227-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի սեպտեմբերի 16-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 227–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Ե/5» գրքի պատրաստի օրինակը: Նա նշեց, որ գիրքը կտպագրվի մինչև սեպտեմբերի վերջը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հերմինե Մովսիսյանին, ինչպես նաև մտավորական, բազմալեզու ասմունքող, ծնունդով ախլցխացի Բորիս Չթչյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Անի Պետրոսեանը /«Բարձր շնչիր»/, Մելսիդա Հակունցը /«Մեր հին նստարանը»/, Զաբելա Աբելյանը /«Ոչ դու, ոչ նա»/, Վարդան Գրիգորյանը /«Մեր գոհար»/, Իշխան Բադալյանը /«Պոետ չեմ, հոգիս»/, Հերմինե Մովսիսյանը /«Լույսիս», «Դու չկաս»/, Տարոն Գրիգորյանը /«Շնորհակալ եմ»/, Մարի Արշակյանը /«Ես հետ եմ գալիս»/, Օֆելյա Սարգսյանը /«Երկար ճանապարհ»/, Աննա Թադևոսյանը /«Մի ծաղիկ ունեի», «Անծանոթ ձեռքեր»/, Նանա Մկրտչյանը /«Ես սիրահարված եմ ժամանակին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում հանդիպման մասնակիցներից Աննան, Տարոնը, Իշխանը, Վարդանը, Զաբելան, Մելսիդան, Անին կարդացին մեկական բանաստեղծություն:
Բորիս Արամի Չթչյանը խոսեց իր մասին, կարդաց Սայաթ-Նովային նվիրված իր բանաստեղծությունը, ապա հայերեն, ռուսերեն, վրացերեն պարսկերեն արտասանեց Սայաթ Նովայի, Նահապետ Քուչակի, Ավետիք Իսահակյանի բնագիր և թարգմանված երկու տասնյակ ստեղծագործություններ:
Քույրեր Տաթև և Նելլի Ենոքյանները զուգահեռ արտասանեցին Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» բանաստեղծությունը, Տարոն Գրիգորյանը արտասանեց Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններից մեկը:
Նանա Մկրտչյանը կատարեց Սայաթ Նովայի երգերից մեկը, Սյուզաննա Առաքելյանը՝ «Կակաչներ» երգը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Տաթև Ենոքյան
Լուսանկարները՝ հեղինակի և Սյուզաննա Առաքելյանի |