ՎԱՌ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արարէ» հայագիտական հիմնադրամը, «Մեծահասակների ցկյանս ուսումնառություն» հասարակական կազմակերպությունը՝ Երիտասարդական համահայկական կենտրոնի աջակցությամբ «Ճանաչել իմաստություն» ծրագրի շրջանակում հուլիսի 10-ին անցկացրեցին իրենց հերթական 92-րդ հանդիպումը:
«Հայոց երգը որպես պատմական արձանագրություն» թեմայով բանախոսեց գրող, բանաստեղծ, մշակութաբան, հեղինակային երգերի կատարող, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մենակատար Արսեն Համբարյանը:
Բանախոսը բազմաթիվ օրինակներով հաստատեց, որ հայ երգը հայ էթնոսի անբաժան մասն է ու նրա այցեքարտը: Խոսքին զուգահեռ բանախոսը նաև կատարում էր հեղինակային երգեր, որոնք ստեղծվել էին թե հայտնի հեղինակների բառերով, թե իր բառերով:
Արսեն Համբարյանի, նրա ստեղծագործության մասին խոսք ասացին Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ-նկարիչ Արևշատ Ավագյանը, բանաստեղծուհի Նարեն, Յուրի Սարգսյանը, մանկավարժ-գրականագետ Ասյա Գրիգորյանը, Տիգրան ՊետրոսՅանցը:
Տիգրան ՊետրոսՅանցը մասնավորապես նշեց. «Ես հիմա հպարտությամբ եմ արձանագրում, որ մեզանից յուրաքանչյուրն այստեղ անմիջականորեն առնչվեց հայկական երգի, հայ մշակույթի ու ժամանակակից հայ գրականության հետ: Արսեն Համբարյանը մարմնավորում է մի շարք մասնագիտություններ կրող միջնադարյան գործչի: Նա հիանալի արձակագիր է, վկան՝ «Մարդանոց», «Առակներ» գրքերը, Հովհաննես Թումանյանի պատմվածքների յուրօրինակ շարունակություններով գրված «Բա հետո» հեքիաթաշարը, բանաստեղծ, վկան՝ «Հաղթականչ» դյուցազնավեպը, հեղինակային երգերի ստեղծող, վկան՝ «Գարեգին Նժդեհ», «Անդաստան» /բառերը՝ Դանիել Վարուժանի/, «Մոնթե» /անցած հունիս ամսին ճանաչվել է շաբաթվա երգ/ և բազում այլ երգերը, արտակարգ ու պատմական հայ, վկան՝ Նեմրութի Աստվածատունն ստեղծած Երվանդունի արքայի հետ դիմագծերի նույնազուգահեռությունը, հպարտ ծնող-հայր, վկան՝ հենց նոր ձեզ ու բոլորիս համար հայրական առակները կարդացող դուստրը՝ Լուսինեն, բարեգործ-կատարող, վկան՝ բոլոր-բոլոր հանդեսներում նրա մասնակցությունը երգով ու ասմունքով, վկան՝ ես ու իմ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը, որի տպագրության համար կազմակերպված համերգում Արսենը հանդես է եկել որպես անվարձ մշակ: Ես հպարտ եմ մեր ընկերության համար, որ արդեն մեկ տասնամյակի պատմություն ունի: Հպարտ եմ, որ կարող եմ ասել, որ Արսեն Համբարյանի ընկերն ու ժամանակակիցն եմ»:
|