՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻԻ՛՛ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
14.07.2013
Հունիսի 13-ին, շաբաթ օրը, ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում հերթական հանդիպումը կազմակերպեց գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիան: Ստուդիայի անդամ Գոհար Մարտիրոսյանը ներկայացրեց իր մտորումները ՛՛Նուբար՛՛ ազգագրական երգչախմբի կազմում Արցախ կատարած այցելության մասին: Նա հիացմունքով խոսեց Քաշաթաղում հիմնավորված մարդկանց, նրանց ապրելակերպի մասին: Պատմեց Շուշի, Գանձասար կատարած այցելությունների մասին: ՛՛Ես եղել եմ Արցախում, բայց այս այցիս երիցս համոզվեցի, որ մեր պատմական հողակտորը համակ երազանք է, անկրկնելի ու անմոռանալի: Եվ ամեն այցի նորովի է հայտնագործվում ու ներկայանում՛՛,- ասաց նա: Գոհարը հոգեզմայլ ձայնով կատարեց Ներսիկ Իսպիրյանի ՛՛Կամավորի երգը՛՛, աշուղ Գևորգ Գրիգորյանի ՛՛Թաթուլի երգը՛՛ երգերը: Նա կարդաց նաև վերջին շրջանում գրած իր նոր բանաստեղծությունները, որոնք լցված էին հայրենասիրական մեծ լիցքով: Մեծ հետաքրքրությամբ ընդունվեց գրական ստուդիայի նորեկ, Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, արթիկցի Նելլի Սահակյանի նորամուտը: Նրա բանաստեղծությունները յուրովի որակ էին ներկայացնում: Հատկապես ջերմ ընդունվեց ՛՛Կանգ առ, ակնթարթ՛՛ բանաստեղծությունը: Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նրան նվիրեց իր համաքաղաքացի, ՀՊՄՀ դոցենտ Աշոտ Աջամօղլյանի ՛՛Վերելք Արարատ՛՛ և իր ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքերը: Բանաստեղծական մի նոր շարք ներկայացրեց Տիգրան Պետրոսյանցը:
Աննա Մարտիրոսյան ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
|