ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Մարտի 15-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն
անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց օրվա հյուրին՝ հրապարակախոս, Հայաստանի
ժուռնալիստների միության անդամ, բանաստեղծ, արձակագիր, ՀՀ
առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և
գործարարների միության լրատվական ծառայությունների ղեկավար Վրեժ
Սարուխանյանին:
ՀՅՈՒՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԵԺ ԱԶԱՏԻ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ /ծն. 1952 թ., Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան, գ.Աշնակ/,
հրապարակախոս, ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 1973 թ-ին
ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական
համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Տասնամյակներ շարունակ աշխատել է
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Եղել է հեռուստամեկնաբան,
«Լրաբեր»–ի եթերի պատասխանատու խմբագիր, աշխատել է Հանրային ռադիոյում,
«Հայֆիլմ» կինոստուդիայում, հանրակրթական դպրոցում։ Որպես հեռուստամեկնաբան
անցած 30 տարվա ընթացքում 1000–ից ավելի հեռուստատեսային հաղորդումների,
հաղորդաշարերի թողարկումների հեղինակ է, նրա պատրաստած տասնյակ ֆիլմերից մի
քանիսը ցուցադրվել են ԱՄՆ–ի և այլ երկրների տարբեր
հեռուստաընկերություններով։ Մասնավորապես «Էրգիր» ֆիլմը տասնյակ անգամ
ցուցադրվել է ամերիկյան բազմաթիվ հեռուստաալիքներով։ ԱՄՆ–ի Առևտրի պալատի
աջակցությամբ Վրեժ Սարուխանյանը 1999 թ-ին հիմնադրել է Հայաստանի առաջին
տնտեսական շաբաթաթերթը («Գործարար շաբաթ») և 3 տարի անընդմեջ խմբագրել այն։
Հիմնադրել է նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «ԱԱՊ լրատու»
պարբերականը: Հարյուրավոր հոդվածների և բանաստեղծական շարքերի հեղինակ է։
Տնտեսական լրատվության ոլորտում Հայաստանում առաջինն է արժանացել
«ՄԵՐԿՈՒՐԻ» անվանակարգային մրցանակի, ինչպես նաև հանրապետական,
Գործարարների միջազգային կոնգրեսի և այլ կազմակերպությունների դիպլոմների
ու պատվոգրերի։ Մասնակցել է արտասահմանում կազմակերպած բիզնես ֆորումների,
ցուցահանդեսների և գործարար այցերի, հեռուստատեսային տասնյակ ֆիլմերով
ներկայացրել է հայոց բզնեսի տարեգրության էջերը Հայաստանում և արտերկրում։
Ներկայում աշխատում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի
արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունների
ղեկավար։ Ամուսնացած է, ունի երեք զավակ և վեց թոռ։ Տիգրան
ՊետրոսՅանցը հյուրին ներկայացրեց ակումբի անդամ երկու տասնյակից ավելի
ստեղծագործող երիտասարդների՝ հանրապետության տարբեր բուհերի ուսանողների,
երիտասարդների: Վրեժ Սարուխանյանը խոսեց իր աշխատանքային
գործունեության մասին, ջերմորեն ներկայացրեց էկրանին ցուցադրվող
լուսանկարներում իր հետ նկարված ընկերներին՝ երջանկահիշատակ Վրեժ
Իսրայելյանին, Ազատ Գասպարյանին, Լևոն Խեչոյանին, մյուսներին: Խոսեց իր
նկարահանած ֆիլմերի, հատկապես «Էրգիր» ֆիլմի մասին: Կարդաց մի քանի
բանաստեղծություն և մեկ պատմվածք: Հանդիպման մասնակիցներից Նաիրա Շահինյանը
/Ոստիկանության ակադեմիա/, Վահե Խալաֆյանը, Հակոբ Պողոսյանը /Վերին
Սասնաշեն/ կիսվեցին իրենց տպավորություններով: Տիգրան ՊետրոսՅանցը Վրեժ
Սարուխանյանին նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:
Իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նաիրա Շահինյանը, Միշա
Թադևոսյանը, Շուշանիկ Նահապետյանը, Ռեգինա Ճաղարյանը, Իշխան Բադալյանը,
Գուրգեն Միքայելյանը, Հակոբ Պողոսյանը: Հանդիպման երրորդ՝
«Մշակութային լուսանցք» մասը ևս շատ ակտիվ անցավ: Համո Սահյանի, Պարույր
Սևակի ստեղծագործություններից կարդաց Նաիրա Շահինյանը, Պետրոս Դուրյանի
«Դրժել» բանաստեղծությունը կարդաց Գայանե Գենջոյանը /Դայանա Բելլ/, Հակոբ
Պողոսյանը կատարեց մի քանի ազգագրական երգ: ՀՊՄՀ ուսանող Հակոբ Սարաֆյանի
«Միայն 5 րոպե» ստեղծագործությունը կարդաց Միշա Թադևոսյանը, Գոռ Բակումյանը
ցուցադրեց տեղում արված դիմանկարների շարքը: Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|