Կյանքից հեռացավ Կամո Ուդումյանը
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կյանքի 84-րդ տարում վախճանվեց
խորհրդային երեւելի դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ ու լիազոր պաշտոնաթող դեսպան
Կամո Ուդումյանը: Նա իր մահկանացուն կնքեց երկարատեւ հիվանդությունից հետո,
ՌԴ մայրաքաղաքի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում: Կամո
Բաբիի Ուդումյանը ծնվել է 1927 թվականին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի
Բերդ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1950 թվականին գերազանցությամբ
ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
Հետաքրքրական է, որ դեռ ուսումնառության շրջանում, 1948 թ. գերազանց ուսման
համար պարգեւատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության
պատվոգրով: Տակավին ուսանող, 1949 թ. նա ընտրվում է
ԵՊՀ կոմերիտմիության կոմիտեի քարտուղար: Այնուհետեւ ընդունվում է
ասպիրանտուրա, իսկ 1952 թ. Ուդումյանն արդեն ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի առաջին
քարտուղարն էր: 1957-59 թթ. վարել է գիտական աշխատանք, եղել ՀԽՍՀ
Գիտությունների ակադեմիայի համակարգման խորհրդի, իսկ այնուհետեւՙ ԳԱ
Պատմության ինստիտուտի գիտական քարտուղար: 1959 թ. երիտասարդ պատմաբանին ընտրում են ՀԿԿ Շահմշադինի շրջկոմի առաջին քարտուղար, այսինքնՙ նա դառնում է հայրենի շրջանի ղեկավար: 1962
թ. վերադառնում է գիտական աշխատանքի Հայաստանի ԳԱ Պատմության ինստիտուտ:
1962-63 թթ. նա Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի
պրոռեկտորն էր, հետոՙ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի
ինստիտուտի հայկական մասնաճյուղի փոխտնօրենը գիտական աշխատանքների գծով: 1964-67
թթ. Կ. Ուդումյանը ղեկավարել է Հայկական մանկավարժական ինստիտուտը:
1967-72 թթ. նա ՀԽՍՀ մշակույթի նախարարն էր, եւ նրա պաշտոնավարման տարիները
նշանավորվեցին բազմաթիվ նախաձեռնություններով. այդ շրջանում էր, երբ
փառավոր կերպով նշվեցին Կոմիտասի ու Հովհաննես Թումանյանի 100-ամյա
հոբելյանները, Փարիզի Լուվրում կազմակերպվեց «Հայ արվեստը Ուրարտուից
մինչեւ մեր օրերը» մեծածավալ ցուցահանդեսը: Ազդեցիկ նախարարի աջակցությունն
էին վայելում շատ արվեստագետներ, Ուդումյանը սատարում էր ազգայինը, նորը,
առաջադիմականը: Հայ մշակույթի գործիչներից շատերը, մասնավորապես, մեծանուն
խմբավար Հովհաննես Չեքիջյանը, Ուդումյանին համարում են հանրապետության
մշակույթի ամենաարդյունավետ նախարարը, նրա անունը բարի խոսքերով են հիշում
մեր ստեղծագործական կոլեկտիվներում: 1972 թ. Կ.
Ուդումյանը նշանակվում է ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար, իսկ 1975 թ.
