ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՊՄՀ ՀԻՄՆԱԴԻՐ ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
08.12.2010 թ.
ՀՊՄՀ գիտական գրադարանի ցուցասրահի ,,Գրքի թանգարանի,, հոբելյանական վահանակում կազմակերպվել է ՀՊՄՀ հիմնադիր Գուրգեն Էդիլյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդես: Գուրգեն Էդիլյանը ծնվել է 1885 թվականի դեկտեմբերի 25-ին Իջևան քաղաքում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը /1896/, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը /1903/, 1904-1909 թվականներին սովորել է Ենայի, Լայպցիգի, Բեռնի համալսարաններում: 1909 թվականին պաշտպանել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի ատենախոսություն: Պաշտոնավարել է Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում: 1920 թվականին հրավիրվել է Երևանի պետական համալսարան: 1921 թվականին նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան` դնելով ապագա մանկավարժական համալսարանի հիմնաքարը: Հետագայում ևս դասախոսել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Նրա մանկավարժական գործունեությունն ընդհատվել է 1937 թվականին: Անհիմն մեղադրանքով աքսորվել է Սիբիր, որտեղ 1942 թվականի հունվարի 18-ին կնքել է մահկանացուն: Հետմահու արդարացվել է: Հետնորդներին Գուրգեն Էդիլյանը թողել է երեք տասնյակից ավելի տպագիր գրքեր, այդքան էլ տպագրության պատրաստ աշխատություններ, հրատարակել է 100-ից ավելի հոդվածներ: Ցուցահանդեսում ներկայացված են Գուրգեն Էդիլյանի ՀՊՄՀ գրադարանի պահոցում գտնվող մոտ երկու տասնյակ գրքեր, այդ թվում 1906 թվականին ,,Մուրճ,, հանդեսում տպագրված մեկ հոդված, 1914 և 1916 թվականներին և հետագայում տպագրված գրքեր: Պատրաստվել է նաև ,,Հիմնադիրը,, վերնագրով լուսանկարային պլակատ:
|