258-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018 թ-ի հունիսի 2-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 258–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ծավալուն խոսք ասաց նախորդ շաբաթվա ընթացքում երկրում ծավալված գործընթացների մասին, արժևորեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստանի պետություն կատարած այցի, առանձնապես Ջավախք այցելության և տարածքի հայության հետ հանդիպումների մասին: Նա նաև կարևորեց Վրաստանում պրոֆեսիոնալ և հայրենասեր դեսպան և դեսպանություն ունենալու անհրաժեշտության մասին և սրիկայություն համարեց Վրաստանում նախկին դատավորի, նախկին ծանրորդի, նախկին պատգամավորի նշանակումը, որոնցից ոչ մեկը որևէ բանով պիտանի չեղավ մեր պետականությանը: Այդ երկրի կարևորության առումով հիշեցրեց 1918-1921 թթ-ին Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այդ երկրում բարձրակարգ պրոֆեսիոնալ դեսպանի նշանակումը և անգամ ռազմական կցորդի գեներալական աստիճանով անձի նշանակումը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Կարինե Ամիրյանը /«Մեր իրավունքը»/, Սիրանույշ Գրիգորյանը /«Թութ»/, Մելսիդա Հակունցը /«Խավարից դեպի լույս»/, Գարիկ Գալոյանը /«Քեզ կթվա միայն»/, Վարդան Գրիգորյանը /«Եղիր հավիտյան»/, Անահիտ Պապոյանը /«Ապահարզան ապահարզանին»/, Արմեն Գևորգը /«Հայաստան, իմ սեր»/, Իշխան Բադալյանը /«Հայոց տուն»/, Հասմիկ Իսրայելյանը /«Բաց նամակ հարազատներիս»/, Արմո Առաքելյանը /«Իմ ժամանակն է»/, Մամիկոն Հովհաննիսյանը /«Մոռացել եմ»/, Անի Պետրոսեանը /«Ժամանակի հետ»/, Սիմոն Հովհաննիսյանը /«Փայլում էր...»/, Մարիամ Թարվերդյանը /, «Մեռնող վեհություն»/, Արմեն Երիմյանը /«Կուզեմ գնալ»/, Վան Եղեգը /Ներդաշնակություն/, Նանա Մկրտչյանը /պատմվածքի 4-րդ մաս/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հովհաննես Սևակը ներկայացրեց ուսանողական վաղամեռիկ ընկերոջ երկու ոտանավոր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |