ՊԱՏՎՈԳԻՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի ընթերցողների կեսից ավելին Երևան քաղաքում գործող բուհերի, քոլեջների ուսանողներ և դպրոցականներ են:
2012 թ-ին գրադարանն առաջին անգամ վիճակագրական հաշվառում է անցկացրել և պարզել, որ ընթերցող ուսանողների թվով առաջինը Երևանի պետական համալսարանն է և «Ամենակարդացող բուհ» անվանակարգով ԵՊՀ-ին պարգևատրել է պատվոգրով:
Այս տարի գրադարանի տնօրինություն ը ամփոփել է 2013 թ-ի «Ամենակարդացող բուհ» անվանակարգի արդյունքները և առաջին երեք տեղերը գրաված բուհերին պարգևատրել պատվոգրերով:
Առաջին տեղին արժանացել է Երևանի պետական համալսարանը /շուրջ 4000 ընթերցող/:
Երկրորդը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է շուրջ 3000 ուսանող-ընթերցողներով:
Երրորդ տեղում Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն է:
Ապրիլի 18-ին Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի հանդիսասրահում պատվոգրերը հանձնվեցին հաղթող բուհերի ներկայացուցիչներին:
Հաղթողներին շնորհավորեց Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ շրջանավարտ Հասմիկ Կարապետյանը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվոգիրն ստացավ ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Նա իր խոսքում նշեց. «Մեր համալսարանի ղեկավարությունը, հանձինս բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի, շնորհակալ է, որ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը նույնպես դերակատարություն ունի մեր ուսանողների գիտելիքների համալրման գործում իր գրքային պաշարով և աշխատակիցների վերաբերմունքով»:
Պատվոգրերի հանձնումից հետո կազմակերպված մշակութային միջոցառման ժամանակ երկու երգ կատարեց ՀՊՄՀ ուսանողուհի Ալվինա Տիգրանյանը /նրան նվագակցեց Սուսաննա Ուռուտյանը/:
Լուսանկարները՝ Սերինե ՀովհաննիսՅանի
|