ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
գիտական գրադարանում շարունակական աշխատանք է տարվում հայրենասիրական
դաստիարակության ուղղությամբ: Ներկայացվում են հայ ժողովրդի կյանքում դարակազմիկ անձերի կենսագրությունները, պրոպագանդվում են նրանց նվիրված գրքերը: Հերթական ցուցադրությունը նվիրված է ֆիդայական շարժման վերջին առաջնորդ Անդրանիկ Զորավարին:
՛՛Անդրանիկ Զորավար. 25.02.1865՛՛ ցուցահանդեսում ներկայացված են Հրաչիկ
Սիմոնյանի ՛՛Անդրանիկի ժամանակը՛՛ երկհատորյակը, Համբարձում Կարապետյանի
՛՛Անդրանիկ՛՛ եռահատորյակը, Ծատուր Աղայանի ՛՛Անդրանիկը և իր ժամանակը՛՛
/ռուսերեն/, Գեղամ Ղարիբջանյանի ՛՛Ժողովրդական հերոս Անդրանիկ՛՛ /ռուսերեն/
և այլ մենագրություններ: Ներկայացված են Հայաստանի Հանրագիտարանի 13, 4, 2
հատորանոց հրատարակությունների, Տիգրան ՊետրոսՅանցի ՛՛1000 հայազգի
գեներալներ, ծովակալներ՛՛, ՛՛200 հայ զորավարներ՛՛ հանրագիտարանների
Անդրանիկ Օզանյանին նվիրված հոդվածները: Ցուցադրության են դրված Անդրանիկ
Զորավարի ՛՛Մարտական հրահանգներ՛՛, ՛՛Առաքելոց վանքի կռիվը՛՛ գրքերը:
Ցուցահանդեսի կարևորագույն տարրերից են 1916 թ-ի փետրվարի 26-ին Թիֆլիսից
Անդրանիկ Զորավարին գրված ՀՅԴ կուսակցության հայտնի գործիչ Խաչատուր
Կարճիկյանի նամակի բնագիրը, հայ մեծագույն հայրենասեր-բանաստեղծ Հովհաննես
Շիրազի 1962 թ-ին գրած ՛՛Ելավ Անդրանիկ...՛՛ բառերով սկսվող և 1963 թ-ին
գրած ՛՛Անդրանիկի սուրը՛՛ բանաստեղծությունների բնագրերը, 1962 թ-ին
Անդրանիկի մասին հայ մեծագույն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի կարծիքի
բնագիրը /պատկանում են Տիգրան ՊետրոսՅանցին/:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
ՀԳ. Մի փոքրիկ հուշ հայ ազգի երկու մեծերի մասին: Ամենայն Հայոց բանաստեղծ
Հովհաննես Թումանյանի հարկի տակ քեֆի սեղան է: Հյուրերից մեկը Անդրանիկ
Զորավարն է: Մեծ բանաստեղծը բաժակ է բարձրացնում ի պատիվ Անդրանիկի և
ասում. ՛՛20 տարի առաջ Հայաստանում կար երկու հայտնի բան՝ Խրիմյան Հայրիկը և
իմ ՛՛Շունն ու կատուն՛՛: Անցել է 20 տարի և Հայաստանում դարձյալ կա երկու
հայտնի բան՝ Անդրանիկը և իմ ՛՛Շունն ու կատուն՛՛: Խմենք այդ հայտնիներից
մեկի՝ Անդրանիկի կենացը: Անդրանիկը ցնծության մեջ է և ձայն առնելով՝ ասում
է. ՛՛Կանցնեն տարիներ, չեն լինի ոչ Թումանյանը, ոչ Անդրանիկը, կմնա միայն
Հովհաննես Թումանյանի ՛՛Շունն ու կատուն՛՛, խմենք ՛՛Շունն ու կատուն՛՛
գրողի կենացը:
– 02/21/2014Posted in: Այլեւայլ, Հայաստան
Խաչատուր Աբովեանի անուան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի
Գիտական գրադարանի այցելուները Փետրուար 21-էն սկսեալ` ամբողջ մէկ շաբաթ
ականատես պիտի ըլլան յոբելինական հերթական ցուցադրութեան: Զօրավար
Անդրանիկի ծննդեան տարեդարձին ընդառաջ` համալսարանի ցուցափեղկերուն մէջ
յայտնուած են բազմաթիւ գիրքեր, մենագրութիւններ, տարբեր տարիներու
հրատարակութիւններ: Այս մասին կը հաղորդէ Armenpress.am-ը՝ վկայակոչելով
ՀՊՄՀ պաշտօնական կայքը:
Ցուցահանդէսի կարեւորագոյն մասը կը կազմեն 1916 թուականի Փետրուար 26-ին
ՀՅԴ կուսակցութեան յայտնի գործիչ Խաչատուր Կարճիկեանի` Թիֆլիսէն զօրավար
Անդրանիկին գրուած նամակի բնագիրը, բանաստեղծ Յովհաննէս Շիրազի` "Ելաւ
Անդրանիկ…” եւ "Անդրանիկի սուրը” բանաստեղծութիւններու, ինչպէս նաեւ
Անդրանիկի մասին հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարեանի կարծիքի
բնագիրները:
Գրադարանի տնօրէն Տիգրան Պետրոսեանցի կարծիքով` նման ցուցադրութիւնները
կարեւոր են երիտասարդներու` յատկապէս ապագայ մանկավարժներու համար.
"Վաղուայ սերունդներին կրթող մանկավարժները պէտք է յստակ իմանան իրենց
անկախութիւնն ու պատմութիւնը կերտող ազգային գործիչներին. դա
հայրենասիրութեամբ դաստիարակուելու արդիւնաւէտ միջոց է”,- ըսած է ան:
Գրադարանի տնօրէնը նկատած է, որ թէեւ ցուցադրութեան առաջին օրն է, սակայն այցելուներու պակաս չզգացուիր:
Անդրանիկ Թորոսի Օզանեան ծնած է 1865 թուականի Փետրուար 25-ին, Արեւմտեան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքին մէջ:
http://www.yerakouyn.com
http://armenpress.am |