93-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2015 թ-ի մարտի 7-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց հերթական 93-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց նախորդ երկու շաբաթներին գործած Էվելինա Միրզոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի մասին, նշեց, որ տասներեք օրվա ընթացքում յուրաքանչյուր օր ցուցահանդեսը նայել է հազարից ավելի ուսանող: Նա հաջողություն մաղթեց Էվելինային ապագայի համար և ասաց, որ նա «Զորավար» հիմնադրամի կողմից արժանացել է պատվոգրի:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ դեռևս հունվարի 3-ին կազմված աշխատանքային պլանի համաձայն այսօր ներկայացվելու է Վահե Խալաֆյանի ստեղծագործությունը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց Վահեի կենսագրությունը. «Ծնվել է 1973 թ-ի մայիսի 5-ին, Սևան քաղաքում: Ավարտել է Երևանի թիվ 163 միջնակարգ դպրոցը: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական ինստիտուտը: 1995-1997 թթ-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում /Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում/: 2000 թ-ի հունվարից ՀՀ զինված ուժերում անցել է պայմանագրային զինծառայության: Ստեղծագործում է 1995 թ-ից: Նրա ստեղծագործություններից մեկը հրատարակվել է «Չորեքշաբթի Ա» գրական ժողովածուում: Ամուսնացած է, ունի երկու երեխա»: Տիգրան ՊետրոսՅանցն ասաց, որ 2000 թ-ին հենց իր ղեկավարած ստորաբաժանումներից մեկում է Վահեն սկսել ծառայությունը Հայկական բանակում և ինքը հպարտ է, որ նա ծառայական աստիճանակարգով բարձրացել ու ներկայում ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է:
Վահե Խալաֆյանը մոտ մեկ ժամ խոսեց իր անցած ճանապարհի և ստեղծագործական հետաքրքրությունների մասին և այդ արեց իր ստեղծագործություններից մեկի հիման վրա: Խոսքի ավարտին նրան հարցեր տվեցին Հռիփսիմեն, Հմայակը, Գոռը, Մարիամը, Գայանեն, Ալվարդը: Բոլոր հարցերին տրվեցին հանգամանալից պատասխաններ:
Ծավալվեց մտքերի փոխանակություն:
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. Վահե Խալաֆյանը կարողանում է անապատում գտնել այն կենսաբեր ավազահատիկը, որ իրենն է: Մեզնից բոլորը չէ, որ հասկանում են Վահեին, բայց հենց այդ էլ նրա շնորհն է:
ՆԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ. Գաղտնիքներով պարուրված մարդ է Վահե Խալաֆյանը: Ինձ միշտ զարմացրել է այդ: Թվում է, շատերը լավ չեն հասկանում նրան, բայց ես ուզում եմ ապրել, զգալ նրա նման... ու ես դրա համար հպարտ եմ:
ՀՄԱՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ. Ուրախ եմ, որ Հայոց բանակի սպան նման հայրենասիրական տողեր է գրում:
ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ. Տար Աստված, որ մեր բանակի բոլոր սպաները մտածեին և ստեղծագործեին Վահեի նման:
ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՐՏԻՆՅԱՆ. Շատ սիրում եմ Վահեի ստեղծագործությունը և հպարտանում եմ իրենով:
Օրվա առիթով Տիգրան ՊետրոսՅանցը «Զորավար» հիմնադրամի կողմից պատվոգիր հանձնեց Վահե Խալաֆյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Սիլվա Գևորգյանը /«Մարող հույս». ռուսերեն/, Գայանե Ղազարյանը /«Ախ երանի», «Ամուսնանում եմ», «Չեմ ամուսնանում»/, Մարինե Սահրադյանը /«Հոգնել եմ»/, Գևորգ Մելիքսեթյանը /«Հոդված...»/, Գոռ Վարդանյանը /«Բառերս չեն հերիքում»/, Ա/յ/րարատ Խաչատրյանը /«Միալար խռովք»/, Հմայակ Մկրտչյանը /«Ձիակառքեր»/, Մարիամ Գրիգորյանը /«Չի կարելի», «Խելացի է», «Խիղճն ու սերը»/, Մադոննա Մարտիրոսյանը /«Արևոտ Հայաստան»/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան. «Եվ ինձ թվացող»/, Ռուզաննա Սարգսյանը /«Արվեստների արվեստը»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Աղջիկն ու ծաղիկը»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Վահագն Մովսիսյանը, Հմայակ Մկրտչյանը, Նանա Մկրտչյանը, Ռուզաննա Սարգսյանը կատարեցին սիրո թեմայով մեկ տասնյակ երգեր, իսկ Մարգարիտա Հովսեփյանը՝ «Նախագահի կին եմ ես» երգը:
Տիգրան ՊետրոսՅանցը ակումբի անդամ տղամարդկանց անունից ջերմորեն շնորհավորեց հանդիպման մասնակից կանանց և աղջիկներին մարտի 8-ին սկսվող գեղեցկության, մայրության միամսյակի կապակցությամբ և բոլորին մաղթեց երջանկություն:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |