Յունիսի 6-ից Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում արեւմտահայ հանրակրթական առարկաներից
վերապատրաստւում են Երեւանի տարբեր համայքների 24 ուսուցիչներ:
Յունիսի 20-ին
նրանց հիւրն էր ՀՀ Սփիւռքի Նախարար Հրանուշ Յակոբեանը, ով հանդէս եկաւ
բանախօսութեամբ: Նախարարը, նախ, ներկայացրեց իր գլխաւորած գերատեսչութեան
կառուցուածքը, գործառոյթներն ու Սփիւռքի առանձնայատկութիւնների հետ կապուած այն
էատարրերը, որոնք բազմաբնոյթ են դարձնում նախարարութեան աշխատանքը միւս կառոյցների
հետ պարզ համեմատութեամբ: Նա խօսեց նաեւ Հայաստան-Սփիւռք բազամաշերտ
յարաբերութիւնների մասին, սփիւռքահայի ինքնութեան պահպանութեան հիմնախնդիրների
շուրջ: Սփիւռքի Նախարարութեան գործունէութեան հիմնական թիրախը Սփիւռքն է, իսկ
հայաստանեան կառոյցների հետ աշխատանքը պայմանաւորուած է Հայաստան-Սփիւռք
յարաբերութիւններում նրանց ունեցած դերակատարութեամբ: Այդ առումով իրենք
արդիւնաւէտօրէն համագործակցում են ոչ միայն Խ. Աբովեանի ան. Հայկական Պետական
Մանկավարժական Համալսարանի, նրա կազմում գործող «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի,
այլեւ Պետական Համալսարանի հետ, որտեղ բացուել է Սփիւռքագիտութեան ամբիոն: Սերտ են
կապերը ՀՀ ԳԱԱ համակարգի տարբեր ինստիտուտների, «Նորավանք» հիմնադրամի հետ: Բաւական
է ասել, որ վերջերս Սփիւռքի բաժիններ են բացուել Ակադեմիայի Գրականութեան եւ
Արուեստի ինստիտուտներում:
Տկն. Յակոբեանը գտնում է, որ «Սփիւռք» Կենտրոնի հետ
իրենց առաջին հերթին կապում է այսօր արեւմտահայի ինքնութեան պահպանութեան խոր
գիտակցութիւնը: Իսկ ինքնութեան գլխաւոր ցուցիչը լեզուն է` ի մասնաւորի
արեւմտահայերէնը: Այստեղ հայրենի ուսուցիչների ուսերին պատասխանատուութեան բաժին
կայ: Նախարարը ցաւով է նկատում, որ մենք, հակուած սովորելու ամենատարբեր լեզուներ,
երբ հերթը հասնում է արեւմտահայ լեզուին եւ գրականութեանը, դժուարութիւնների առաջ
ենք կանգնում: Մի՞թէ այդքան բարդ է իւրացնել երկու լեզուական հատուածների
բառապաշարային հիմնական տարբերութիւնները, մի՞թէ այդքան դժուար է մտապահել դասական
ուղղագրական որոշակի կանոնները: «Մեր լեզուն այսօր երկփեղկուած է, ու ցաւօք
արեւմտահայերէնը կորցնում է իր դիրքերը. բայց չէ՞ որ լեզուն ազգային արժէք է, ու
մենք այն կորցնելու իրաւունք չունենք: Այսօր հակասական կարծիքներ են հնչում. որպէս
մտաւորական՝ գտնում եմ, որ ե´ւ արևմտահայերէնը, ե´ւ արեւելահայերէնը պիտի
պահպանենք: Այսօր ուսուցիչները թէ´ Սփիռքում, թէ´ Հայաստանում առաքելութիւն ունեն
արեւմտահայ կրթական եւ գրամշակութային համակարգի պաշտպանութեան ճանապարհին»,-
արդարամտօրէն եզրայանգեց Սփիւռքի Նախարարը:
Նրա հետ երկխօսելու բացառիկ
հնարաւորութիւն ունեցան Երեւանի ուսուցիչները, որոնց հիմնական մտահոգութիւնը այն
էր, որ իրենց նոր ստացած գիտելիքները իրացնելու հնարաւորութիւն այնքան էլ կարծես
չունեն, դպրոցներում բաւարար ժամաքանակ չի յատկացւում հայագիտական առարկաներին առ
հասարակ: Նախարարը սկզբի համար խորհուրդ տուեց խմբակներ կազմակերպել եւ
ստեղծագործական մօտեցում ցուցաբերել: Իսկ արեւմտահայերէնի ուսուցմամբ կրթահամալիր
ունենալու անհրաժեշտութիւն տեսնող ուսուցչուհուն` Սուսան Ուռումեանին, Նախարարը
առաջարկում է ծրագիր կազմել ու ներկայացնել նախարարութիւն: Ինքն անձամբ ընթացք կը
տայ:
Նկարներն ըստ Սփիւռքի Նախարարութեան www.hayernaysor.am կայքի
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ՊՐՕՖ. ՌՈՒԲԷՆ ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆ. «ՄԻԱՍԻՆ ՓՆՏՌԵՆՔ ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ»
21
Հունիս 2011
Նոյն օրը վերապատրաստուող
ուսուցիչների հետ հանդիպեց նաեւ Մանկավարժական Համալսարանի ռեկտոր Պրօֆ.
Ռուբէն Միրզախանեանը: Իբրեւ կրթութեան ոլորտի պատասխանատուի` նրան ուղղուած
ուսուցիչների մտահոգութիւններն աւելի առարկայական էին. արդեօք հնարաւոր
չէ՞ բանասիրական բաժանմունքում աւելացնել արեւմտահայերէնի դասաժամերը, որի
համամասնութիւնը արեւելահայերէնի հետ խախտուած է: Իր պատասխանում ռեկտորն
ընդգծեց, թէ այսօր մասնագէտների աղքատիկ ցանկ ունենք ոչ միայն լեզուի,
այլեւ գրականութեան ու պատմութեան ցանկում: Սփիւռքում էլ վիճակն առանձնապէս
մխիթարական չէ: Այսօր մեր պետութիւնը խնդիրների լուծման ռազմավարական
ուղիներ է փնտռում` կապուած Սփիւռքի համար արեւմտահայ ուսուցիչներ
պատրաստելու հետ: Որ այդ գործառոյթները պիտի իրականացնի մանկավարժական
համալսարանը, գիտակցում է նաեւ ինքը` ռեկտորը, բայց կազմակերպական
խնդիրները, ծրագրերի կազմումը, մասնագէտների ցանկը եւ յատկապէս ֆինանսական
աղբիւրները դեռեւս յստակեցման կարիք ունեն: