240-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի դեկտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 240–րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում խոսակցություն ծավալվեց մի թեմայով, որ նախորդ հանդիպումներից մեկում առաջադրել էր Նանա Մկրտչյանը՝ «Գրողը պատասխանատու է ընթերցողների առաջ»: Քննարկման առանցքում գրողի աշխարհայացքը, գրական ճաշակը, եզրահանգումներն էին և քննարկողներ եկան այն կարծիքին, որ գրողը պատասխանատվություն է կրում իր ստեղծագործությամբ, որովհետև լայն կտավով նա անկախ անգամ «իր համար» գրելուց, սերունդ և սերունդներ է դաստիարակում:
Տիգրան ՊետրոսՅանցը հակիրճ ներկայացրեց նախորդ օրը գրադարանում անցկացված «Լավագույն ընթերցող 2017» մրցույթի վկայականների հանձնման արարողությունը և մեկ անգամ ևս շնորհավորեց «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Սևակ Հովհաննիսյանին և Տաթև Ենոքյանին՝ լավագույնների ցուցակում ընդգրկվելու համար, նշելով, որ այդ հաջողության մեջ կարևոր դերակատարություն ունի նաև «Չորեքշաբթի» գրական ակումբը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Գարիկ Գալոյանը /«Քարերը երգում են»/, Հմայակ Մկրտչյանը /«Խրամատային»/, Վարդան Գրիգորյանը /«Մի դատարկեէ Հայրենիքը»/, Սևակ Հովհաննիսյանը /«Դու»/, Իշխան Բադալյանը /«Տխրությունդ հանձնիր հողին»/, Մարիամ Գրիգորյանը /«Որքան կուզեի»/, Դավիթ Ֆահրադյանը /«Բոլոր «տգեղ աղջիկներին»/, Մարի Արշակյանը /«Հիշողությունների պատառիկներ Հայրենիքից»/, Հասմիկ Իսրայելյանը /«Թույլ տուր, որ լինեմ միայնակ»/, Գոհար Մարտիրոսյանը /«Գարնանային»/, Քրիստինե Շիպակցյանը /«Ինչու»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Գոհարը, Հասմիկը, Մարին, Սևակը, Հմայակը կատարեցին մեկ տասնյակից ավելի ազգագրական, ժողովրդական, հայրենասիրական երգեր: Սևակը դաշնամուրի վրա կատարեց Շոպենի նոկտյուրնը:
Վերջում բոլոր մասնակիցներով կատարեցին հայության միասնաբար կատարվող «Ամպի տակից ջուր էր գակիս» երգը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի |