Չորեքշաբթի, 01.12.2021, 09:55
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12755
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Փետրվար » 27 » ՀԻՇԵՆՔ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻՆ
08:58
ՀԻՇԵՆՔ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻՆ

2011 թ-ի այս նույն օրը` փետրվարի 25-ին` Անդրանիկ Զորավարի ծննդյան օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում առաջին անգամ ցուցադրվեցին Անդրանիկ Օզանյանին ուղղված Խաչատուր Կարճիկյանի նամակն ու Հովհաննես Շիրազի "Անդրանիկի սուրը" բանաստեղծության ինքնագիրը: Այսօր` 2012 թ-ի փետրվարի 25-ին այդ փաստաթղթերը հրատարակվել են "Ազգ" օրաթերթում "Զորավարի տարեդարձը" ընդհանուր խորագրի տակ: Շնորհակալություն ասենք "Ազգ" օրաթերթի խմբագրությանը և ներկայացնենք փաստաթղթերը:

Տես`http://azg.am/AM/2012022520

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԿԱՐՃԻԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ

ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻՆ

Այսօր Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարեդարձն է, եւ դա մեկ անգամ եւս առիթ է անդրադառնալու նրա գործունեությանը, խոնարհումի եւ արժեւորման համեստ խոսք ասելու:

Առաջին հայացքից բոլորիս համար կարծես թե ակնհայտ է դարձել, որ Զորավար Անդրանիկի կյանքի եւ մարտական փառահեղ ուղու վերաբերյալ որեւէ նոր բան ասել կամ ավելացնել հնարավոր չէ: Սակայն նորություններ, թեպետ շատ հազվադեպ, բայց եւ այնպես լինում են:

Ահավասիկ, նման մի նորահայտ փաստաթղթի ենք ցանկանում «Ազգ»-ի ընթերցողներին ծանոթացնել, որը ոչ միայն ընդգրկված չէ Զորավարի գործունեությունն արտացոլող փաստաթղթային հրապարակումներում, այլեւ մինչ այժմ անհայտ է մնացել ուսումնասիրող շրջանակների համար: Դա 1916թ. փետրվարի 26-ով թվագրված Խաչատուր Կարճիկյանի նամակն է Զորավարին:

Այստեղ տեղին է հակիրճ ներկայացնել Կարճիկյանի անձը, քանզի նա քիչ է հայտնի հանրությանը: ՀՅԴ անդամ Խաչատուր Հովհաննեսի Կարճիկյանը (1882-1918) 20-րդ դարի առաջին քառորդի անվանի կուսակցական-պետական գործիչներից է: Առաջին աշխարհամարտի սկզբից նա Հայոց ազգային բյուրոյի կազմում ակտիվորեն մասնակցել է հայ կամավորական գնդերի կազմավորմանը: Երբ 1917թ. փետրվարյան հեղաշրջումից հետո Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Արեւմտյան Հայաստանի գեներալ-կոմիսարությունը, Կարճիկյանը նշանակվեց կոմիսարի առաջին տեղակալ Հ. Զավրյանի խորհրդական, եղավ Հայոց ազգային խորհրդի անդամ: Նորաթուխ Այսրկովկասյան կոմիսարիատում եղել է ֆինանսների նախարար ՀՅԴ մանդատով, ապա` Այսրկովկասյան Սեյմում` ՀՅԴ խմբակցության նախագահ: Իսկ արդեն Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո` ֆինանսների նախարար եւ արդարադատության նախարարի պաշտոնակատար, ապա` 1918թ. նոյեմբերին ստեղծված ՀՅԴ-Ռամկավարներ կոալիցիոն կառավարության կազմում` հանրային խնամատարության ու աշխատանքի նախարար` միաժամանակ կատարելով ֆինանսների նախարարի պարտականությունները: Սպանվել է 1918թ. նոյեմբերի 11-ին աշխատասենյակում, սպա Եգոր Տեր-Մինասյանի կողմից:

Եվ այսպես, ի՞նչ է հրապարակվող այս նորահայտ նամակը: Նախ, կրում է մտերմիկ բնույթ ու վկայում է Անդրանիկի եւ Կարճիկյանի մարդկային հոգեհարազատության եւ հայոց ճակատագրի նկատմամբ նույնացավ վերաբերմունքի մասին:

Պատմագիտական տեսանկյունից միանգամայն հետաքրքրություն է ներկայացնում հայկական կամավորական գնդերի ձեւավորման եւ մարտական ուղու նկատմամբ ցարական զինվորական (եւ ոչ միայն` այն ընդհանուր պետական դիրքորոշումից էր բխում) վերնախավի վերաբերմունքի կարճիկյանական քննադատական վերլուծությունը: Հենց սկզբից փաստենք, որ այն անկողմնակալ ու անաչառ է: Դրանից ակնհայտ է դառնում, որ հայ կամավորները հարկավոր էին միմիայն ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար, իսկ արդեն դրանից հետո այդ գնդերը պետք է լուծարվեին կամ, լավագույն դեպքում, դրվեին ռուս սպաների հրամանատարության տակ: Կարճիկյանը դիպուկ նկատում է, որ «կռւի սիրահարութեան համար չէ, որ կամաւորները գնում են կռւի դաշտ ու զոհւում»: Ավելին, նա կարեւորում է այդ խմբերի ապագա ազգային-քաղաքական դերակատարության հնարավորությունը: Նամակը գրված է 27,5x22 սմ չափերի երկկողմանի երկու թերթի վրա: Տպագրվում է բնագրին հավատարիմ մնալով, միայն կատարել ենք անհրաժեշտ ուղղագրական եւ կետադրական շտկումներ:

Այս նամակից զատ, հրապարակման ենք ներկայացնում Անդրանիկին նվիրված բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Անդրանիկի սուրը» բանաստեղծությունը: Այն գրվել է 1963թ., եւ փաստորեն կրկին մինչ այժմ անհայտ էր, ու Հովհ. Շիրազի երկերի որեւէ հատորյակում չի ընդգրկվել: Բանաստեղծությունը գրվել է շիրազյան ոճով` մի շնչով, Զորավարի փառքի եւ ոգու անօրինակ արժեւորմամբ: Ի դեպ տեղեկացնենք հայ հասարակայնությանը, որ պահպանել ենք հայ մշակույթի եւ գիտության ավելի քան հարյուր անվանի գործիչների գեղարվեստա-վավերագրական կարծիք-վկայություններ Անդրանիկ Օզանյանի մասին: Դրանք նույնպես նորահայտ են եւ դեռեւս կարոտ իրենց հրատարակչին:

ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ


Սիրելի՛ Անդրանիկ,

Դու ի հարկէ իրաւունք ունիս պահանջելու, որ աւելի շուտ-շուտ տեղեկութիւններ հաղորդեմ, սակայն մեզանում նամակ չգրելու հիւանդութիւնը նորութիւն չէ, միւս կողմից էլ այնքան քիչ նորութիւններ կան, որ գրելու առանձին բան էլ չի լինում:

Խմբերի վերակազմութեան խնդիրը սկզբունքով մնում է նոյն դրութեան մէջ: Իւդենիչը [1] կարգադրել է (կամավորական) խմբերին ձեռք չտալ, քանի նոքա կռուի դաշտում են, այստեղից կարելի է եզրակացնել, որ երբ խմբերը առաջաւոր դիրքերից յետ քաշուին, պիտի ենթարկուին վերակազմութեան, այսինքն, ուրիշ խօսքերով` լուծման: Երեկ հենց փոխարքայի [2] զինւորական օգնականը - Եանուշկեւիչը յայտնել էր եպիսկոպոսին [3], որ փոխարքան անդառնալի է համար [ում] վերակազմութեան խնդիրը, որ ոչ մի պայմանով վերաքննութեան չի ենթարկւի այդ հարցը: Եվ ուզում են իրենց խելքով համոզել մեզ, որ դա մեզ օգուտ է, որ եթե խմբերը լինեն ռուս սպաների ղեկավարութեան տակ ու ենթարկւեն զինւորական կանոնադրութեան (երդում եւ այլն), ոչ միայն զինւորական դիսցիպլին կմտնի խմբերի մէջ, այլեւ մեր խմբերի գործունէութիւնները կարձանագրւին ու պատմութեան գնահատութեան կենթարկւին: Սակայն այս մարդոց չի լինում հասկացնել, որ այդ պայմաններում ոչ մի կամաւոր չի մնալ, որ կռւի սիրահարութեան համար չէ, որ կամաւորները գնում են կռւի դաշտ ու զոհւում: Մի խօսքով, ինչպէս երեւում է, սոքա նոր են գլխի ընկել, թէ ինչ խոշոր քաղաքական նշանակութիւն ունեն եւ կունենան ապագայում այս ձեւով կազմած անկախ մեր խմբերը: Արդեն հասկանում են, որ ապագայում խաղաղութիւն կնքելիս եւ մեր հարցը լուծելիս այդ խմբերի անցեալն ու ներկան նրանց կատարած դերը կարող է մեծ խոչընդոտ հանդիսանալ իրենց ախորժակներին յագուրդ տալու, ուստի եւ ուզում են ինչ էլ լինիՙ մեզնից ազատւեն: Ինչպէս գիտեսՙ այլեւս ոչ մի յարմար պատճառ չկարողացան գտնել վերակազմութիւնը հիմնաւորելու համար: Ստիպւած էին խոստովանել, որ իբրեւ զինւորական ուժերՙ խմբերն իրենց մէկ տարւայ գործունէութեամբ միանգամայն կանգնած [են] եղել իրենց բարձրութեան վերայ. դիսցիպլինան մեր մէջ այժմ պակաս չէ, քան թէ իրենց [զորա] մասերում: Մնում էր մի բան, որ հայերը չպիտի բացառութիւն կազմեն, քանի որ բոլոր ազգերի խմբերը վերակազմւած են եւ կազմում են սոսկ [կանոնավոր] զօրքի մասեր, հայերի ուրոյն կազմակերպութիւնը ու խմբապետների անկախութիւնն ու ազատութիւնը, միւս ազգութիւնների կողմից, իբր թէ բողոքի տեղիք է տալիս եւ որ ներքին ազգերի համերաշխութեան համար պէտք է այդ արտօնութիւնը (այսինքն զոհւելու արտօնութիւնը) հայերից խլել: Սրա հետ միասին, ի հարկէ, աւելացնում են, որ խմբապետներն ու իրենց օգնականները դաշնակցականներ են, յեղափոխական կազմակերպութեան անդամներ, իսկ այդ հանգամանքը «անյարմար» բան են համարում: Ի հարկէ, ամեն կերպ աշխատեցի հասկացնել, որ մեր խմբերը ուրիշ ազգերի խմբերի հետ չի կարելի համեմատել, որ մերոնց կէսից աւելին տաճկահայեր են, որոնք չեն կարող ոչ ընդունել եւ ոչ մտնել ռուսական զօրքի մէջ, իբրեւ զինւորներ, որ մեր սովորութիւններն ու պատմական անցեալը չի հաշտւի այդ տիպի զօրամասերի հետ, որ խմբերը այդպիսով կլուծւին: Բայց մարդիկ կարծես հենց այդ են ուզում եւ ոչինչ լսել չեն ցանկանում: Այսինքն, վերջը ինչ է լինելու մենք դեռ յոյսներս չենք կորցրել, աշխատում ենք եւ Պետրոգրադ եւ այստեղ: Յոյս ունենք, որ կռւող խմբերին դեռ ձեռք չեն տալ, իսկ Վարդանի[4] նորակազմ խումբը, ինչպէս երեւում է, պիտի զոհւի եւ վերակազմութեան ենթարկւի, թէեւ դոցա չի հասկանում. մէկ կողմից պնդում են, որ պիտի վերակզմւեն, միւս կողմից էլ, ինչպէս լսում ենք, պահանջում են Վարդանի խմբի դուրս գալը տեղի կռւի դաշտը:

Չափազանց ծանր ազդեց այստեղ նոր գրաւած վայրերից ստացւած տեղեկութիւնները. Էրզրումում ու շրջակայքում հազիւ մի 100 հոգի է ազատւել, այն էլՙ մեծ մասամբ կանայք: Սարսափելի, սարսռեցուցիչ բաներ են պատմում կոտորածների մասին, մարդու սիրտ կտրտւում է: Ռոստոմը[5] այժմ Էրզերում է, գնացել է թէ Իւդենիչին տեսնելու եւ խմբերի վերաբերեալ խնդիրները կարգադրելու եւ թէ աշխատելու հայերի ունեցւածքը եւ սեփականութիւնները ապահովելու մասին միջոցներ ձեռք առնելու: Խեղճ Մուրադի [6] դրութիւնը դեռ մնում է անորոշ, շատ էր ուզում քո մոտ գալ, յետոյ միտքը փոխեց, ուզում էր էլի իրենց կողմերի վերաբերմամբ մի ձեռնարկ անել, մեր [մի անընթեռնելի բառ] իշխանութիւնները դիւրութիւններ չտւին: Վերջը կամեցաւ մի ձիաւոր խուզարկու խումբ կազմել Սղերդ-Դիարբեքիր-Խարբերդ գծի վերայ գործելու, նպատակ ունենալով թագնւած ու թագցրած հայերին ժողովելու, սակայն ինչպէս երեւում էՙ այդ էլ չի յաջողւելու [ռուսական] կառավարութիւնը միշտ արգելքներ է յարուցանում: Շատ է հիասթափւած ու ընկճւած:

Արամի [7] աչքը շատ էր վատացել, գնացել էր Խարկով բժիշկներին ցոյց տալու. վերադարձի է, հիմա Բագու է, մի քանի օրից կլինի այստեղ: Մտադրութիւն ունի էլի Վան վերադառնալու:

Խմբերից, մանաւանդ ձեր խմբից, շատ քիչ տեղեկութիւններ ենք ստանում, իսկ այստեղ թէ հասարակութիւնը, թէ Ազգային Բիւրօն շատ են ցանկանում իմանալ խմբերի արածների մասին եւ ամէն օր հարցեր են տալիս մեզ, իսկ մենք շատ քիչ բան ենք կարողանում ասել. գոնէ վիրաւորւածների, հիւանդների ու սպանւածների մասին ճշգրիտ տեղեկութիւններ աշխատէք հասցնել: Մարգարը [8] գալիս է. աշխատիր, որ պարբերաբար տեղեկութիւններ հաղորդի:

Ընկերական բարեւներով

Խ.[աչատուր] Կարճիկեան

Յ. Գ.

Մարգարը ոչ մեզնից եւ ոչ էլ

Բագւից այստեղ եղած ժամանակ դրամ չի ստացել:

Խ. Կ. [ստորագրություն]

26 փետրւարի 1916թ.

Թիֆլիս


Ծանոթագրություններ

1. Յուդենիչ Նիկոլայ Նիկոլայի (1862-1933) ռուսական բանակի հեծելազորի գեներալ: 1914թ. նշանակվել է Կովկասյան բանակի սպայակույտի պետ, Սարիղամիշում ղեկավարել Էնվերի բանակի ջախջախումը: 1915թ. նշանակվել է Կովկասյան բանակի հրամանատար: Նրա օրոք Վանը անցել է ձեռքից ձեռք, 1916թ. փետրվարի 13-16-ին հաղթել է Էրզրումի ճակատամարտում, ապա ազատագրել Տրապիզոնը: Արդեն 1916թ. ամռան դրությամբ Արեւմտյան Հայաստանի մեծ մասն ազատագրված էր: 1917թ. փետրվարից մինչեւ մայիս եղել է Կովկասյան ռազմաճակատի հրամանատար:

2. 1915թ. օգոստոսի 23-ից մինչեւ 1917թ. մարտի 9-ը Կովկասի փոխարքան էր մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայեւիչ Ռոմանով Կրտսերը:

3. Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյան-Մագիստրոս (1865-1939) - անվանի հոգեւոր-ազգային գործիչ, հայագետ: 1913-1916թթ. եղել է Վրաստանի թեմի առաջնորդ, 1914թ.` Ազգային բյուրոյի պատվավոր նախագահ, վճռորոշ դերակատարություն ունեցել Հայկական հարցի դիվանագիտական հետապնդման եւ կամավորական ջոկատների կազմակերպման գործում:

4. Խանասորի Վարդան (Մեհրաբյան Սարգիս) (՞-1943) - 1915թ. արարատյան ջոկատի հրամանատար: Այս ջոկատը ձեւավորվել էր 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կամավորական գնդերի միավորմամբ, եւ ուներ 2800 մարտիկ, մասնակցել է Բերկրիի, Վանի, Շատախի, Մոկսի ազատագրմանը, Ալաշկերտի ռազմական գործողությանը:

5. Խոսքը ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմի` Ստեփան Զորյանի մասին է:

6. Խոսքը ազգային-ազատագրական պայքարի անվանի գործիչ Սեբաստացի Մուրադի (1874-1918) մասին է, որը ակտիվորեն մասնակցել է կամավորական շարժմանը:

7. Խոսքը ազգային-պետական անվանի գործիչ Արամ Մանուկյանի (1879-1919) մասին է:

8. Մարգարի անձը պարզել չհաջողվեց:



         ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍՈՒՐԸ

                           Հայոց ազգային հերոս Անդրանիկ զորավարի

                                                           անմահ հիշատակին


Այս առավոտ, երբ կորած բախտիդ դուռը բացվեց լուռ`

Համբուրեցի խենթացած հույսով դուռդ, Անդրանի՛կ,-

Քար լռության պատյանից ելավ անունդ, ինչպես թուր,

Ներիր, որ շատ երկարեց, մեր այս լուրդ, Անդրանի՛կ:

Բայց աչքովս ես տեսա` թանգարանդ երբ բացին`

Յոթ քաջեր ներս գալով` գլխարկները հանեցին,

Եվ ծերացած շուրթերով համբուրեցին ապակին,

Այն շղարշը, որի տակ դրվեց թուրդ, Անդրանի՛կ:

Յոթն էլ, դեռ լի վրեժով քաջերդ էին ծերացած,

Վար կռացան ու լացով համբուրեցին վերացած,

Հակոբ, Թորգոմ ու Սամվել, ու մայրերն այն քո փրկած,

Որոնց թուրքից ետ խլեց դալար կուռդ, Անդրանի՛կ:

Այսպես եկան, ծովացան, դարձրին գաղտնիքն հայտնի ծով,

Թանգարանը սրբացավ քո արծվենի պատկերով,

Թվաց, թե դուրս նայեցիր լեռնակարոտ աչքերով

Ու ձյուն դառավ Մասիսին սուրբ համբույրդ, Անդրանի՛կ:

- ... Աման, փախեք, գալիս է ազրաիլը էրմանի,

Թողեք թոփ ու թոփխանա, վրեն գյուլլա չի բանի,-

Ճչում էին թուրքերը` փախչում սարից Սասունի,

Հազար տեղով դու թուրքին առար բուռդ, Անդրանի՛կ:

Գառների պես մորթվող մոլորվածներն հայ ցեղիս,

Հանվող աչքերն հայ մանկանց, մորթվածներն հայ ցեղիս,

Քեզ թուրքատյաց դարձրին կոտորածներն հայ ցեղիս,

Որ կայծակեց հայ վրեժ - անմեղ թուրդ, Անդրանի՛կ:

- Քիչ ենք` բայց հայ` մռնչում, թռչում էիր սարեսար,

Քո անունն էլ լսելիս` փախչում էր թուրքն այսահար,

Հայ ազգն էիր դու փրկում հայոց սրով այս արդար,

Դու իմ հայոց յոթերորդ Սասնա ծուռդ, Անդրանի՛կ:

Ուր դու էիր հայտնվում` հայոց լացն էր ծիծաղվում,

Հայ մանկիկներ մորթոտող թուրքի մայրիկն էր դաղվում,

Վաթսուն հայդուկ քո գնդով, թուրքի մի զորք էր թաղվում,

Դժոխքից էր փրկըվում մայրդ, քույրդ, Անդրանի՛կ:

Ու սրբացավ քո սուրն էլ` թանգարանվեց հույսերով,

Ով յոթերորդ Սասնա ծուռ, թուր կայծակի լույսերով,

Մասիս կելնեն թոռներդ, կամ ծոռներդ քո սրով,

Որ ծովանա Մասիսով ազգ-աղբյուրդ, Անդրանի՛կ:

...Քո տանջված աճյունն էլ օտար հողում չենք թողնի,

Կոմիտասի պես քեզ էլ կբերենք հողն հայրենի,

Քեզ կթաղենք արծվաբույն բարձունքներում Սասունի,

Տուն կբերե Մասիսն էլ լոկ այս թուրդ, Անդրանի՛կ:

Ահա դառել զինվորդ` ես քո սուրն եմ համբուրում,

Արարատի մայր հույսով քո անունն եմ համբուրում,

Ես հայ ոգու վահագնյա անշեջ հուրն եմ համբուրում,

Հայ ազգն ինքն է հավիտյան անշեջ հուրըդ, Անդրանի՛կ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

23.06.1963 թ.


Просмотров: 1594 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/199
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2021 Хостинг от uCoz