ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅՑ ԱՐՑԱԽ
Հակոբ Թադևոսյանը «Ես եմ» ծրագրի մասնակիցների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում ապրիլի 14-15-ը, հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեց գիտնականների, մշակութային գործիչների մեծ խմբի այցելություն Արցախի զորամասեր:
Այսօրինակ այցելություններ իրականացվում են 2010 թվականից սկսյալ և խիստ կարևոր, դրական ազդեցություն են ունենում Հայաստանի ու Արցախի զորամասերում ծառայող զինվորների հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Խումբը Արցախի Հանրապետության տարածք մտավ հյուսիսային նորաբաց ճանապարհով՝ Քարվաճառի շրջանով:
Մշակութային այցին մասնակցում էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, նրա տեղակալ, պատմական գիտության դոկտոր-պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը, նույն ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, դոկտոր-պրոֆեսորներ Վահան Մելիքյանը, Գևորգ Ստեփանյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Արմենուհի Ղամբարյանը, Անահիտ Խոսրոևան:
Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնից մասնակցում էր պրոֆեսոր Աշոտ Հայրունին, ՀՀ կրթության ազգային ինստիտուտից բաժնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:
Ներկայացուցչական էր Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի մասնակցությունը: Խմբում էին հայոց պատմության ամբիոնի վարիչի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանը, գիտության թեկնածուներ Հակոբ Թադևոսյանը, Ավետիս Հարությունյանը, Արման Մարտիրոսյանը, նույն համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, հայցորդ Հրաչյա Պետրոսյանցը:
Այցին մասնակցում էին նաևգիտության թեկնածուներ Վահե Սարգսյանը, Կարեն Հայրապետյանը և ուրիշներ:
Քարվաճառի Կուսանաց անապատի մոտ այցի մասնակիցները փոքր դադար արեցին և Արցախի արագահոս Տերտեր /Թառթառ/ գետի ափին իրենց ձեռքով պատրաստած խորոված վայելեցին:
Հաջորդ առավոտյան մտավորականներին ընդունեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Պաշտպանության բանակի հրամանատարը խոսեց անցած մի քանի ամիսներին առաջնագծում կատարված տեխնիկական բարեփոխումների մասին, ինչի արդյունքում Արցախի սահմանները դարձել են ավելի պաշտպանված, զինծառայողների ծառայությունն ավելի անվտանգ: Նա նաև նշեց, որ հասարակության ցանկացած խավի և առանձնապես մտավորականության աջակցությունը կարևոր է ու բարձր է գնահատվում զինվորականության կողմից:
«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասին խոսեց ծրագրի հեղինակ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Խոսք ասացին Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Բաբայանը:
Բանակի հրամանատարի հետ հանդիպումից հետո մտավորականները շտաբից մեկնեցին զորամասեր և Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված դասախոսություններ կարդացին զինվորների և սպայական անձնակազմի համար:
Մշակութային այցի մասնակիցները բազում տպավորություններով վերադարձան Երևան:
Տիգրան ՊետրոսՅանց
Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն
«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի տնօրեն |