Կարոլ Մարչինկովսկու անվան բժշկական համալսարանից Մանկավարժական
01.11.2012
Օլիգոֆրենոմանկավարժություն և լոգոպեդիա բաժնի շրջանավարտ Աննա
Չարչյանը կրկին Մանկավարժականում է: Լեհ-ամերիկյան «Ազատության հիմնադրամի
Լեյն Կիրկլանդի անվան»
կրթաթոշակային ծրագրով Պոզնան քաղաքի Կարոլ Մարչինկովսկիի անվան բժշկական
համալսարանը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո նա վերադարձել է
հայրենիք և կրկին աշխատանքի անցել հարազատ բուհում: Լոգոպեդիայի
և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոսը պատկերային ներկայացման
միջոցով ծանոթացրեց կրթաթոշակային ծրագրի բնույթին, նպատակին, պայմաններին,
ուսուցման առավելություններին, ուսանողի պարտականություններին ու
իրավունքներին: Հատուկ մանկավարժը
ներկայացրեց Լեհաստանում ուսումնասիրած առարկաները, մեջբերեց հատվածներ
դասընթացներից: Նա խոսեց նաև հատուկ դպրոցներում, մանկապարտեզներում,
հոգեբանամանկավարժական հանձնաժողովներում անցկացրած պրակտիկայի մասին: Աննա
Չարչյանը կարևորեց կրթաթոշակային ծրագրերով արտասահմանում սովորելն ու
հորդորեց օգտվել նման հնարավորությունից`միայն թե Հայաստան վերադառնալու,
փորձն ու գիտելիքները մեր երկրում կիրառելու պարտադիր պայմանով: «Դիպլոմային
աշխատանքիս ղեկավար Կարոլ Մարչինկովսկիի անվան բժշկական համալսարանի
հանրային առողջության ամբիոնի վարիչ, դոկտոր տիկին Միրոսլավա
Ցիլկովսկա-Նովակը ուսանողների և դասախոսների փոխանակության ծրագրի
շրջանակներում ցանկություն է հայտնել համագործակցել Մանկավարժական
համալսարանի հետ: Համագործակցության սկիզբն արդեն դրվել է. դոկտոր Նովակն
այս տարվա հուլիս 27-ին մեր համալսարանում էր և հանդիպեց ռեկտոր Ռուբեն
Միրզախանյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ»,-armspu.am-ի հետ
զրույցում նշեց Աննան Չարչյանը: Վերջինիս հրավերով
պատկերային ներկայացումները դիտեցին նաև Հայկական Գիտական
Համագործակցության (ARMSCOOP) համահիմնադիր և համակարգող Արմեն
Մարտիրոսյանը և «ԼՈՆԴՈՆ ԱՅ» միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Գայանե
Եղիազարյանը: Հանդիպման ավարտին նրանք
ներկայացրին հայաստանյան և արտասահմանյան մի շարք երկրների
համալսարաններում գործող կրթաթոշակային ծրագրերը և այդ ծրագրերին դիմելու
կանոնակարգը: Նշենք, որ Աննա Չարչյանը տարբեր
ծրագրերով եղել է Եվրոպայի մի շարք երկրների կամավորական ծառայության
կամավոր, մասնակցել գիտաժողովների, որակավորման բարձրացման դասընթացների,
ստացել դիպլոմներ, սերտիֆիկատներ և վկայականներ: Ունի ինը տպագիր հոդված: http://armspu.am/news/n/1312/ln/am
|