Տաթև Ոսկանյան Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Ճաք
Թե սիրտս մի օր հուզմունքից ճաքի, Թող պայթի ոչ թե ծերուկ մշակի Ձեռքին դողացող բաժակի նման, Այլ ինչպես կարմիր կեղևը նռան:
Թե մի օր հոգնեն ինձ բարև տալուց, Թող հոգնեն նաև արև թաղելուց, Թող հրաժարվեն դերեր խաղալուց` Երկու պինդ ոտքով անվերջ կաղալուց: Թե մի օր հույսիս պաշարը հատնի, Թե կյանքն իմ ապրած օրերը վատնի, Թող սպառվեմ ինչպես բոցը վառոդի, Այլ ոչ թե մաղած ալյուրը հացի: …Չէ, ես չեմ հոգնում բառեր մաղելուց, Այլ բառերի մեջ զուտ մանրանալուց, Ես վախենում եմ քացախ դառնալուց, Եվ ոչ թե գինու պես դառնանալուց: 07.06.13***
Տիեզերական լուսնոտ անձկություն` Ինձ պատիժ դարձած պաշտոնս այսօր Անվարձահատույց , թողնում եմ թափուր : Այսօր իմ օրն է ազատագրման` Ես գործազուրկ եմ բոլորիդ նման:
Կասկած Կապտերակ լույսով օդն է թաթախվել, Ծանոթ երկյուղ է ինձ պատել նորից` Անտեսը իմ հին լապտերն է կախել Մութ պատշգամբի դժգույն ճաղերից: Հանգած լապտերիս պատրույգը վաղուց, Հույսով ներծծված, մի կայծ է տենչում, Կույր անցորդներն էլ` ներշնչված քամուց, Հրդեհը թողած, իմ մոմն են փչում: Աննյութ շարժումից` օդի մեջ տարտամ, Լուրթ երազներիս պարսն է թանձրանում: Ո՞վ կախեց լապտերն իմ կախարդական, Կյանքից օտարված այս արվարձանում:
|