ՄԻԹԵ ԿԱՐԵԼԻ Է ԱՅԴՔԱՆ ՉՍԻՐԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
/1918-1921 ԹՎԱԿԱՆՆԵՐ/
Հինգ տարի առաջ գրել եմ մի փաստի մասին, որ այսօր էլ նույն է:
Այն ժամանակ այս նույն հարթակում գրել եմ, որ Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարությունը կամ նվազագույնը չի սիրում Հայաստանի Հանրապետությունը կամ ատում է Հայաստանի Հանրապետությունը: Խոսքը 1918-1921 թվականների մասին է:
Այդ ժամանակաշրջանի զինվորականներին վերաբերող բաժնում բացառիկ կեղծիք է ներկայացված:
Խոսենք օրինակներով:
1. Թովմաս Նազարբեկյանի լուսանկարի տակ գրված է «ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ»: Կեղծիք է: Թովմաս Նազարբեկյանը ռուսական բանակի գեներալ-մայորի աստիճան ստացել է 1907 թ-ին և այդ աստիճանով էլ 1918 թ-ին հասել է Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրան 1919 թ-ի մարտի 25-ին շնորհել է սպարապետի /մարշալ/, 1919 թ-ի հուլիսի 15-ին՝ գեներալ-լեյտենանտի, 1920 թ-ի հունվարի 26-ին՝ հետևազորի գեներալի /բանակի գեներալ/ աստիճաններ: «Սպարապետ/մարշալի» կոչումը շնորհելուց հետո կառավարությունը հետագայում լրացրել է պակասող զինվորական աստիճանները:
2. Մովսես Սիլիկյանի լուսանկարի տակ գրված է ռուսական բանակի գեներալ: Կեղծիք է: Պիտի գրվեր «ռուսական բանակի գեներալ-մայոր»: Ու պիտի ավելացվեր, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1919 թ-ի մայիսի 28-ին նրան շնորհել է գեներալ-լեյտենանտի աստիճան:
3. Դանիել Բեկ-Փիրումյանի լուսանկարի տակ գրված է ռուսական բանակի գնդապետ: Կեղծիք է: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Դանիել Բեկ-Փիրումյանին 1918 թ-ի աշնանը շնորհվել է գեներալ-մայորի, 1919 թ-ի մայիսի 28-ին՝ գեներալ-լեյտենանտի աստիճան:
4. Նիկոլայ Ղորղանյանի լուսանկարի տակ գրված է ռուսական բանակի գնդապետ: Կեղծիք է: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 1919 թ-ի մարտի 26-ին Նիկոլայ Ղորղանյանը նշանակվել է ռազմական նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար / դերակալ գեներալ (1918 թ-ի հունվարին ռուսական բանակի ղեկավարությունը նման կոչում է շնորհել Անդրանիկ Օզանյանին):
Այսպես էր հինգ տարի առաջ:
2017 թ-ի հունիսի 14-ին կրկին մտա թանգարանի Հայաստանի Հանրապետության /1918-1921 թվականներ/ ցուցասրահի նույն բաժինը ակնկալելով, որ հինգ տարի առաջ մատնանշածս սխալները թանգարանի ղեկավարությունը /նոր/ անպատճառ ուղղած կլինի:
Ցավոք ամեն ինչ նույնն էր:
Մնում է մտածել, որ Հայաստանի պատմության թանգարանը անհաղորդ է Հայաստանի Հանրապետության պատմությանը կամ ուղղակի չի հարգում և չի ընդունում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ /1918-1921 ԹՎԱԿԱՆՆԵՐ/ պատմությունը և նրա համար ընդունելի է միայն ռուսական կայսրության շնորհումները:
Նշված կեղծիքների ճշտումների համար նվազագույն աղբյուր կարող է ծառայել Տիգրան Հայազնի /ՊետրոսՅանց/ և Գարեգին Ղազարյանի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» հանրագիտարանը /Ե., 2009 թ., էջ 113-135/:
Որ հունիսի 14-ին եղել եմ թանգարանում վկայում են մուտքի տոմսակը և վճարման տեղեկագիրը: Իսկ կեղծիքները լուսանկարել չթուլատրեցին /մինչդեռ աշխարհի ցանկացած թանգարաններում ես լուսանկարներ կատարել եմ/:
Տիգրան ՊետրոսՅանց |