88-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՅՈՒՐ ԷՐ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
2015 թ-ի հունվարի 31-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց հերթական 88-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ տարեկան աշխատանքային պլանի համաձայն «Չորեքշաբթի» գրական ակումբի հարկի տակ հյուրընկալել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին: Նա մի քանի նախադասությամբ ներկայացրեց Կարեն Մաթևոսյանին, ասաց, որ պատմաբանը Մանկավարժականի շրջանավարտ է, աշխատում է Հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանում, որտեղ տարիներ առաջ աշխատել է իր հայրը, անվանի ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանը:
Կարեն Մաթևոսյանը դասախոսություն կարդաց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի մասին: Նրա խոսքն առավել արժեքավոր էր, քանի որ վերջին տարիներին երկու անգամ եղել էր Անիում և Անիի պահպանված կառույցների մասին խոսում էր ականատեսի սիրով և խոսքի ավարտին կոչ արեց, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է այցելել Անի ու դրանով հաստատել, որ այն հայկականության անբաժանելի մասն է: Խոսքի ընթացքում էկրանին ցուցադրվեցին Անիի մասին պատմող լուսանկարներ: Կարեն Մաթևոսյանը պատասխանեց ակումբի անդամների տարբեր հարցերի: Տիգրան Պետրոսյանցը կարդաց դասախոսությանը համահունչ «Անի» բանաստեղծությունը: Նա հյուրին նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը, իսկ Կարեն Մաթևոսյանը «Չորեքշաբթի» գրական ակումբին՝ իր «Հավուց թառի վանքը» գիրքը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկներ Գոռ Վարդանյանին և Հմայակ Մկրտչյանին /ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության հեռակա բաժնի ուսանողներ/:
Տիգրան ՊետրոսՅանցն ասաց, որ «Կրթություն» շաբաթաթերթի հունվարի 28-ի համարում տպագրվել է բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանի «Գրական նոր ժողովածուի ծնունդը» գրախոսությունը «Չորեքշաբթի Ա» հատորի մասին: Նա կարդաց գրախոսության վերջին մասը. «Չորեքշաբթի» գրական ժողովածուն մի հարկի տակ է հավաքել երիտասարդ ստեղծագործողների մի ամբողջ աստղաբույլ: Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում ստեղծվելով որպես գրական ստուդիա՝ «Չորեքշաբթին» դարձավ նաև նկարիչների ու երաժիշտների հանդիպման վայր և աստիճանաբար վերածվեց գրական ակումբի: Սույն ժողովածուն գրական ակումբի առաջին արգասիքն է, որ խոստումնալից սկիզբ է ազդարարում: Ուրեմն՝ բարի երթ մաղթենք «Չորեքշաբթի Ա» գրական ժողովածուին, բարի երթ մաղթենք «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներին իրենց ոգորումների ճանապարհին»: Տիգրան ՊետրոսՅանցը շնորհակալության խոսք ուղղեց Լալիկ Խաչատրյանին՝ «Չորեքշաբթի» գրական ակումբի աշխատանքը գնահատելու համար:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Վահագն Մովսիսյանը /«Մանկության երազ», «Դավիթ բեկ»/, Գայանե Ղազարյանը /«Ուզում եմ դու էլ ինձ նման»/, Միխայիլ Շահինյանը /«Գուցե ասեք»/, Մարիամ Գրիգորյանը /«Մենք»/, Գոռ Վարդանյանը /«Երկնքից ներքև»/, Հմայակ Մկրտչյանը /«Ուրբաթ գիշեր», «Անվերնագիր»/, Ռուզան Սարգսյանը /«Անքնություն»/, Վիկտոր Եփրեմյանը /«Անի»/, Ալվարդ Հարությունյանը /«Ես կուզեի»/, Քնարիկ Հովհաննիսյանը /«Հուշի ծվեն»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Անապատի արևը»/, Իշխան Բադալյանը /«Սուրբ Սարգիս», «Երկնքի ձայնը», «Դու ես հայրը հոգիների», «Քառյակ»/, Հրաչյա Հարությունյանը /«Փառաբանություն Հիսուս Քրիստոսին»/, Արմեն Ջորջը /«Հայաստան»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Նանա Մկրտչյանը կարդաց Վահան Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» բանաստեղծությունը: Վահագն Մովսիսյանը կատարեց իր հեղինակային մի երգ և մի քանի այլ երգեր, Հմայակ Մկրտչյանը իր հեղինակային «Զարթնիր առյուծ» երգը և մի քանի այլ երգ, Ռուզան Սարգսյանը «Կարինե» օպերայից մի երգ և մի շարք այլ երգեր, Մարիամ Գրիգորյանը վերապատմեց պապից լսած «Թագավորի աղջիկը» պատմությունը, Արմեն Ջորջը կատարեց «Արագիլ», Իշխան Բադալյանը «Հորովել» երգերը, ցուցադրվեց Հրաչյա Հարությունյանի երգի տեսահոլովակ:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց մարտի 22-ին Գուրգեն Յանիկյանի 120-ամյակին նվիրված միջոցառման մասին և ցուցադրվեց այդ օրվա համար գրված «Ձեզնով սկսվեց» երգի տեսահոլովակը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |