Հ ա յ ր ե ն ա ս ի ր ա կ ա ն
«ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ»
Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրյակին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է Ցեղասպանությանը նվիրված գրքերի ցուցադրություն՝ «ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ» խորագրով: Ցուցադարակներին ներկայացված են թե խորհրդային տարիներին Հայաստանում եւ աշխարհի այլ պետություններում, թե Հայաստանի անկախացումից հետո Հայաստանում եւ այլուր տպագրված ավելի քան 230 գիրք:
Կենտրոնական ցուցադարակում ներկայացված են անվանի գիտնականներ Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատի առջեւ» /հայերեն, ռուսերեն/, Մկրտիչ Ներսիսյանի եւ Ռուբեն Սահակյանի կազմած «Հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի եւ նյութերի ժողովածուն /հայերեն, ռուսերեն/, Ստեփան Պողոսյանի «Հայոց Ցեղասպանության պատմություն» /եռահատոր/, Վերժինե Սվազլյանի «Հայոց Ցեղասպանություն. ականատեսների վկայություններ», «Հայոց Ցեղասպանություն եւ պատմական հիշողություննր» /հայերեն եւ չորս օտար լեզուներով/, Ալբերտ Իսոյանի «Սեւ գիրք» /հայերեն, ռուսերեն/ գրքերը:
Առանձին ցուցադարակով ներկայացված են Հայաստանի Ազգային արխիվի հրատարակած «Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայությունների փաստաթղթերի ժողովածու ըստ Պատմական Հայաստանի նահանգների» գիրքը /եռահատոր/, Ավագ Հարությունյանի կազմած «Հայոց Ցեղասպանություն» ծանրակշիռ մատենագիտությունը:
Թեմատիկ դարակներով ցուցադրված են Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հրատարակած հատորները, Հայոց Ցեղասպանությունը ճանաչած պետություններին վերաբերող գրքեր:
Ներկայացված են թեմային նվիրված տասնյակ հեղինակների մենագրություններ, հիշողություններ: Դրանց թիվն անցնում է հարյուրից:
Առանձին ցուցադարակով ներկայացված են հայ եւ օտար գրողների Ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական գործեր: Ներկայացված են Եղիշե Չարենցի, Գուրգեն Մահարու, Պարույր Սեւակի, Զարզանդ Դարյանի, Սերո Խանզադյանի, Ստեփան Ալաջաջյանի, Բոգդան Վերդյանի, Հմայակ Մկրտչյանի եւ ուրիշների վիպական պատումները, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը /հայերեն, ռուսերեն/:
Այս շարքում նորույթ է Նարեկ Սուքիասյանի կազմած «Հայոց Եղեռնի քրեստոմատիա» ժողովածուն, որտեղ ընդգրկված են Ցեղասպանության ենթարկված գրողների եւ Ցեղասպանության մասին գրած հայ գրողների ստեղծագործություններ:
Ցուցադրությունը խիստ ուսուցողական է և ունի հայրենասիրական դաստիարակության նպատակ: |