114-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
2015 թ-ի սեպտեմբերի 19-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության փոքր սրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի հերթական 114-րդ հանդիպումը:
Հանդիպման առաջին մասում Տիգրան ՊետրոսՅանցը համառոտ ներկայացրեց օրվա բանախոսի՝ պատմաբան-նկարիչ Աշոտ Առաքելյանի կենսագրությունը: Աշոտ Առաքելյանը ծնվել է Արցախի Ննգի գյուղում, ավարտել է Երևանի թիվ 40 դպրոցը, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, սովորել է նույն համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի նկարչական բաժնում, նկարչական մասնագիտական դասընթաց է անցել Մոսկվայում:1971-1972 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1972-1992 թթ-ին աշխատել է Մանկավարժական համալսարանում: 1992 թ-ից բնակվում է Չեխիայում և զբաղվում է նկարչությամբ: Հայաստանի, Արցախի, Մորավիայի, Չեխիայի նկարիչների միության անդամ է: Զբաղվում է հասարակական գործունեությամբ, ելույթներ է ունենում Հայոց Ցեղասպանության թեմաներով, ներկայացնում է Հայաստանը Եվրոպական մամուլում, հայրենի գյուղում հովանավորել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշաքարի կառուցումը, ամեն տարի հովանավորում է դպրոցի առաջին դասարանցիներին:
Նախնական պայմանավորվածության համաձայն Աշոտ Առաքելյանը ներկայացրեց զրույց-դասախոսություն «Եվրոպան և իսլամը» թեմայով /ավելի մանրամասն տես՝http://aadmag.am/%D5%AB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A8-%D5%…/ հասցեում/:
Հաջորդիվ Տիգրան ՊետրոսՅանցը փոքրիկ հաղորդում ներկայացրեց սեպտեմբերի 12-14-ին Արցախ կատարած մշակութային արշավի մասին: Նա հանդիպման մասնակիցներին փոխանցեց սահմանում ծառայություն կատարող զինվորների ողջույնը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Մարգարիտ Հովսեփյանը /«Սիրուշի բախտը»/, Վահագն Մովսիսյանը /«Ախ այս աշխարհը», «Մանկության երազ»/, Վարդան Գրիգորյանը /«Սիրում եմ», «Ով էր մեղավոր»/, Աստղիկ Հակոբյանը /«Աքրոստիկոս պապիս»/, Նանա Մկրտչյանը /«Ինքնադիմանկար»/, ակումբի նորեկ, Երևանի պետական համալսարանի ուսանող Արմեն Սաֆարյանը /«Պայքարեք հայեր»/, Տիգրան ՊետրոսՅանցը /«Զինվոր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: |