ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԵՐԴՎԵՑԻՆ ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Խ.
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) առաջին
կուրսեցիների երդման ավանդական արարողությունը տեղի ունեցավ երեկ Խ.
Աբովյանի տուն թանգարանում: Ականավոր գրողի տուն-թանգարանում մանկավարժական
համալսարանի առաջին կուրսեցիների երդման արարողությունը շուրջ 40 տարվա
պատմություն ունի: Երեկ հանդիսավոր արարողության ժամանակ երդվեցին առաջին
կուրս ընդունված ապագա մանկավարժները: Նրանց շնորհավորեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը
, որը ուսանողներին փոխանցեց նաեւ Վեհափառ հայրապետի օրհնությունը: «Մեր
փափագն է, որ հավատարիմ մնաք ձեր երդմանն ու արժանի լինեք ձեր փափագին:
Կրկին ընդունեք Վեհափառ հայրապետի շնորհավորանքները», ասաց Անուշավան
սրբազանը: Ապագա մանկավարժներին շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց նաեւ
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը : «Մեծ ուրախության օր է այսօր:
Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող համալսարանական ընտանիքն
ավելացել է 1440 անդամներով: Լինենք հպարտ եւ պատասխանատու այն մեծ գործերի
համար, որոնք սպասում են մեզ, քանզի մեր համատեղ աշխատանքի հաջողությամբ է
պայմանավորված վաղվա ազգային դպրոցի հաջողությունը», ասաց Ռուբեն
Միրզախանյանը: Ռեկտորի փոխանցմամբ` Մանկավարժական համալսարանը վերջին
տարիներին մեծ հաջողությունների է հասել: ՀՊՄՀ-ն ուսանողների թվաքանակով
այսօր երկրորդն է Հայաստանում: «Մանկավարժական համալսարանն ունի ավելի քան
15 հազար ուսանող, ինչը արդյունքն է այն հետեւողական ու որոշակի աշխատանքի,
որն իրականացրել է համալսարանի դասախոսական կազմը` գլխավորությամբ մեծարգո
պրոֆեսոր Արտյուշա Ղուկասյանի: Ցանկանանք նրան առողջություն եւ այսօր` այս
հանդիսավոր օրը հավաստիացնենք, որ ամեն դրականն ունենալու է իր հետագա
զարգացումը», ասաց Ռուբեն Միրզախանյանը: Առաջին
կուրսեցիների համար ՀՊՄՀ-ի ավելի բարձր կուրսերի ուսանողները համերգային
ծրագիր էին պատրաստել: Առաջին կուրսեցիներին շնորհավորելու էր եկել նաեւ
Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը , որը հանդես եկավ երաժշտական փոքրիկ կատարումով: Առաջին
կուրսեցիներից շատերն առաջին անգամ էին Խ. Աբովյանի տուն-թանգարանում եւ
մեծ ոգեւորությամբ նրանք շրջեցին սրահներում: Օտար լեզուների ֆակուլտետի
առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Խաչատրյանը , ճիշտ է, մի ամիս է
ինչ սովորում է ՀՊՄՀ-ում, բայց շտապում է հայտնել իր գուհունակությունը.
«Վստահ եմ` մեր դասախոսների շնորհիվ անպայման լավ մանկավարժ կդառնամ»: Մերի Հակոբյանն
էլ սովորում է կուլտուրայի ֆակուլտետում, հեռուստառեժիսուրայի բաժնի
առաջին կուրսի ուսանողուհի է: «Շատ եմ սիրում իմ ընտրած մասնագիտությունը,
որը թույլ է տալիս հասնել անգամ հոլիվուդյան աստիճանի: Քիչ տեղերում կարող
ենք հեռուստառեժիսուրա սովորել, եւ կուլտուրայի ֆակուլտետն այդ քիչ տեղերից
մեկն է», ասաց Մերին: Երեկ առաջին կուրսեցիներին շնորհավորեց նաեւ ԱԺ պատգամավոր, մանկավարժական համալսարանի շրջանավարտ Էդուարդ Շարմազանովը
. «Այսօր շատ կարեւոր օր է ոչ միայն համալսարանի, այլեւ մեր
հանրապետության համար, քանի որ 1000-ից ավելի աշակերտներ դարձան ապագա
մանկավարժներ: Նրանք ընտրեցին մի մասնագիտություն, որը մասնագիտությունների
հիմքն է»: Խ. Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանը մեր հանրապետության ամենահին կրթօջախներից է:
Հիմնադրվել է 1922 թվականին, 2012-ին համալսարանը կնշի իր 90-ամյակը:
Համալսարանի գերխնդիրը հանրակրթական դպրոցների համար բարձրորակ ուսուցիչներ
պատրաստելն է: Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը
նշեց, որ տուն-թանգարանում մանկավարժական համալսարանի ուսանողների երդման
արարողությունն արդեն ավանդական է դարձել, այդ ավանդույթը փոխանցվել է
նաեւ դպրոցներին: «Բազմաթիվ դպրոցների այբբենարաններն այստեղ են
բաժանվում», նշեց Հ. Զատիկյանը: Վերջինս նաեւ դասախոսում է ՀՊՄՀ-ում, նրա
փոխանցմամբ` Խ. Աբովյանի տուն-թանգարանն ու Մանկավարժական համալսարանը ջերմ
հարաբերությունների մեջ են: «Մանկավարժական համալսարանը ֆինանսապես
օժանդակում է մեզ», հավելեց Հովհաննես Զատիկյանը: |