ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՕՐ
Մայիսի 24-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Տիգրան Պետրոսյանցը շնորհավորական խոսք ասաց ակումբի անդամներ Մարգարիտա Պետրոսյանին, Թագուհի Պետրոսյանին, Գայանե Գենջոյանին, Շուշանիկ Նահապետյանին ՀՊՄՀ բակալավրական ծրագիրը հաջողությամբ ավարտելու առթիվ և մաղթեց, որ նրանք շարունակեն ուսումը մագիստրոսական ծրագրով և կյանք մտնեն հարուստ գիտելիքներով:
Հանդիպումը վերջին երեք շաբաթների ընթացքում գրական ակումբի անդամների ստեղծագործական հաշվետվությունն էր:
Առաջին անգամ չորս ստեղծագործություն ներկայացրեց մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի ֆակուլտետի ինֆորմատիկայի բաժնի հեռակա առաջին կուրսի ուսանողուհի Ռիմա Հարությունյանը: Ռիմայի ստեղծագործությունների մասին խոսեցին Գայանե Գենջոյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Արմենուհի Սումբուլյանը, Նվարդ Մելիքյանը, Նանա Մկրտչյանը: Իր գործերի, դրանց գրվելու հանգամանքների, պատկերային արտահայտչամիջոցների մասին խոսեց նաև Ռիման:
Իրենց նոր ստեղծագործություններից կարդացին նաև Սուսաննա ՄարգարՅանը, Թագուհի Պետրոսյանը:
«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Հրաչյան /անցած տարի է ավարտել ՀՊՄՀ մագիստրատուրան/ նշեց, որ վերջին շաբաթը եղել է Մայր Աթոռի Վազգենյան դպրանոցում, Սևանա կղզում, ապրել է դպրանոցի սաների կյանքով և նորովի է գնահատել շատ երևույթներ, որոնց նկատմամբ ավելի առաջ այլ կարծիք ուներ: Նա կարդաց դպրանոցի կամարների տակ գրված չորս բանաստեղծություն, որոնք ավելի հղկված բանաստեղծական որակներ էին կրում ու խոսում էին Հրաչյայի ստեղծագործական նոր փուլի անցման մասին:
Հանդիպման երկրորդ մասն ամբողջությամբ նվիրվեց Մեծն Պարույր Սևակին: Մասնակիցներից յուրաքանչյուրը կարդաց բանաստեղծի ստեղծագործություններից մեկը, իսկ Սուսաննա ՄարգարՅանը «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ եղեռնական» գլուխը:
Գոռ Բակումյանը մասնակիցների դատին ներկայացրեց տեղում կատարած դիմանկար-ճեպանկարները և արժանացավ ծափահարությունների:
Հանդիպման ավարտին կատարվեցին Ռուբեն Հախվերդյանի և Արմինե Հայրապետյանի երգերից:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|