200-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2017 թ-ի փետրվարի 25-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 200–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց «Չորեքշաբթի» գրական ակումբի պատմության, նախորդ չորս տարիներին կայացած 200 հանդիպումների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների հետ 50-ից ավելի հանդիպումների, «Չորեքշաբթի» Ա,Բ,Գ ժողովածուների տպագրության մասին: Նշեց, որ մարտի 18-ին շքեղորեն կնշվի «Չորեքշաբթի» գրական ակումբի 4-ամյակը, այդ օրը տեղի կունենա «Չորեքշաբթի Դ» հատորի /հավանորեն նաև այլ գրքերի/ շնորհանդեսը, կհրավիրվեն բազմաթիվ հյուրեր:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներ մշակութասեր Վազգեն Պետրոսյանին, դրամատուրգ Արշակ Սեմերջյանին, Մանկավարժականի մշակութաբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Ժորա Զաքարյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Նանա Մկրտչյանը /կարդաց Պարույր Սևակի «Նորից չեն սիրում» բանաստեղծության իր կատարած ֆրանսերեն թարգմանությունը/, Մերի Թևոսյանը /«Ես հեռանում եմ»/, Վարդան Գրիգորյանը /«Չվհատվեք»/, Սևակ Հովհաննիսյանը /«Ինչքան օրեր տեսա»/, Տարոն Գրիգորյանը /«Ծանոթություն»/, Իշխան Բադալյանը /«Հայր ու մանուկ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Առաջին համբույր և դավաճանություն»/, Ոսկին /«Սիրելիս»/, Մհեր Կորկոտյանը /«Գոյության պայքար»/, Մարի Արշակյանը /«Հիշողություն»/, Մելսիդա Հակունցը /«Խոսք աշխարհին»/, Օֆելյա Սարգսյանը /«Սարի եղնիկ»/, Էլիչկա Ծորմուտյանը /«Վայրի կենդանին»/, Արմենուհի Թամոյանը /«Անվերնագիր»/, Տաթև Ենոքյանը /«Երանի»/, Արեվվան /«Պարտեր համար 509»/, Մհեր Խեչոյանը /«Հայի հոգին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
«Մշակութային լուսանցք» բաժնում Մելսիդան, Ոսկին, Իշխանը, Տարոնը, Սևակը, Վարդանը, Մերին կարդացին մեկական բանաստեղծություն: Տաթևը, Ոսկին, Սևակը, Տարոնը կարդացին Պարույր Սևակի, Էլիչկան, Իշխանը՝ Հովհաննես Շիրազի, Վարդանը՝ Համո Սահյանի բանաստեղծություններից:
Վազգեն Պետրոսյանը նշեց, որ հանդիպումը և մշակութային, և հայրենասիրական լիցք հաղորդելու լիցք էր կրում և իրեն շատ դուր եկավ:
Չորսժամյա հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Սյուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի |