mankavarzh.do.am ԵՐԵՔ ՏԱՐԻ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
Այսօրը հոբելյանական է ՀՊՄՀ գիտական գրադարանի mankavarzh.do.am կայքի համար: Երեք տարի առաջ այս օրը՝ փետրվարի 12-ին, այն մուտք գործեց համացանց: Անցած 1095 օրերին կայքը օր-օրի ներկայացրել է թե գրադարանի, թե համալսարանի առօրյան: Կայքի բոլոր բաժինները /՛՛Մեր մասին՛՛, ՛՛Գրապահոց՛՛, ՛՛Միջոցառումներ՛՛, ՛՛Հաշվետվություն՛՛, ՛՛Պատկերասրահ՛՛, ՛՛Շտեմարան՛՛, ՛՛Ողջույն՛՛/ հագեցած են բազմաթիվ նյութերով ու լուսանկարներով: ՛՛Գրապահոց՛՛ բաժնում ներկայացվել ու ներկայացվում են գրադարան մտած նոր գրքերը: ՛՛Հաշվետվություն՛՛ բաժնում տեղադրված են գրադարանի 2009-2012 թվականների տեքստային և թվային հաշվետվությունները, գրադարանի հրատարակած ՛՛Հիշարժան տարեթվեր. 2010՛՛, ՛՛Հիշարժան տարեթվեր. 2011՛՛ գրքույկների էլեկտրոնային տարբերակները: ՛՛Պատկերասրահ՛՛ բաժինը ներկայացնում է այլևայլ նյութեր: Այստեղ առաջին անգամ ներկայացվել են գրադարանում գտնվող 24 հնատիպ գրքերի տիտղոսաթերթերը, ներկայացվել են ՀՊՄՀ ռեկտորների լուսանկարները՝ կենսագրություններով, գրադարանի աշխատակիցների լուսանկարները, գրադարանի տնօրենների լուսանկարները՝ կենսագրականներով, գրադարանի հին և ներկա օրերին վերաբերող լուսանկարներ, ՀՊՄՀ ՛՛Խաչատուր Աբովյան՛՛, ՛՛Խաչատուր Աբովյանի անվան համալսարան՛՛ մեդալով պարգևատրվածների ցուցակները: ՛՛Շտեմարան՛՛ բաժնում ներկայացված են Մեսրոպ Մաշտոցից մինչև Վահան Տերյան հայ բանաստեղծների ստեղծագործությունների էլեկտրոնային տարբերակները: Հարուստ է կայքի ՛՛Գլխավոր էջ՛՛ բաժինը, որը հրատարակել է Մանկավարժական համալսարանին և գրադարանին վերաբերող ավելի քան 280 նյութ: Փաստորեն այս բաժինը նաև լրատվական էջի է վերածվել և արձագանքել է բոլոր համալսարանական նորություններին: 2011 թ-ին, երբ դեռ չէր գործարկվել ՀՊՄՀ armspu.am կայքը, այստեղ են տեղադրվել ՀՊՄՀ-ում գործող ԲՈՀ-ի 020 խորհրդին ներկայացվող թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների հայտարարությունները, ինչպես նաև դոկտորական ատենախոսությունների սեղմագրերը: Կատարված աշխատանքների արդյունքում կայքը ճանաչում է ձեռք բերել: Երեք տարվա ընթացքում 83 երկրից և 4 միջազգային կազմակերպություններից կայքն ունեցել է 89.383 մուտք կամ օրական միջինը 75 մուտք, նայվել է 347.573 էջ կամ օրական միջինը 317 էջ: Ռեկորդային է եղել 2012 թվականի փետրվարի 16-ը, այդ օրը եղել է 314 մուտք: Մուտքերի թվով առաջին տեղում է Հայաստանը՝ 82.395 մուտք կամ ամբողջի 92.2 տոկոսը: Ըստ քանակի հաջորդ ինը տեղերում են Ռուսաստանը /2,7 տոկոս/, ԱՄՆ-ը /2,2 տոկոս/, Ֆրանսիան, Նիդերլանդիան, Գերմանիան, Վրաստանը, Բելգիան, Լիբանանը, Կանադան /բոլորն էլ 0.2 տոկոս/: Կայք մուտք են գործել նաև Թուրքիայի ներկայացուցիչները /79 անգամ, վերջին անգամ 2013 թ-ի փետրվարի 4-ին/, Ադրբեջանի ներկայացուցիչները /27 անգամ, վերջինը 2013 թ-ի փետրվարի 4-ին/: Միջազգային կազմակերպություններից ամենամեծ մուտք եղել է Եվրոմիությունից /27 անգամ/: Կայքն ունի նաև ՛՛Հարցումներ՛՛ բաժին: Այստեղ երեք տարվա ընթացքում տրված հարցերին եղել են տարբեր պատասխաններ: Հարցերից առաջինին՝ ՛՛Որտեղ եք սովորում՛՛ պատասխանել է 10.242 մարդ, որից 7917-ը ՀՊՄՀ-ից /77 տոկոս/, Հայաստանի ճարտարագիտական համալսարանից պատասխանել են 3 տոկոս հարցվողներ, այդքան դպրոցականներ են պատասխանել հարցին, երկուական տոկոս են կազմում Երևանի պետական համալսարանի և ագրարային համալսարանի հարցվողները: ՛՛Ինչ գրականությունից եք օգտվում՛՛ հարցին պատասխանել է 6985 մարդ, որոնցից 4585-ը պատասխանել է, որ օգտվում է մասնագիտական գրականությունից, 1572-ը՝ պատմական գրականությունից, 698-ը՝ հայ և համաշխարհային գրականությունից: ՛՛Օգտվում եք մեր գրադարանից՛՛ հարցին պատասխանել է 7432 մարդ, որից ՛՛այո՛՛ պատասխան է տվել 6665 մարդ: ՛՛Կայքին ինչ գնահատական կտաք՛՛ հարցին տրվել է 8365 պատասխան, որից 7967-ը կամ 95 տոկոսը գերազանց և լավ: 2013 թվականի սկզբին գրադարանը ստեղծել է Գրական ստուդիա: Արդեն կայքում հրատարակվել են ՀՊՄՀ ուսանողներ Հասմիկ Չախալյանի, Սերվեն Խաչատրյանի, Անուշ Միքայելյանի, Հրաչյա-Ժորա Հակոբյանի, Լիլիթ Ավագյանի, Էվելինա Միրզոյանի բանաստեղծական շարքերը: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: 2010, 2011, 2012 թվականներին գրադարանն անցկացրել է լավագույն ընթերցող մրցույթ: Այդ մրցույթների բոլոր նյութերը հրատարակվել են կայքում: Անցած երեք տարիներին կայքն իր սահմաններում նպաստել է թե գրադարանային աշխատանքի, թե համալսարանական կյանքի միջազգայնացմանը:
|