ԳԻՐՔԸ՝ ՈՒՍԱՆՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ
Դրանք գրադարաններում «չեն հանգրվանում»
Մեկ
այստեղ, մեկ այնտեղ, մեկ այս ուսանողի ձեռքին, մեկ՝ այն։ Այդպիսին է
գրքերի «կյանքը», մասնավորապես, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական
մանկավարժական համալսարանում։ Դա էլ հիմք հանդիսացավ առանձնացնելու 100—ից
ավելի գիրք ընթերցած ուսանողներին։ Արդյունքում մանկավարժական համալսարանի
11 ուսանողներ դարձան երեկվա հերոսները։ Նրանք ընթերցողների շարքում
ամենաբարձր ցուցանիշներն էին արձանագրել։ «Տարին ամփոփելու ժամանակ մեր
մեջ միտք հղացավ առանձնացնել այն ուսանողներին, ովքեր 100—ից ավելի գիրք են
կարդացել։ Հարյուրավորների շարքից մենք ընտրեցինք ամենաբարձր ցուցանիշներն
արձանագրածներին։ Մեր 10 ֆակուլտետներից, նաեւ զինվորական հոգեբանություն
բաժնից ընտրվեց մեկական այդպիսի ուսանող»,–երեկ «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց
Երեւանի մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան
Պետրոսյանցը։ Երեկ լավագույն ընթերցողները՝ հպարտության զգացումն
աչքերում, իրենց խրախուսական պարգեւներն ստացան բուհի կողմից. գրքերի
կապոց, վկայական եւ էլեկտրոնային ընթերցասրահի քարտ։ Սակայն դա ամբողջը
չէր։ 100—ից ավելի գիրք ուսումնասիրելուց հետո նրանց հանգիստ է անհրաժեշտ։
Այդ փաստը հաշվի առնելով՝ բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը առաջարկեց
բուհի հաշվին հանգիստն անցկացնել Աղավնաձորում։ «Մյուս տարի արդեն կընտրվի լավագույններից լավագույնը եւ հաղթողը, որպես մրցանակ, կստանա Ֆրանսիայի ուղեգիր»,–հավաստիացրեց նա։ Օրը հատկանշական էր հատկապես բուհի նախկին շրջանավարտների համար։ Նրանք հիշել էին իրենց ուսանողական տարիներն ու երիտասարդությունը։ ՀՀ
պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Պետրոսյանը ներկաների հետ «կիսվելով»՝
հուզված ձայնով ասաց, թե նախքան դահլիճ մտնելը շրջել է միջանցքներում,
լսարաններում, նույնիսկ շոշափել է պատերը՝ մեկ առ մեկ հիշելով անցած—գնացած
օրերը. «Մանկավարժական բառը լսելիս ես երիտասարդանում եմ»։ Բուհը նրանց
հիշողություններն ու երիտասարդանալու պահերը որոշեց երկարացնել՝ հանձնելով
«Պատվավոր ընթերցող» էլեկտրոնային գրադարանի այցելության քարտեր։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ ,,Հայաստանի Հանրապետություն,, 2010 թ., 23 դեկտեմբերի, թիվ 241, էջ 4 |