ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱԼԵՔ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
28.09.2010 թ.
Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Ալեք /Ալեքսան/ Կարապետյանը /1941-2006/ 1960-ական թվականների կեսերին աշխատել է ՀՊՄՀ գեղարվեստի նորաբաց ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի ասիստենտ: Այնուհետև աշխատել է նկարչական դպրոցների նկարչության դասատու, ապա` Երևանի մանկական էսթետիկայի կենտրոնի գեղարվեստի բաժնի վարիչ:
Ժամանակի գույնի մեծագույն վարպետներից մեկն է եղել, անգամ համարվել է կոլորիտային նկարչաձևի ստեղծողը Հայաստանում: Թեև մասնակցել է խմբակային ցուցահանդեսների, սակայն կենդանության օրոք անհատական ցուցահանդես չի ունեցել: Եվ ՀՊՄՀ գիտական գրադարանում կազմակերպված ցուցադրությունը փաստորեն նրա հետմահու առաջին ցուցահանդեսն էր: Եվ այն ,,Ալեք Կարապետյան: Գնահատում,, խորհրդանշական անունն էր ստացել:
Գրադարանի ցուցահանդեսային պատի վրա ներկայացվել էին նկարչի երեք տասնյակ կտավներ, էտյուդներ և ավելի քան երեք տասնյակ հայկական հեքիաթների թեմաներով նկարազարդումներ /բոլոր նկարները և նկարազարդումները իմի էին բերվել անհատների հավաքածուներից/:
Ցուցահանդեսի կազմակերպման գործում մեծ էր նկարչի ընկերների` Ռաֆիկ Համբարձումյանի, Մարտին Միքայելյանի, քրոջ` Մարիամի, եղբոր` Մեսրոպի ներդրումը:
Ցուցահանդեսի էքսպոզիցիան իրականացրել է ՀՊՄՀ դասախոս, նկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մարտիրոսյանը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Միրզախանյանը, պրոռեկտորներ Լավրենտի Միրզոյանը, Միքայել Նադիրյանը, Անատոլի Սահակյանը, նկարչի հայրենակից ,,Նիգ-Ապարան,, հայրենակցական կազմակերպության անդամները, հարազատները, համակուրսեցիները, ընկերները:
Ցուցահանդեսի բացման խոսք ասաց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Գործընկերոջ մասին հիշատակի ու գնահատման խոսք ասացին Մարտին Միքայելյանը, Ֆերդինանդ Մանուկյանը, Հաղթանակ Շահումյանը, Սարո Սարուխանյանը, Ապարանի կուսշրջկոմի նախկին առաջին քարտուղար Թամարա Ալոյանը, հարազատներից Ալիկ Շահբազյանը: Միջոցառումն իր ազգագրական երգերի շարանով հարստացրեց Մանիկ Գրիգորյանը:
Ցուցադրության տաս օրերի ընթացքում քսան հազարից ավելի ուսանողներ վայելեցին գույնի մեծ վարպետի գործերի հաճույքը:
Սեփական լրատվություն
Ծանոթություն` Նյութը տպագրվել է ,,Հայաստան,, թերթի հոկտեմբերի 8-ի համարի 6-րդ էջում: Նյութի հետ միաժամանակ տպագրվել է երկու լուսանկար: |