ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ Մայիսի 1-ին ՀՊՄՀ
գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիան հերթական անգամ
կազմակերպեց իր նիստը: Նիստին մասնակցեցին երեք տասնյակից ավելի
ստեղծագործող ուսանողներ և նախկին շրջանավարտներ: Այն վարում էին գիտական
գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների
մասին: Նշեց, որ ՛՛Չորեքշաբթին՛՛ ընդլայնում է սահմանները և հայտեր կան
նաև հանրապետության այլ բուհերի ստեղծագործող ուսանողներից /Երևանի պետական
համալսարան, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան,
Սլավոնական համալսարան, Հյուսիսային համալսարան, Երևանի ՛՛Մանց՛՛
համալսարան/, ինչպես նաև Արցախի բուհերից: Պայմանավորվածության
համաձայն ստուդիայի անդամները ներկայացրեցին իրենց ստեղծագործությունների
օրինակներ, որոնք խմբագրական աշխատանքներից հետո կդառնան ստուդիայի
՛՛Չորեքշաբթի՛՛ /Նոր գրականություն/ գրական անթոլոգիայի հիմքը: Աբգար
Ափինյանը նշեց, որ հաջորդ ուրբաթ օրը գրական ստուդիայի աշխատանքը
կներկայացվի Հ2 ծրագրով թողարկվող ՛՛Հայ գրականություն՛՛ հաղորդաժամին և
ստուդիայի որոշ անդամներ կլինեն հաղորդաժամի հյուր: Նա միաժամանակ խոսեց
ստեղծագործական աշխատանքի պատկերային առանձնահատկության մասին: Ստուդիայի անդամները հաջորդաբար կարդացին մեկական նոր ստեղծագործություն և քննարկեցին:
Ծափահարություններով ընդունվեց համալսարանի ուսանող Գոհար Մարտիրոսյանի
՛՛Անի՛՛ երգի կատարումը և նոր բանաստեղծությունը: Գոհարը ստուդիայի
անդամներին հրավիրեց մայիսի 3-ին ՛՛Նարեկացի՛՛ արվեստի միության դահլիճում
կայանալիք իր մենահամերգին: Քննարկվեցին Հասմիկ Չախալյանի /Հրաշք աղջիկ/, Սերինե
Հովհաննիսյանի, Արարատ Խաչատրյանի, Լիլիթ Ավագյանի, Էվելինա Միրզոյանի,
Էմմա Ղայթանաջյանի, Արմեն Այվազյանի, Արևիկ Ղազարյանի, Գոռ Բակումյանի,
Մելինե Սիմոնյանի, Աննա Ավետիսյանի, Նարինե Բաղդասարյանի, Արուսյակ
Հարությունյանի, Տաթև Ոսկանյանի (ՏԱ-Թև) /Մխիթար Հերացու անվան պետական բժշկական
համալսարան/, Նելլի Հովհաննիսյանի /Երևանի պետական համալսարան/, Սոֆի
Գրիգորյանի /Սլավոնական համալսարան/, Անի Մարգարյանի /Հյուսիսային
համալսարան/, Սուսաննա Ղազարյանի /՛՛Գրական կյանք՛՛ թերթի խմբագիր/ չափածո և
արձակ ստեղծագործությունները: Լուրջ խոսակցություն ծավալվեց Ռեգինա
Ճաղարյանի ՛՛Վերջին հանդիպում՛՛ /բեմականացվեց ստուդիայի անդամների
միջոցով/ և Հրաչյա Պետրոսյանցի ՛՛Մի սովորական օր՛՛ պատմվածքների շուրջ:
Առաջինում ներկայացվել է մեր օրերի տղամարդ-կին սիրո հոգեբանական ասպեկտը,
երկրորդում՝ սահմանային դիտակետում ծառայող զինվորի հոգեբանական կերպարը:
Երկու հեղինակներին էլ տրվեցին աշխատանքները ավելի կատարյալ դարձնելու
խորհուրդներ:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԳիտական գրադարանի ավագ գրադարանավար Տես՝ http://azg.am/AM/2013050315
|