«ՀԱՅԱԶԳԻ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԸ, ՄԱՐՇԱԼՆԵՐԸ»
Մայիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր գործիչների մեծարման օրեր» ծրագրի շրջանակում պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան ՊետրոսՅանցը հանդես եկավ հայազգի զորավարների, մարշալների մասին դասախոսությամբ:
Հայ ժողովրդի համար հաղթանակ խորհրդանշող ամսին՝ մայիսին կազմակերպված դասախոսությանը մասնակցեցին սփյուռքահայ մտավորականներ, ուսանողներ և նախարարության աշխատակիցներ:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց համաշխարհային երկու պատերազմներում հայազգի գեներալների, մարշալների դերի մասին: «Տարիներ շարունակ իմ խնդիրն եմ համարել հայոց պատմության ընթացքում աչքի ընկած հայազգի հերոսներին գտնելն ու հասարակությանը ներկայացնելը: Եվ վերջապես 2002թ. Հայկ Խաչատրյանի հետ տպագրեցինք մեր առաջին «Հայկազունք» աշխատությունը, որտեղ ներկայացրինք ազգությամբ հայ 406 գեներալների»:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց նաև Սարդարապատի և Ապարանի ճակատամարտերում հայերի ինքնակազմակերպման պատմությունը և այդ հաղթանակներում զինվորական բարձրագույն կոչումներ ունեցող հայերի ներդրումը:
Ներկայացվեցին նաև խորհրդային բանակի բարձրաստիճան զինվորականներ Հայկ Բժշկյանը, Գրիգոր Խախանյանը, Ոսկանյանը, Օնիկ Սահակյանը, Հայկ Հովակիմյանը, Արմենակ Խոնֆերյանվը, Հովհաննես Բաղրամյանը, Հովհաննես Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Միքայել Բարսեղովը, Հայկ Հովակիմյանը, Նվեր Սաֆարյանը:
Այնուհետև բանախոսն անդրադարձավ Հայաստանի Երկրորդ Հանրապետության ժամանակաշրջանում, Արցախյան ազատամարտի ընթացում իրենց մեծ ներդրումը բերած բարձրաստիճան զինվորականներին: «Գուրգեն Դալիբալթայան, Միքայել Հարությունյան, Նորատ Տեր-Գրիգորյանց, Մուրադ Սարգսյան, Կոմանդոս և այլք. նրանք կանգնած են մեր հաղթանակների և բանակի ձևավորման ակունքներում», - նշեց Տիգրան Պետրոսյանցը:
Շնորհակալություն հայտնելով Տիգրան ՊետրոսՅանցին ուշագրավ փաստերով հագեցած դասախոսության համար՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Դուք ներկայացրիք հայ գեներալների ու մարշալների 3 սերնդի պատմությունը: Այսօրվա սերունդը պետք է ճանաչի մեր հերոսներին, դաստիարակվի նրանց օրինակով, իմանա սեփական ժողովրդի ռազմական պատմությունն ու հպարտանա նրանով»:
Տիգրան ՊետրոսՅանցը նախարարության գրադարանին նվիրեց «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքի հայերեն և անգլերեն օրինակները:
Աղբյուր՝ http://www.mindiaspora.am/am/News/5232 |