ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԱՐՑԱԽԻ ՖԼՈՐԱՆ»
Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում կայացավ կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի մանկավարժական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի լրագրողների միության անդամ, Էկոլոգիայի և կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, բուսաբան-ծառագետ Լևոն Վռամի Հարությունյանի «Արցախի ֆլորան» հիմնարար աշխատության Ա և Բ հատորների հետմահու ներկայացում-շնորհանդեսը՝ մեծ գիտնականի 90-ամյակի առիթով:
Մեծ գիտնականը կյանքի քառորդ դար մանկավարժական գործունեություն է ծավալել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նա 1978-1994 թթ-ին եղել է Մանկավարժական համալսարանի գյուղհիմունքների ամբիոնի, 1994-2005 թթ-ին՝ կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ:
Մեծ գիտնականի, մեծ Հայաստանասերի մասին խոսք ասացին նրա գործընկերները, նրա դուստրերը:
Իր գործունեության մեջ Լևոն Հարությունյանը միշտ առաջնորդվել է Հայաստան հայրենիքի ու նրա բնության ճանաչողական տարածքների պրոպագանդմամբ: Եվ այդ արել է բացառիկ Հայաստանասիրությամբ: Ասվածի առանձնահատուկ օրինակ է «Արցախի ֆլորան» երկհատոր աշխատությունը: Այս գործը նաև այդ բնագավառի քաղաքագիտական զենք է և մի լրացուցիչ հիմք մեր պատմական հայրենիքի անտրոհելի միասնականության մասին:
Կար ժամանակ, որ գրատպության տառերը ձուլվում էին արճճից: Այդ նույն մետաղից են պատրաստվում նաև փամփուշտի մարդասպան գնդակները: Եվ բանաստեղծ Համո Սահյանը զգուշացնում էր, որ արճճից են ձուլվում փամփուշտն ու տառը: Այս համեմատությունը արդիական է նաև բորլոր ապագա ժամանակների համար: Լևոն Հարությունյանի աշխատությունը զենք է մեր դիվանագիտության համար որպես «Արցախի ֆլորա» գործիք:
Գրքի ծնունդը ապրող հեղինակի համար երեխայի ծնունդին համազոր է: Գրքի հետմահու հրատարակությունը /Բ հատորը տպագրվել է հետմահու/ հեղինակի համար հուշարձան է:
«Արցախի ֆլորան» աշխատության ներկայացմամբ-շնորհանդեսով Լևոն Հարությունյանի դուստրերը հուշարձան դրեցին իրենց հոր հիշատակին:
Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները հեղինակի |