դառնում է ԽՍՀՄ դեսպանը Նեպալի Թագավորությունում: 1979-87 թթ. նա ԽՍՀՄ
դեսպանն էր Լյուքսեմբուրգում: Լյուքսեմբուրգյան «Թագենբլատ» թերթը մի
առիթով գրել է. «Մեծ եռանդի տեր մարդ, աշխույժ զրուցակից, պարոն Ուդումյանը
շատ է տարբերվում իր նախորդներից: Հակառակ դիվանագիտական միջավայրում
ընդունված մենախոսությունների, նա բանավեճ վարել գիտի եւ ազատորեն
շարադրում է իր մտքերը: Իր գործունեության մասշտաբները համաեվրոպական
բնույթ են կրում: Պետք է ծնվել դիվանագետ. Կամո Ուդումյանը, իր
մասնագիտությանը տիրապետելով կատարելապես, զրույցի ընթացքում հոյակապ
օգտագործում է նաեւ իր անձնական հաղթաթղթերը, իսկ մեկ-մեկ գործի դնում իր
ողջ հմայքը»: Մեր կողմից հավելենք, որ ԽՍՀՄ հայազգի
դեսպանի հյուրասեր ընդունելությունները, մասնավորապես, խաշի հրավերները,
մեծ հեղինակություն էին վայելում ողջ դքսությունում, դրանց ներկա էին
գտնվում նույնիսկ Լյուքսեմբուրգի դուքսի ընտանիքի անդամները: Արտերկրից
վերադառնալով Մոսկվաՙ աշխատել է ԽՍՀՄ ԱԳՀ տեղեկատվության վարչության պետի
տեղակալ: Երբ ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն դարձավ Գերագույն
խորհրդի նախագահության նախագահ, Ուդումյանին հրավիրեց խորհրդատուների խմբի
ղեկավարի տեղակալ: Հետագայում հայորդին աշխատեց Մշակույթի խորհրդային
հիմնադրամում: 1967-75 թթ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Պատմական գիտությունների դոկտոր էր, մի շարք պատմական գրքերի հեղինակ: 2001
թ. Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ արտակարգ ու լիազոր դեսպանի
դիվանագիտական աստիճան ունեցող պաշտոնաթող դիվանագետների թվում, արտաքին
քաղաքականության բնագավառում ՌԴ-ին մատուցած առանձնահատուկ
ծառայությունների համար նրան սահմանվեց լրացուցիչ պատվովճար: 2008 թ. Ուդումյանի անունը շնորհվել է «Երեւանի բաց համալսարանի» էլեկտրոնային գրադարանին: Երբ
2002 թ. դեկտեմբերին նշվում էր Ուդումյանի ծննդյան 75-ամյակը, ՌԴ ԱԳՆ
կոլեգիան ու վետերանների հասարակական կազմակերպությունը նրան հղած
շնորհավորագրում նշել են. «Այս տարիներին Ձեր անցած կյանքի ուղին լի էր
հետաքրքրագույն իրադարձություններով ու ձեռքբերումներով: Երեւելի քաղաքական
աշխատողի Ձեր արհեստավարժ որակները հաջողությամբ իրագործվեցին Նեպալում,
այնուհետեւՙ Լյուքսեմբուրգում արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնում: Այդ
երկրներում Ձեր աշխատանքն առանձնանում էր Ձեր առջեւ ծառացած խնդիրները
լուծելիս արհեստավարժությամբ, ծավալով, ստեղծագործական ակտիվությամբ:
Գործընկերներն իրավամբ են գնահատում Ձեր գործունեությունը, հիշում Ձեր
բարեսրտությունը, մարդկանց նկատմամբ ուշադրությունը: Այդ գնահատականի
հաստատումը Ձեր պետական պարգեւներն ենՙ շքանշաններն ու մեդալները»: Կամո
Ուդումյանը կապված էր հայրենիքի հետ, ակտիվորեն մասնակցում էր Մոսկվայի
հայ համայնքի ազգային կյանքին, մի քանի տարի եղել է Հայաստանյայց
առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի թեմական խորհրդի
ատենապետը: Այդ խելացի, սրամիտ, ջերմ ու կենսուրախ մարդուն միշտ կհիշեն նրա
ժամանակակիցներն ու նրան ճանաչածները: Հանգուցյալի կտակի համաձայնՙ դիակիզումից հետո նրա աճյունը կբերվի Հայաստան, կցրվի Շամշադինի շրջանում:
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 06-09-2011
Ցավակցություն
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատը իր խորին ցավակցությունն է հայտնում պետական, հասարակական անվանի գործիչ, դիվանագետ, Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Կամո Ուդումյանի
մահվան կապակցությամբ և վշտակցում է մերձավորներին:
mankavarzh.do.am կայքը միանում է սույն վշտակցության խոսքին:
|