ՀՊՄՀ գրադարանում բացվեց
ՄԱԿ-ի անկյունն ու նշվեց իսպաներենի օրը
11.10.2012
Այսուհետ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն
ու ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ ՄԱԿ-ի
գործունեությանը, արժեքներին և Հայաստանում կազմակերպության ծավալած աշխատանքներին: Մանկավարժական
համալսարանի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատության վարչության միջև կնքվեց
համագործակցության ծրագիր. բուհի գիտական գրադարանի հումանիտար ընթերցասրահում բացվեց ՄԱԿ-ի անկյունը,
որտեղ ներկայացված են ՄԱԿ-ի ավելի քան հարյուր անուն հրատարակություններ և
մուլտիմեդիա նյութեր: «Մենք բարձր ենք գնահատում մեր
համագործակցությունը և ուրախ ենք համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Այն կօգնի երիտասարդներին ներգրավվել ՄԱԿ-ի աշխատանքներում և զարգանալ
կայուն»,- նշեց համալսարանի գիտության և հետբուհական կրթության գծով
պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանը: Վերջինս
վստահ է` համագործակցությունը հնարավորություն կտա կազմակերպել
բանախոսություններ, հետազոտություններ և ծավալել համագործակցային ծրագրեր
եվրոպական արժեքների ամրապնդման ուղղությամբ: ՄԱԿ-ի
հանրային տեղեկատության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն
վստահեցրեց`իսպաներեն լեզվի իմացությունը հայերի համար նոր սահման կբացի
դեպի իսպանալեզու մշակույթ` օգնելով նրանց լինել աշխարհի քաղաքացիներ.«Մենք
ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ այն լեզուները, որոնցով խոսում
ենք, կարդում կամ գրում, ներգործում են մեր մտածողության և գործելակերպի
վրա: Դրանք օգնում են առավել կարևորել ՄԱԿ-ի բազմալեզվությունն իր
բազմաբարդ օրակարգի իրականացման` խաղաղության, բազմազանության և
միջմշակութային երկխոսության խթանման հարցում»: Պաշտոնական
մասին հաջորդեց ՄԱԿ-ի վեց լեզուներից մեկին`իսպաներենին նվիրված
միջոցառումը, որին ներկա էին Հայաստանում Արգենտինայի հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարեզ Ռիվերան, ՄԱԿ-ի
հայաստանյան գրասենյակի աշխատակիցները, միջազգային կազմակերպության
ներկայացուցիչները, ուսանողներ և դասախոսներ: Ներկաներին
ողջունեցին ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, մանկավարժական
գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարեն Հայրյանն ու Ռոմանական
լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Դոնարա Ղազարյանը: Արգենտինայի
դեսպանը, խոսելով ՄԱԿ-ի օրակարգի իրականացման հարցում իսպաներենի ներդրման
մասին, հորդորեց երիտասարդներին սերտել այդ լեզուն: Իսպանիայի
ազգային օրվա և իսպանալեզու մշակույթի տրամադրությամբ համերգային
հատվածում հանդիսատեսը վայելեց իսպանական հոգևոր երաժշտություն, պարեր և
ֆլամենկո: Նշենք, որ «ՄԱԿ-ում լեզուների օրեր»
նախաձեռնությունը Հայաստանում նշվում է 2010 թվականից, որը նպատակ ունի
խթանել լեզվական և մշակութային բազմազանությունը:
|