տարվա ցուցահանդես
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
Երեխան մոր կաթից հետո հայրենասիրության գաղափարով դաստիարակվում է հազարավոր տարիների միջով անցած, սրբացած օրինակներով:
Պատմահայր Մովսես Խորենացին մեզ ավանդել է հարյուրավոր հերոսների անուններ: Նա սրբացրել ու ավանդել է Հայկ Նահապետի, Արամ Աշխարհակալի, Արա Գեղեցիկի, Տիգրան Երվանդյանի անունները...
Այս հերոսներն ապրել են Հայաստանով, սիրել են Հայաստանը, հանուն Հայաստանի պատրաստ են եղել զոհել ամենակարևորը՝ կյանքը:
Նրանց օրինակով են դաստիարակվել դավիթները /Սասունցի Դավիթ/, վարդանները /Մամիկոնյաններ/, սմբատները /Բագրատունիներ/, զաքարեները /Զաքարյաններ/, լևոնները /Ռուբինյան-Հեթումյաններ/, Դավիթ Բեկը, Արամ Մանուկյանը, Թաթուլը, մյուսները...
Մեսրոպ Մաշտոցը հայ ժողովրդին վերադարձնելով հանիրավի նրա գիտակցությունից ջնջված հայերեն տառերը, հնարավորություն տվեց, որ կրկին, իր օրերից սկսած առ մեզ հայերենով գրվեն գեղարվեստական գործեր, որոնք փառաբանում են Հայաստան հայրենիքն ու նրա հերոս որդիների սխրանքը:
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում բացվել է «Հայրենասիրությունը՝ պետության հիմք» գրքային ցուցահանդեսը:
Այն միայն փառաբանություն չէ, այն ուղի է դեպի հայրենասիրություն, որ եղել է, կա, կլինի մեր պետության հիմքը:
Ցուցահանդեսն ամբողջ տարվա համար է նախատեսված: Պարբերաբար կնորացվեն ցուցադրվող գրքերը, որ պարտավոր է տեսնել, կարդալ յուրաքանչյուր հայ ուսանող, յուրաքանչյուր հայ աշակերտ, յուրաքանչյուր հայ երեխա:
Այսպես պիտի դաստիարակվի, Հայրենիք սիրի հայը: |