151-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2016 թ-ի մարտի 12-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 151–րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամի վկայական հանձնեց Տիրուհի Սիրեկանյանին և Անի Պետրոսյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նորեկ, Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի 1-ին կուրսի ուսանող Տաթև Ենոքյանին:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Արեվվան /Արփինե Լազարյան, «Ամառ-Ձմեռ»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Բարև»/, Վարդան Գրիգորյանը /«Կապանքները»/, Զարուհին /«Համար 108-ը»/, Հրաչյա Խաչիկի Հարությունյանը /1, 2 տողանոց մտքեր և բանաստեղծություն/, Իշխան Բադալյանը /«Սա քո երկիրն է», «Թե անկեղծ ես»/, Հմայակ Մկրտչյանը /«Լոռվա քամին»/, Աննա Թադևոսյանը /«Ասեղը»/, Լուսինե Հակոբյանը /«Մայրիկ»/, Սյուզաննա Առաքելյանը /«Մայրիկ»/, Անի Պետրոսյանը /«Տուր ինձ թևեր»/, Էվելինա Միրզոյանը /«Կյանքը խաղ է»/, Գայանե Ղազարյանը /«Ես չեմ ուզում», «Ծառերն ինչ անեն»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Մարգարիտա Հովսեփյանը, Հրաչյա Խաչիկի Հարությունյանը, Վարդան Գրիգորյանը կարդացին իրենց մեկական բանաստեղծություն, իսկ Զարուհին՝ իր և Հրաչյայի /Ժորա Հակոբյան/ համահեղինակությամբ գրած բանաստեղծությունը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
ՀԳ.1
ՏԱԹԵՎ ԵՆՈՔՅԱՆ /ֆեյսբուքյան գրառում/: Ուզում եմ խոսել տպավորություններիս մասին, նախ շատ շնորհակալ եմ Լիանին ծանոթացնելու համար, շատ շնորհակալ եմ ձեզանից պարոն Պետրոսյանց և բոլորիցդ, բոլորդ յուրովի մի աշխարհ եք: Մինչ այս ես անընդհատ փորձում էի իմ առաջ նպատակներ դնել, որպեսզի նորից ոգևորվեմ, նորից պայքարեմ, նորից սովորեմ: Բայց այս հանդիպումից հետո հասկացա մի շատ պարզ ճշմարտություն, որ չենք պայքարում միայն նպատակների համար, վերջ ի վերջո գալու է մի ժամանակ, երբ կհիասթափվենք այդ նպատակներից: Պայքարում ենք ինքներս մեզ համար, մեզ ավելի լավը դարձնելու համար, որովհետև, իրոք, եթե մարդը ուզում է թևեր, ինչպես ասում էիք, նա ինքը իր համար կպատրաստի այդ թևերը, ու կարևոր չէ, թե այդ թևերը վիրավոր են, թե ոչ, կարևորը մարդու ցանկությունն է, միշտ առաջ նայելու ցանկությունը: Իրոք շատ շնորհակալ եմ բոլորիցդ: Շնորհակալ եմ այս մեծ ոգևորության համար, ամեն ինչի համար: Ու կարևորը մի բան հասկացա, որ ինչքան փոքր եմ ու ինչքան տեղ ունեմ աճելու ու սովելու: Եվս մի անգամ շնորհակալություն:
ՀԳ.2
ՀՐԱՉՅԱ ԽԱՉԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ /ֆեյսբուքյան գրառում/: 2016 թ-ի մարտի 12-ին, շաբաթ օրը, ժամը 11.00-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 151–րդ հանդիպումը: Ինչպես միշտ, մեր այս մշտապես շատ սպասված, հանդիպումը տեղի ունեցավ շատ ջերմ մթնոլորտում: Տիգրան Պետրոսյանցն ինձ հանձնեց ՛՛Չորեքշաբթի Բ՛՛ գիրքը, որն ընդգրկում է ավելի քան 60 հոգու ստեղծագործություններ: Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հիմնադիր Տիգրան Պետրոսյանցին և մեր գրական ակումբի բոլոր անդամներին: Ցանկանում եմ մեր սիրելի ակումբին սիրո, ջերմության վրա հիմնված երկարակեցություն:
Այս աքրոստիկոսը սիրով նվիրում եմ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հիմնադիր Տիգրան Պետրոսյանցին:
Տիգրանն ես դու հայկազունի, թե Տիրը մե՜ծ, իմաստո՜ւն,
Իրականում երկուսին էլ դու քո մեջ ես պարփակում,
Գեղեցիկ ես, հոգով մաքուր, անկեղծ ես միշտ այս կյանքում,
Րոպեն քեզ մոտ դար է թվում, հառնող դարը՝ ակնթարթ,
Արարչական մտքով հզոր հայրենիք ես դու կերտում,
Նենգ ու դաժան խամաճիկներն քեզանից են սարսափում:
Պատմությունը ազգիս Հայոց թեժ պայքար է միշտ եղել,
Եվ նա նույնիսկ Թուր-Կեծակին պատյանի մեջ չի դրել,
Տիր Աստծո պես, լույս-գիտություն, գիր ու միտք ես տարածել,
Րոպե անգամ, օրենքը սուրբ, քո գործերով չես խախտել,
Ոչ մի անգամ թույլ ու նենգի՝ բորենու դեմ չես ծնկել,
Սեր, ընտանիք և Հայրենիք՝ սրբությունն ես դու պաշտել,
Յուրաքանչյուր քայլը խորհել, միայն հետո ես կատարել,
Ազգի վաղվա օրվա համար, պայքարել ես ու հաղթել:
Նա իր կյանքով նոր սերունդին օրինակ է ծառայել,-
Ցանկանում եմ քեզ Տիր-Տիգրան, Արարիչը պահապան: |