Աշակերտները ծանոթացան Մանկավարժական համալսարանին
06.02.2013
Պատմության և իրավագիտության ֆակուլտետը բազմապիսի
նախաձեռնություններով սերտորեն համագործակցում է հանրակրթական տարբեր
հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով պատմական գիտելիքները փոխանցելուց բացի աշակերտներին հաղորդել հայրենասիրական շունչ ու ոգի:
Այդ
համագործակցության շրջանակում այսօր ֆակուլտետը բուհում հյուրընկալել էր
Երևանի №112 փարձարարական ավագ դպրոցի հումանիտար հոսքի 10-12-րդ
դասարանների շուրջ 40 աշակերտների:
Վերջիններս
մասնակցեցին «Պատմության դասերը» խորագրով դասախոսությանը, որի ընթացքում
ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ
Գևորգյանը ներկայացրեց հայ ժողովրդի հերոսական անցյալի դրվագները,
վերլուծեց ներկայի և ապագայի պատմական իրողությունները: Էդիկ
Գևորգյանը խոսեց նաև ուսուցչի՝ հայ ժողովրդի կյանքում մեծ դերակատարում
ունենալու մասին՝ ընդգծելով, որ ցանկացած մասնագիտության մեջ խիստ կարևոր
են մանկավարժի հմտություններն ու հոգեբանությունը:
Դպրոցի
տնօրեն, ՀՊՄՀ երբեմնի Պատմության ֆակուլտետի շրջանավարտ Սարգիս Քարամյանի
եւ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ աշակերտները շրջեցին համալսարանում,
եղան բուհի թանգարանում, շախմատի և ինֆորմատիկայի լսարաններում, հայոց
պատմության ուսումնական կաբինետում, ծանոթացան գիտական գրադարանի հարուստ
գրապահոցին:
Տեսնելով դպրոցական
այցելուների ոգևորությունն ու լսելով նրանց կարծիքները՝ Էդիկ Գևորգյանը
վստահեցրեց, որ աշակերտներից շատերը բուհից հեռացան անխախտ որոշմամբ՝ ոչ
հեռու ապագայում իրենք հենց այս համալսարանի ուսանողներն են լինելու:
http://armspu.am/news/n/1696/ln/am
|