜ս: - ... անբաժան էինք, ճիշտ է, խի՛ղճ, անբաժան էինք, իմ լավ բարեկամ, բայց... անբաժան էինք...
- ... չէ՜, սպասի՜ր, դու ժամանակին մի՛ լսիր, անցյալ դեռ կհասցնենք գնալ,
մի՛ գնա, դու սպասիր ինձ, ապրենք հիմայով, հաշտվենք հիմա, խնդրում եմ
սպասի՛ր, դու անցյալի տոմս դեռ մի՛ գնիր, անբաժան չէինք, անբաժան ենք,
լսո՞ւմ ես, անբաժան և ենք, հոգի՛ս, անբաժա՜ն: - ... էինք, էինք, խի՛ղճ էինք, կհանդիպենք անցյալո՜ւմ` առ այն ժա՜մ...
|