ԱՅՑ ԱՐՑԱԽ
Հոկտեմբերի 8-10-ը Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը պրոռեկտոր Արմեն Թամազյանի գլխավորությամբ այցելեց Արցախի Հանրապետություն: Այցի նպատակը և գործնական էր, և ճանաչողական: Պատվիրակության կազմում էին լրատվական վարչության պետ Դիանա Մարկոսյանը, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս, դոցենտ Հակոբ Թադևոսյանը, պարարվեստի մանկավարժության ամբիոնի դոցենտ Գոհար Աբրահամյանը, ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության և երաժշտության բաժինների, ինչպես նաև այլ ֆակուլտետների չորս տասնյակից ավելի ուսանողներ:
Խումբը Արցախ մտավ Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքից՝ Զոդից, և նորակառույց մայրուղով ճանապարհվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ:
Առաջին օրը խումբը ճանաչողական-մշակութային կանգառներ ունեցավ Դադիվանքում, Գանձասարում, Գանձասարի ձորում՝ Առյուծ արքայի հուշահամալիրում:
Այցի երկրորդ օրը պատվիրակությունը մասնակցեց Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպված Բերքի տոնին, որին առանձին տաղավարներով մասնակցում էին երկրի բոլոր համայնքային տնտեսությունները: Միջոցառման սկզբում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնեց հայրենի հողի մշակի արտադրած բերքն ու մաղթեց առատություն: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շրջեց տաղավարներով, ծանոթացավ ներկայացված արտադրատեսակներին: Մանկավարժականի ուսանողներն ազգագրական պարերի շարանով և ազգային երգով բարձրացրեցին ներկաների տրամադրությունը:
Նույն օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը այցելեց երկրի հարավային մասում գտնվաղ Մեխակավանի զորամաս: Շարահրապարակում կազմ-պատրաստ կանգնած զինվորները ջերմ ու բարեկամական ողջույնով ընդունեցին հյուր-ուսանողներին: Զինվորներին ուղղված հայրենասիրական խոսք ասաց գիտական գրադարանի տնօրեն, պահեստի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը: Ուսանողների մեծագույն մասի համար զինվորների շարային երթը սեփական աչքերով տեսնելու փաստը առաջինն էր: Դրան հաջորդեց զինվոր-ուսանող անջրպետի հաղթահարման գործընթացը: Պարախմբի տղաների կրակոտ, խրոխտ ու աղջիկների նազելի պարը պարահրապարակ կանչեց նաև զինվորներին: Երկկողմանի հուզմունք-սառնությունը հաղթահարվեց ու միասնական պարը շարունակվեց ու վերածվեց տոնախմբության: Ուսանողների բանակումը ավելի գործնական դարձավ զինվորական ճաշարանում, որտեղ նարանց մատուցվեց զինվորական ընթրիք: Ուսանողները դատարկաձեռն չէին եկել զորամաս. Զորամասի գրադարանին նվիրաբերվեց հայ դասականների և հայալեզու շուրջ 400 գեղարվեստական գիրք, քաղցրեղեն, ծխախոտ, սուրճ: Զորամասում ստացած տպավորությունները ուսանողները քննարկում էին թե ճանապարհին, թե Ստեփանակերտում: Նման միջոցառումը ոչ միայն բարձրացնում է ներկաների տրամադրությունը, այլև հայրենասիրություն ու մարտական ոգի է հաղորդում ուսանողներին, ինչն այսօր խիստ անհրաժեշտ է:
Այցի երրորդ օրը, Արցախի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում, խումբը այցելեց Արցախի պետական համալսարան: Հյուրերին ընդունեց համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը: Պատվիրակության անդամները եղան համալսարանի զբոսայգում և խոնարհվեցին Արցախյան երկու պատերազմների ընթացքում զոհված ուսանողների պատվին կառուցված հուշահամալիրում: Այնուհետև պատվիրակության անդամները եղան համալսարանի տարբեր կառույցներում՝ գիտական գրադարանում, որին նվիրեցին 2015-2016 թվականներին Մանկավարժական համալսարանի հրատարակած հանդեսներ, դասախոսների հրատարակած դասագրքեր, ձեռնարկներ, մենագրություններ /շուրջ 100 օրինակ/, հայագիտական կենտրոնում, հանդիսությունների դահլիճում: Վիտյա Յարամիշյանը նշեց, որ համալսարանը վերցրել է մանկավարժական ուղղություն և այդ եզրույթով խիստ կարևոր է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հետ կապը: Արմեն Թամազյանն իր հերթին արձանագրեց, որ խիստ կարևորում է երկու համալսարանների համագործակցությունը և այսուհետ ևս շարունակվելու են փոխայցելությունները, դասախոսական այցերը և ուսանողների փոխանակությունը:
Նույն օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը Արցախի հարավային դարպասով՝ Բերձոր-Գորիս մայրուղով վերադարձավ Երևան:
|