170-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի հուլիսի 16-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 170–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց գիշերը Թուքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին, ներկայացրեց կատարվածի ժամանակագրությունը և հարևան երկրների, Եվրոպական պետությունների, Ռուսաստանի և ԱՄՆ-ի արձագանքը: Պատասխանեց բազմաբնույթ հարցերի:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Սյուզաննա Առաքելյանը /«Անցավ...»/, Մարինե Հակոբյանը /«Անվերնագիր», պատմվածք/, Մարգարիտ Հովսեփյանը /«Ջորջիկն ու հավիկը», «Ջորջիկն ու տատիկը»/, Ազնիվ Պետրոսյանը /«Ամենաթանկը», «Դու չհասկացար»/, Աիդա Ավդալյանը /«Միթե դուք հայր չեք», «Դաժան դասեր»/. Վարդան Գրիգորյանը /«Հայաստան», «Ծարավ էի»/, Հրաչյա Հարությունյանը /«Ազգ իմ հայոց», «Դու...»/, Իշխան Բադալյանը /«Հողը հիվանդ է», «Դու իմ մահն ես»/, Տաթև Ենոքյանը /«Եթե գայիր», «Բնության երգը»/, Արմենուհին /«Մի կողմից», «Որքան լցված են լուսաբացին»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Տիգրան ՊետրոսՅանցը փոքրիկ դասախոսություն կարդաց Հայոց պատմական Եդեսիա /Ուրֆա/ քաղաքի մոտակայքում գտնված Պորտաքարի հուշարձանի, պեղումներով հայտնաբերված նյութերի մասին՝ այդ ցուցանմուշները բարձրորակ լուսանկարներով ցուցադրելով էկրանին: Պատասխանեց նույն տարածքում վերջերս պեղված Աբգար 5-րդ հայազգի թագավորի դամբարանի մասով տրված Մարինե Հակոբյանի հարցին: Նշեց, որ այս դամբարանի բացահայտումը գալիս է հաստատելու Մովսես Խորենացու պատմության բացարձակ ճշգրտությունը և սառը ցնցուղ է Խորենացու պատմության այդ հատվածը ավանդություն համարող հայ ու օտար պատմաՇԻՆԱՐԱՐների հիշողությանը:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Մարինե Հակոբյանը, Աիդա Ավդալյանը, Ազնիվ Պետրոսյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Հրաչյա Հարությունյանը ներկայացրեցին իրենց մեկական բանաստեղծություն:
Հրաչյան /Հրաչյա-Ժորա Հակոբյան/ կարդաց Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը և կատարեց նույն բանաստեղծության հիման վրա Ալեքսանդր Հարությունյանի գրած երգը:
Սյուզաննա Առաքելյանը, Արմենուհին, Հրաչյան կատարեցին հայրենասիրական, ժողովրդական մի շարք երգեր:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |