ՊԱՐԳԵՎ՝ ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Երբեք մտքովս չէր անցնի, որ դասերին պատրաստվելու, գիրք կարդալու համար կարժանանամ լավագույն ընթերցողի կոչման: Հաճախում էի բուհի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահ: Եվ անցած տարվա տարեվերջին իմացա, որ ամփոփվել են տարվա արդյունքները և այլ ֆակուլտետների լավ ընթերցողների թվում ես էլ դարձել եմ ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի լավագույն ընթերցող: Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ արդյունքների ամփոփումը և ես, մյուսների թվում, ստացա վկայական, նվեր-գրքեր և բազում շնորհավորանքներ: Անցավ որոշ ժամանակ և զանգ ստացա ու ինձ ասացին, որ ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի հրամանով, որպես պարգևատրում, այլ ուսանողների հետ մեկնելու եմ Աղավնաձորի մարզաբազա՝ հանգստանալու: Փետրվարի 4-ին համալսարանից ուղևորվեցինք Աղավնաձոր: Հետաքրքիր ու բովանդակալից օրեր էին, հագեցած մարզական խաղերով, հումորային ծրագրերով, ֆիլմերի դիտումներով, ծննդյան օրերի նշումներով, ծանոթություններով: Լավագույնս անցան շաշկու, շախմատի, սեղանի թենիսի, նարդու, բիլիարդի
մրցումները: Ես մասնակցեցի շաշկու առաջնությանը և գրավեցի 2-րդ տեղը և
արժանացա պատվոգրի: Համալսարանի տաս ֆակուլտետների ուսանողներով և լավագույն ընթերցողների տասնյակով ապրեցինք մեր ուսանողական կյանքի լավագույն օրերը Աղավնաձորում: Փետրվարի 8-ին վերադարձանք Երևան: Տխրեցինք, որ բաժանվում էինք նոր ընկերներից, բայց ուրախ էինք, որ մեզ կոլեկտիվ հանգստի նման հնարավորություն էր ընձեռվել: Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի ղեկավարությանը իմ և մյուս 12 լավագույն ընթերցողների կողմից նման բարձրակարգ հանգիստ կազմակերպելու համար:
Անի Այվազյան Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող
|