Հռիփսիմե Մարտինյան
ՎԵՐՆԱԳԻՐԸ ՎԵՐՋՈՒՄ
Ինչքա՞ն հեռու պիտի փախչի,
Որ հուշերին էլ չդիպչի
Մտքի, խելքի տիրապետող
Ու բանական մարդ էակը...
Ինչքա՞ն պիտի թաքուն լացի,
Արտասուքով ծովեր կոծի
Հոգու, հույզի տիրապետող
Ու սրտատեր մարդ էակը...
Քանի՞ աստղ պիտի բերի,
Երկրի վրա կոկիկ շարի
Սիրո տենչին տիրապետող
Ու խենթացած սիրահարը...
Ե՞րբ պիտի գա, մեր դեմ հառնի
Դատաստանի՝ այդքան սպասված,
Հավատներով անվերջ զտված
Ու դարերում այդչափ զոդված
Հայի վրեժ վառվող ջահը...
Ինչքան <<քանի>>, <<երբ>> ու <<որքան>>
Պիտի անցնի մեր սրտերից,
Քանի, քանի անհույս կյանքեր
Պիտի մեռնեն մահվան վախից,
Ու դեռ քանի մաշված ձեռքեր
Պիտի պարզվեն դեպի երկինք
Հանուն վաղվա պայծառ օրվա,
Որ դեռ երեկ բացվեր պիտի...
Ինձ չշեղեք այն մտքերով,
Թե լացն ինքնին լաց է բերում...
Ես այդ գիտեի դեռ այն պահին,
Երբ արտասվել չէի իմանում...
Չհամոզեք, թե հանդարտվեմ
Ու ինձ պահեմ զսպված ու հեզ...
Թե չլիներ բղավելու ոչ մի պատճառ,
Ձեզնից առաջ՝ կլռեի,
Ոնց լռեցին հազարավոր հայորդիներ,
Որ դուք այսօր՝ այստեղ կանգնած,
Լեզուս ներսում պինդ սեղմելու կոչեր անեք...
Երանի դու, ես ու… մենք
Թաքցնեինք ներել բառը,
Ու մառանի փոշոտ արկղից այն հանեինք,
Թե պետք լիներ իմ, քո ու մեր միջև ծագած վեճը հարթել...
Իսկ թե պետք է թուրքի նման քայլող չարիք ոչնչացնել,
Լինեինք ոչ դու ու ոչ էլ ես
Այլ միմիայն մենք լինեինք,
Որ չգիտի ոչ մի լեզու,
Բացի լեզվից, որին, եկեք, մեղմացնելով վրեժ կոչենք...
Ախ, երանի սև թանաքիս հետից վազող մեկը լիներ...
Ախ, երանի իմ պատմության
Սև էջերը սպիտակ ներկող մեկը լիներ: |