91-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԷՎԵԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
2015 թ-ի փետրվարի 21-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց հերթական 91-րդ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ընթերցասրահի ճեմասրահում բացվեց ակումբի անդամ, նկարչուհի, ձևավորող, բանաստեղծուհի Էվելինա Միրզոյանի ստեղծագործությունների 1-ին անհատական ցուցահանդեսը:
ԷՎԵԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ծնվել է 1983 թ-ի փետրվարի 27-ին, Երևան քաղաքում: 2000 թ-ին ավարտել է Երևանի
թիվ 50 միջնակարգ դպրոցը, 2003 թ-ին՝ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի մոդելավորման բաժինը: Սովորում է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստ և գծագրություն բաժնում: Ստեղծագործում է նկարչության տարբեր ժանրերում: Գրում է բանաստեղծություններ: Բանաստեղծությունները տպագրվել են «Նուռ» /Ե., 2013 թ., էջ 181-184/, «Չորեքշաբթի Ա» /Ե., 2014 թ., էջ 53/ ժողովածուներում: Նկարները ցուցադրվել են տարբեր ցուցասրահներում:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ «Չորեքշաբթի» գրական ակումբի 91-րդ հանդիպումը առանձնահատուկ է, շեղվելու ենք «Չորեքշաբթի» ակումբի ընդունված օրակարգից և ամբողջ հանդիպումն անցկացնելու ենք այստեղ՝ ճեմասրահում և մեր հանդիպումը նվիրելու ենք ակումբի հիմնադիր անդամ, նկարչուհի և բանաստեղծուհի Էվելինա Միրզոյանի ստեղծագործությանը: Ես սիրով արձանագրում եմ, որ այսօր այստեղ են եկել ոչ միայն ակումբի անդամները, այլև Էվելինա Միրզոյանի համակուրսեցիները, ընկերներն ու նրա արվեստով հետաքրքրված մարդիկ: Էվելինան բազմաժանր ստեղծագործող է: Նկարում է յուղաներկով, ջրաներկով, տուշով, նկարներ է ստեղծում սալոմիկներով, նկարում է կտավի, թղթի, ապակու, փայտի վրա: Նրա պատրաստած հագուստի էսքիզները որքան ժամանակակից են, համամարդկային, նույնքան իրենց վրա եղած հայկական նախշազարդերով հայկական են: Ինձ դուր են գալիս Էվելինայի կանացի վզնոցների նախագծերը: Դրանք ամբողջովին հայկական դրոշմ են կրում: Էվելինան իր նկարչության, իր գույների նման բանաստեղծություններ է գրում ու նաև դրանով է գերում բոլորին: Նուրբ բնավորությամբ, մարդամոտությամբ Էվելինան հազվագյուտ անձ է: Ես և կարծում եմ մենք բոլորս միշտ կհպարտանանք, որ ունենք Էվելինայի նման ընկեր, արվեստագետ ու ժամանակակից:
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄՏՔԵՐԻՑ
ՆԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ. Այստեղ գտնվողներից ես ավելի երկար եմ ճանաչում Էվելինային: Միասին ենք 12 տարի առաջ ավարտել Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի մոդելավորման բաժինը: Անցած տարիներին էլ երբևէ չի խզվել մեր կապը: Ճիշտ է, ընկերներ ենք, բայց Էվելինան ինձ տարավ ծաղիկների աշխարհը ու դարձավ իմ ուսուցիչը, ինչի համար ես միշտ գնահատում եմ նրան ու միշտ կաշխատեմ նրա հետ:
ՄԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ. Էվելինայի հետ մենք սովորում ենք նույն կուրսի նույն խմբում, ապրում ենք միասին ու ամեն օր ես ճաշակում եմ արվեստի այն չափաբաժինը, որ ստեղծում է Էվելինան: Շնորհավորում եմ նրան այս ցուցադրության համար և նոր հաջողություններ մաղթում:
ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Նուրբ հոգու նուրբ զգացողությամբ կատարված ստեղծագործություններ են Էվելինայի ստեղծագործությունները: Ապրես, Էվելինա: Աստված օրհնի քեզ և այս աքրոստիկոսը քեզ նվեր՝
Էությամբ դո՜ւ նուրբ ես, քնքուշ և շա~տ փխրուն,
Վստահում ես զգացմունքիդ ու Հոգով ես դու արարում,
Երազանքներ ես հոգիներին քո գործերով դու ընծայում,
Լույս է կաթում կտավներից եւ սիրով ես նրանց օծում,
Իրական է ամեն պատկեր ակնթարթի հավերժացում,
Նույնիսկ պահն այդ ակնթարթի խաղաղություն է պարգևում,
Արարչածին կտավներում կա Աստծո սեր և զորություն:
Մի՜ կասկածիր, Աստծո Աջն է առաջնորդել,
Իրեն համար լույս-անոթ է Նա քեզ ընտրել,
Րոպե, վայրկյան չի ճանաչել սերն արարման հիմքում դրել,-
Զինվոր դարձար լույս-պայքարի, ընդդեմ Բելի և խավարի,
Ո՛չ, ճչացիր դու նեռ-չարին, պե՛տք է հաղթի միայն բարին,
Յոթնապատիկ դաժան դարում հոգևորն է լոկ արարում,
Ամբողջի մեջ աչքի զարնում, քո գործերով սեր քարոզում,-
Նուրբ է հոգիդ, կամքդ հաստատ, բարի ճամփա դեպ հաղթություն:
ԱՐԱՐԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ. Ինձ դուր է գալիս Էվելինայի նկարչությունը, հիանում եմ հատկապես նրա ջրանկարներով: Պիտի փաստեմ, որ դժվար է այս պարագայում գույնը նստեցնել գույնի վրա, բայց Էվելինան լավագույնս տիրապետում է այդ արվեստին: Շնորհավորում եմ:
ԱՐՓԻՆԵ ԼԱԶԱՐՅԱՆ. Իսկական տաղանդ է Էվելինան: Շնորհավորում եմ ցուցադրության առթիվ:
ԳՈՀԱՐ ՄԿՈՅԱՆ. Շնորհավորում եմ:
ՍՈՖԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ. Моя сестренка, поздравляю тебя с первой персональной выставкой! Горжусь тобой! Желаю еще больше творческих успехов и побед! Самое главное, пусть всегда будут рядом люди, которые искренне ценят твое творчество и личность! Отдельное спасибо вам, Господин ՊետրոսՅանց , за поддержку и организацию мероприятия!
ՎԱՀԱԳՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ. Շնորհավորում եմ, Էվելինա, մաղթում եմ, որ գունապնակդ միշտ թարմ ներկով բուրի և մտքերդ փոխանցի թղթին, կտավին, կտորին, ապակուն, ծաղիկներին:
ԱՆՈՒՇ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ. Շնորհավորում եմ քեզ համար այսքան կարևոր օրվա համար, համոզված եմ, որ ներկաներից յուրաքանչյուրը լցվել է քո հոգու ջերմությամբ: Թող որ ստեղծագործելու ջիղը միշտ պահպանվի և հարատևի: Միշտ բարի ու փխրուն էությանդ անդավաճան մնա:
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. Էվելինայի նկարները սրտի թրթիռ ու երաժշտություն են կրում և ուղղակի են թափանցում մարդու հոգին:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ. Մեծ բավականություն ստացա Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացված Էվելինա Միրզոյանի ցուցահանդեսից: Այն կազմակերպել է գրադարանի տնօրեն, «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր պարոն Տիգրան Պետրոսյանցը: Նա անշահախնդիր, մեծ ու հայենանվեր աշխատանք է կատարում՝ երիտասարդների մեջ ներարկելով հայրենասիրություն, սեփական երկրով ապրելու գաղափարախոսություն: Շնորհակալ ենք Աստծուց, որ նա կա և միշտ երիտասարդների կողքին է: Էվելինա,երկնքից մի ուժի ու լույսի ճանապարհ է քեզ համար բացվել, դրանով դու արաջնորդվում ես, ես հպարտանում եմ քեզանով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Էվելինա, շնորհավորում եմ, թող քո գունապնակի գույները բազմազան լինեն ինչպես կա և տաք գույներով քո հոգու ջերմությունը մեզ փոխանցես: Ցանկանում եմ, որ այս ցուցահանդեսը սկիզբ դնի էլ ավելի մեծ, գեղեցիկ ցուցահանդեսների ոչ միայն Հայաստանում: Անկեղծորեն կասեմ, որ արժանի ես, անչափ ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ պես հրաշք Մարդու: Նորանոր ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում քեզ մեր բազմատաղանդ ընկեր:
ԻՇԽԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ. Էվելինա, շնորհավորում եմ: Ուրախանում եմ յուրաքանչյուրիդ հաջողությամբ, շնորհալի սերունդ եք:
ՎԱՀԵ ԽԱԼԱՖՅԱՆ. Ես Էվելինայի գունանկարների և բանաստեղծությունների միջև ուղիղ կապ եմ տեսնում և անչափ գնահատում եմ նրա ստեղծագործորթյունը: Ցուցահանդեսի առթիվ շնորհավորում և հաջողություն եմ մաղթում: /Էվելինային է նվիրում նրա նոր բանաստեղծություններից իր կազմած գրքույկը/:
ԳԱՅԱՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ. Տաղանդաշտ գեղեցկուհի, քեզ ստեղծագործական անսպառ միտք ու եռանդ, շարունակիր հիացնել:
ՎԱՐՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Եվա, շնորհավորում եմ ու թող միշտ հաղթանակը քեզ ուղեկցի ու էլ ավելի մեծ ցուցահանդեսներ ունենաս:
ՏԱԹԵՎ ԱՂԱԼԱՐՅԱՆ. Իմ հրաշք Եվա: Ուրախ էի մեկ անգամ ևս տեսնելու նկարներդ և լսելու բանաստեղծություններդ:
ՌՈՒՍՏԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ. Մեծ ուրախությամբ եմ եկել մեր տաղանդավոր ընկերոջ ցուցահանդեսին: Եվա, միշտ պահպանիր ստեղծագործելու կորովը և նման ուրախություններ պարգևիր հայ հասարակությանը և ընկերներիդ:
Հանդիպման երկրորդ մասում ակումբի անդամներ Միշա Թադևոսյանը, Արմենուհի Մելքոնյանը, Ալվարդ Հարությունյանը, Արարատ Խաչատրյանը, Միքայել Շահինյանը, Աստղիկ Հակոբյանը, Արփինե Լազարյանը, Գոռ Վարդանյանը, Հմայակ Մկրտչյանը:
ԷՎԵԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԽՈՍՔԸ
Իմ շատ սիրելի «Չորեքշաբթի» ակումբի անդամներ, այսօր առանձնահատուկ օր էր ինձ համար: Ուզում եմ երախտիքիս խոսքը հայտնել բոլորիդ, շնորհակալ եմ եմ այս հիասքանչ օրվա համար, շնորհակալ եմ, որ կողքիս էիք, շնորհակալ եմ գրական օրվա համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Չորեքշաբթի» ակումբի հիմնադիր պարոն Տիգրան ՊետրոսՅանցին՝ կազմակերպելու, ինձ բացահայտելու, ստեղծագործություններս հանրությանը ներկայացնելու և վերջապես՝ օրս տոն դարձնելու համար: Շնորհակալ եմ: Ես էլ ներկայացնեմ իմ ստեղծագործություններից մեկը.
ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ
Հեռանում եմ
իմ հուշերից
ինքս ինձնից,
իմ մտքերից,
մութ ու խավար
պաղ օրերից,
աղմուկ դարձած
աղաղակից:
Հեռանում եմ
սուտ ու խաբող
մեր քաղաքից,
մեր տանջված
ու շատ տանջած
օրենքներից,
ելք ու մուտքից:
Հեռանում եմ
տարիների
կարճ տևացող
ժամանակից,
թռչող օրից,
այսօր ջահել
ու վաղը ծեր
մեր այս տեսքից:
Հեռանում եմ: |