ՀՀ Անկախության հռչակագիր
23.08.2013 թ.
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի
միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի
ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական
արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ
նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով
1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի
վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի
Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի
28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական
ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի
ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝
Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական
իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի
Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի
Հանրապետության սահմանադրությունը և օրենքները: 3. Հայոց
պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր
իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների
միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա:
Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է
բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին: 4.
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար
սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի
հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և
աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր
քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից,
ռասայական պատկանելությունից և դավանանքից: 5. Հայաստանի
Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը
ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված
ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ:
Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի
իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների
զինվորկան ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց
ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի
Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի
Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն
խորհրդի որոշմամբ: 6. Հայաստանի Հանրապետությունը, որպես
միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն,
անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ
ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային
կազմակերպությունների գործունեությանը: 7. Հայաստանի
Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային
տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր,
մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց
տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի
Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային
հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի
մասնաբաժնի իրավունք: 8. Հայաստանի Հանրապետությունը
սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման
սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ,
ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի,
խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների
իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի
ապաքաղաքականացում: 10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է
հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի
բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական
համակարգ: 11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915
թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց
ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: 12. Սույն Հռչակագիրը
հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ
գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման,
պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության
մշակման համար:1990-ի օգոստոսի 23
|