Երդվում եմ, Ուսուցչապե'տ
19.10.2012
Ապագա մանկավարժ Վարդուշ Ղազարյանը մանկավարժի ընտանքից է:Նրա համար
մեծ պատիվ է Մանկավարժական համալսարանի ուսանող լինելը: Ասում է, որ այլ
մասնագիտություն ընտրելու մասին չի էլ մտածել: Հուզված է. հենց նրան է վստահված ներկայացնել առաջին կուրսեցու երդումը:
«Երդվում
եմ, Ուսուցչապե'տ, քո անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ
ունկնդիր լինել դարերի կանչին,պահապանը դառնալ հայոց գիրուգրի: Այսօր մենք
հայոց վերքի և արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու,որ մենք
նորածնվել ու ապրում ենք կրկին»:
Ավանդույթի համաձայն` ամեն
տարի Քանաքեռում գտնվող Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի
տուն-թանգարանում Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողներն
հենց այսպես են երդվում` հավատարիմ մնալ այն կոչմանը, որին կամովի են
հավատարմագրվել:
Այս տարի շուրջ 1000 ուսանող զինվորագրվեց
այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը և որի վեհ
գաղափարներով մեր նախնիները հանուն լուսավոր ապագայի պայքարել են
խավարամտության դեմ:
Երդմնառության
արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Երևանի պետական
համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի դեկան, Գերաշնորհ Տեր Անուշավան
եպիսկոպոս Ժամկոչյանը ներկաներին փոխանցեց Ամեն Հայոց կաթողիկոս,
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնանքը:
Դիմելով առաջին
կուրսեցիներին` Սրբազանը նրանց հորդորեց լինել հայ դպրության լավագույն
մշակներն ու ժառանգները. «Դուք այսօր ուխտ պետք է անեք` դառնալով կրթության
գործի մեր զինվորները: Երկրում թևածող օտարածին հովերը փորձում են մեր
ժառանգներին պոկել իրենց արմատներից: Այսօրվա մանկավարժն իր ուսերին ծանր
խաչ է կրում. նա պետք է կրթի մի սերունդ, որը կկարողանա դիմակայել այդ
քամիներին»:
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բարի
երթ մաղթելով ուսանողներին, ասաց. «Մեր ժողովուրդը, հավերժացնելով Խաչատուր
Աբովյանի հիշատակը, նրա անունով կոչեց բազում քաղաքներ, գյուղեր, կրթական
հաստատություններ: Կարծում եմ ամենամեծ խորհուրդը Հայկական պետական
մանկավարժական համալսարանը մեծագույն
մանկավարժի, մեծ լուսավորչի անունով կոչելն է: Սա ևս մեկ անգամ ընդգծում
է, որ մեր համատեղ աշխատանքից է մեծապես կախված ազգային դպրոցի վաղը,
ժողովրդի ապագան»:
Ապագա մանկավարժներին ողջունեցին և
իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին նաև Դաշնային պետական գիտական
հաստատության Ռուսական կրթական ակադեմիայի «Շտկողական մանկավարժության
ինստիտուտ»-ի տնօրեն Նիկոլայ Մալոֆեևը, Մանկավարժական համալսարանի
Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը և Ուսանողական խորհրդի նախագահ
Վոլոդյա Գասպարյանը:
Մանկավարժական համալսարանի օտարեկրյա
գործընկեր Նիկոլայ Մալոֆեևն իր ուրախությունը հայտնեց հայկական մշակույթի
կենտրոններից մեկում լինելու և այս արարողության մասնակցելու համար:
Ակադեմիկոսը վստահ է` հզոր Հայաստան ունենալու և վաղվա ապագան
լուսավորելու համար մեծապես պատասխանատու է հենց այսօրվա մանկավարժը:
Երդմնառության հանդիսավոր արարողությանը հաջորդեց օրվա առթիվ կազմակերպված տոնական համերգը:
http://armspu.am/news/n/1227/ln/am